Jump to content

ՀՍՀ/ԳԵՎՈՐԳ ՍԿԵՎՌԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՎՈՐԳ ՍԿԵՎՌԱՑԻ (Լամբրոնացի, Ասեցի, XIII դ., Կիլիկիայի Լամբրոն բերդաքաղաք — 1301), հայ լեզվաբան, մատենագիր, երաժիշտ-տեսաբան: Նախնական կրթությունն ստացել է մորեղբոր` Գրիգոր Սկևռացու, ապա` Բջնիի Գրիգոր արքեպիսկոպոսի մոտ: Քերականության մեջ խորանալու համար մեկնել է Վիրապ միաբանություն և աշակերտել Վարղան Արևելցուն: Վերադառնալով Սկևռա վանքը` զբաղվել է գրչության արվեստով: Նրա ընդօրինակած մատյաններն օժտված են գրչության արվեստի բարձր կուլտուրայով: Գրել է բանաստեղծություններ («Գեորգ պատանին է գրեաց», աքրոստիկոս), մեկնություններ («Համառօտ մեկնութիւնն Գործոց Առաքելոց», «Մեկնութիլն Եսայեայ» ևն): Լեզվաբանության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Գ-ի լեզվաբանական երեք աշխատությունները («խրատ վասն հանգամանաց հեգից…», «խրատք վասն առոգանութեանցն», «Խրատք յաղագս գրչութեան արուեստի»), ուր նա քննել է հայերենի վանկատության, ուղղագրության, կետադրության, հնչյունակազմի հարցերը, սահմանել կանոններ: Գ. հորինել է գանձեր, որոնցից մի քանիսը ձեռագրերում հանդիպում են որպես տաղեր: Հավանաբար XIII դ. վերջին քառորդում հատուկ զբաղվել է Գրիգոր խուլի խմբագրած Շարակնոցով: Գործնականում մշակելով առոգանության խագանշանների երաժշտական կիրառության կատարելագործված սկզբունքներ` նոր մակարդակի է բարձրացրել միջնադարյան երաժշտածիսական երգարանների արվեստը:

Գրկ. Զարբհանալյան Գ., Պատմություն հայ հին դպրության, Վնտ., 1932: Տահուկյան Գ., Քերականական և ուղղագրական Աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում (V—XV դդ.), Ե., 1954: Խաչերյան Լ., «Գրչության արվեստի» Լեզվական-քերականական տեսությունը միջնադարյան Հայաստանում, Ե., 1962: Թահմիզյ ա ն Ն., Հիմնական խազերի միակցությունը, «PIT», 1969, 9: Ն. Թահմիզյան, խ. Կարադեչյան