ՀՍՀ/ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ
ԳԵՎՈՐԳ Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (Քերեստեճյան Գրիգոր Պետրոսի) (5.7.1813, Կ. Պոլիս — 6.12.1882, Էջմիածին), եկեղեցական հասարակական գործիչ, Ամենայն հայոց կաթողիկոս (1866-ից): Սովորել է Կ. Պոլսի ժառանգավորաց վարժարանում: 1835-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վարդապետ, 1848-ին` եպիսկոպոս: 1844-ին դարձել է արևմտահայ Բրուսայի թեմի հոգևոր առաջնորդ: 1858-ի հոկտ. 17-ին ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք, մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը, սակայն հետո դեմ է դուրս եկել սահմանադրությանը և հրաժարական տվել 1860-ի ապրիլի 21-ին: 1861-ի հոկտեմբերից կրկին Բրուսայի թեմի առաջնորդն էր: 1866-ին ընտրվել է կաթողիկոս: Գ. ըմբռնելով ժող. կրթության խնդիրները` ձեռնամուխ է եղել արևելահայ դպրոցական գործի կարգավորմանը: 1867-ին ստեղծել է Ուսումնական հանձնաժողով (որը հրատարակեց ծխական դպրոցների առաջին կանոնները), 1873-ին` թեմերի դպրոցական տեսչություն: Գ-ի ջանքերի շնորհիվ ձախողվեց հայկ. դպրոցների նկատմամբ վարչական խիստ հսկողություն սահմանելու ցարական կառավարության մտադրությունը: 1874-ին հիմնել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Կազմակերպել է «Արարատ» ամսագրի հրատարակումը (1868-ից), Էջմիածնի թանգարանը, կարգավորել վանքի տպարանն ու մատենադարանը: 1879 ին կառուցել է Օշականի եկեղեցին (Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա): Լինելով լավ շարականագետ` Գ. միակերպություն և կանոնավորություն է մտցրել հոգևոր երաժշտության մեջ, Կ.Պաղտատլյանի ու Ն. Թաշչյանի օգնությամբ կազմակերպել հայկ. ձայնագրության նոր (Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը, հոգևոր երգերի ժողովածուների` Շարակնոցի, Պատարագի, ժամագրքի պաշտոնական վավերացումն ու հրատարակությունը: Հայ հոգևոր երգարվեստի ուշ միջնադարին վերաբերող կարգավորության հարցերում նա տրամաբանական ավարտի է հասցրել Մովսես Սյունեցու սկսած և Սիմեոն Երևանցու շարունակած գործը, կարգի գցել երգեցողության դրվածքը ազգային դպրոցներում: Գ. փորձել է վերացնել Սսի և Աղթամարի կաթողիկոսությունները, բայց հանդիպել է արևմտահայ հոգևոր շրջանների դիմադրությանը: Դեմ էր 1877—78-ի ռուս-թուրք. պատերազմից հետո հայերի գաղթին Անդրկովկաս` պատճառաբանելով, որ պետք չէ դատարկել հայաբնակ վայրերը: Հայկական հարցի և արտաքին քաղ. խնդիրների նկատմամբ պասիվ դիրք ուներ, որի համար քննադատվել է ժամանակակիցների կողմից:
Գրկ. Աբեղյան Մ., Գևորգ Դ Մեծագործ կաթողիկոս ամենայն հայոց, Վաղպատ, 1899: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, մաս 2, Բեյրութ, 1961: Վ. Երկանյան, Ն.Թահմիզյան
