ՀՍՀ/ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ
ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ (Ղազարյան Գևորգ Արոյի, 1870 կամ 1871 — 1907), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: Ծնվել է Սասունի Բսանաց գավառի Մըկթենք գյուղում: 1886—1888-ին սովորել է Մշո Առաքելոց վանքի դպրոցում: Եղել է Հալեպում, որտեղից վերադարձել է 1890-ին և միացել Համբարձում Պոյաջյանի մարտական խմբին: Մասնակցել է Սասունի 1891—93-ի ինքնապաշտպանական կռիվներին և 1894-ի հերոսամարտին: Ձերբակալվել է թուրք, իշխանությունների կողմից և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: 20 ամիս հետո նրան հաջողվել է փախչել Սասուն: 1896-ին ծանոթացել է Անդրանիկի հետ, զինակցել նրան: Մասնակցել է Բերդակի և Առաքելոց վանքի կռիվներին (1901), 1904-ի Սասունի ապստամբությանը, ղեկավարել Իշխանաձորի ու Տալվորիկի կռիվներին: Գ.Չ-ի մարտական խումբը Կարսում. (Բիթլիսի վիլայեթ), Աստղում, Արքավանքում և այլուր ընդհարվել է թուրք. գերազանց ուժերի հետ: 1907-ի մայիսի 27-ին, Մշո դաշտի Սոլուխ գյուղում թուրք. զորքերին հաջողվեց շրջապատել Գ. Չ-ին իր ընկերներով. սկսված անհավասար մարտում նա զոհվեց: Հ. Մուրադյան
