ՀՍՀ/ԳԵՎՈՐԳ ՉՈՐԵՔՉՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ՉՈՐԵՔՉՅԱՆ (2.12.1868.Նոր Նախիջևան 9.5.1954, Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս (1945—541, ազգային-հասարակական գործիչ: 1879 — 1889-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1889—94-ին` Լայպցիգի համալսարանում (փիլիսոփայության ու աստվածաբանության ֆակուլտետներ) և կոնսերվատորիայում: 1913-ին ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Նոր Նախիջևանի առաջնորդական փոխանորդ: 1915-ի հայկ. կոտորածներից Փրկված գաղթականների Եղբայրական օգնության կոմիտեի անդամ էր, իսկ 1916-ից` կոմիտեի նախագահ: 1917-ին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1922—27-ին եղել է Թիֆլիսի թեմի առաջնորդ, 1927-ից` Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, 1941-ից` կաթողիկոսական տեղապահ, 1945-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Գ. կարևոր խնդիր է համարել մայր հայրենիքի և սփյուռքահայության կապի ամրապնդումը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա հորդորներով սփյուռքահայությունը նվիրատվություններով մասնակցեց «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծմանը: Գնահատելի է նրա ավանդը տարագիր հայության հայրենադարձության (1946—48) կազմակերպման, ինչպես նաև սփյուռքի եկեղեցական և ազգային միասնության ապահովման գործում: Եռանդուն մասնակցություն է ունեցել ետպատերազմյան խաղաղության պաշտպանության շարժմանը: Նրա կաթողիկոսության օրոք վերաբացվեցին Էջմիածնի հոգևոր ճեմարանը, տպարանը, սկսեց հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը: Գ. գրել է քարոզներ, կոնդակներ, հոգևոր երգեր: Փ. Անթաբյան
