Jump to content

ՀՍՀ/ԳԵՏՆԱԵԼԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՏՆԱԵԼԱԿ (Fragaria), վարդազգիների ընտանիքի բազմամյա, խոտանման բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 50 (այլ տվյալ ներով 30—35) տեսակ: ՍՍՀՄ-ում տարածված է վայրի Գ-ի 6 տեսակ, որոնցից են Գ. (F. vesca), եչակը (F. moschata), կանաչ Գ. (F. viridas), արևելյան Գ. (F. orientalis), բուխարական Գ. (F. buchari-ca), հարթավայրային Գ. (F. campestris): Մշակվում է գլխավորապես այգու Գ. (F. ananassa): Աշխարհում հայտնի են Գ-ի 2000-ից ավելի սորտեր: ՀՍՍՀ-ում վայրի Գ. տարածված է անտառային շրջաններում: Գ-ի սորտերը Հայաստանում մշակության մեջ հայտնի են XIX դարի II կեսերից սկսած, գլխավորապես Երևանի շրջակայքի տնամերձ այգիներում: 1930—35-ից մշակվում է ՀՍՍՀ համարյա բոլոր շրջաններում: Գ. 40—50 սմ բարձրությամբ թուփ է: Տերևները եռամասն են, ծաղիկները` հիմնականում երկսեռ, սպիտակ, բաց վարդագույն կամ մուգ կարմիր գույնի` հավաքված ողկուզաձև կամ վահանաձև ծաղկաբույլի մեջ: Պտուղները հատապտուղ են: Սերմերը դասավորված են պտղի վրա մեծ քանակությամբ: Պտուղները հասունանում են ծաղկումից մեկ ամիս անց, հասունացումը տևում է 15—20 օր: Բուրավետ են, օգտագործվում են թարմ, վերամշակված վիճակում (մուրաբա, օշարակ, ջեմ, հյութ են): Գ. բազմանում է սերմերով և բեղիկներով` վերերկրյա փռվող ընձյուղներով: Բերքատվությունը 50—100 ց հա: Ցրտադիմացկուն է, լավ ձմեռում է ձյան ծածկոցի տակ, լավ է աճում խոնավ, սննդանյութերով հարուստ հողերում: Հ. Շահինյան