ՀՍՀ/ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏ, պետական իշխանության բարձրագույն ներկայացուցչական և միակ օրենսդիր մարմին ՍՍՀՄ-ում: Ընտրվում է 4 տարի ժամանակով ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Գ. ս. որպես երկրի պետական իշխանության բարձրագույն օրգան ստեղծվել է 1936-ի դեկտ. 5-ի սահմանադրությամբ: Մինչ այդ պետական իշխանության բարձրագույն մարմինը սովետների համագումարն էր, նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում` Կենտրոնական գործադիր կոմիտեն (ԿԳԿ): ՍՍՀՄ Գ. ս-ի բացառիկ իրավասությանն է պատկանում ՍՍՀՄ օրենքների հրապարակումը, ժողովրդական տնտեսության պլանի սահմանումը, պետական բյուջեի և դրա կատարման վերաբերյալ հաշվետվության հաստատումը, հողօգտագործման, հողի ընդերքից, անտառներից, ջրերից օգտվելու, լուսավորության և առողջապահության հիմունքների, աշխատանքային օրենսդրության, դատարանակազմության և դատավարության օրենսդրության, ինչպես նաև քաղաքացիական ու քրեական, ամուսնության և ընտանիքի մասին օրենսդրության հիմունքների և այլ օրենսգրքերի ու օրենսդրության հիմունքների սահմանումը, ամնիստիայի մասին համամիութենական ակտերի հրապարակումը: Նրա իրավասության մեջ կենտրոնական տեղ են գրավում պատերազմի և խաղաղության հարցերի լուծման հետ կապված լիազորությունները: Նրա բացառիկ իրավասությանն է պատկանում ՍՍՀՄ կազմում նոր միութենական հանրապետություն ընդունելու, միութենական հանրապետությունների միջև եղած սահմանները փոփոխելու, միութենական հանրապետության կազմում նոր ինքնավար հանրապետությունների և ինքնավար մարզերի կազմավորումը հաստատելու իրավունքները: ՍՍՀՄ Գ. ս. ընտրում է նախագահություն, կազմավորում է ՍՍՀՄ Մինիստրների սովետ, ընտրում է գերագույն դատարան, նշանակում գլխավոր դատախազին: Գ. ս. ունի երկպալատյա կառուցվածք, որը պայմանավորված է ՍՍՀՄ ժողովուրդների ընդհանուր և առանձնահատուկ շահերի ներդաշնակ զուգորդման անհրաժեշտությամբ: ՍՍՀՄ ժողովուրդների ընդհանուր շահերն արտահայտում է միության սովետը, իսկ ազգային առանձնահատուկ շահերը` ազգությունների սովետը։ Պալատները օժտված են միևնույն իրավունքներով: Պալատների միջև տարաձայնություն լինելու դեպքում վիճելի հարցը հանձնվում է պարիտետային հիմունքով նրանցից ստեղծվող համաձայնեցացիչ հանձնաժողովին: Եթե այս հանձնաժողովին էլ չի հանգում համաձայնեցված որոշման կամ նրա կողմից ընդունված որոշումը չի բավարարում պալատներից մեկին, ապա հարցը կրկին քննարկվում է պալատներում: Եթե այս անգամ էլ պալատները չեն հանգում միասնական որոշման, ապա Գ. ս-ի Նախագահությունը արձակում է Գ. ս. և նշանակում նոր ընտրություններ: Գ. ս-ի գործունեության հիմնական ձևը նստաշրջանն է, որն իրենից ներկայացնում է պալատների բոլոր դեպուտատների ընդհանուր ժողով: Ըստ սահմանադրության, նստաշրջանները գումարվում են նախագահության կողմից տարեկան 2 անգամ: Արտահերթ նստաշրջանները գումարվում են նախագահության հայեցողությամբ կամ միութենական հանրապետություններից մեկի պահանջով: Պալատների նիստերը տեղի են ունենամ առանձին-առանձին կամ համատեղ: Պալատների օժանդակ մարմիններն են ավագների խորհուրդները և մշտական ու ժամանակավոր հանձնաժողովները: Յուրաքանչյուր պալատում ստեղծվում է ավագների խորհուրդ` բաղկացած դեպուտատների խմբերի ներկայացուցիչներից, որը, լինելով խորհրդակցական մարմին, նախապես քննարկում է նստաշրջանի հարցերը, օրակարգի նախագիծը, քննարկման կարգը, ընտրվող մարմինների անձնակազմին վերաբերվող առաջարկները: Պալատներում գործում են մանդատային, օրենսդրական նախագծումների, պլանա-բյուջետային, արտաքին գործերի, արդյունաբերության, շինարարության, առողջապահության և սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, ժողովրդական կրթության և այլ մշտական հանձնաժողովներ: Գ. ս. հրատարակում է օրենքներ և որոշումներ, ընդունում է դեկլարացիաներ, կոչեր, հայտարարություններ: Գ. ս. ընտրում է Գ. ս-ի Նախագահություն` նախագահի, նրա 15 տեղակալի (յուրաքանչյուր միութենական հանրապետության Գ. ս-ի Նախագահության նախագահները), քարտուղարի և 20 անդամի կազմով: Նախագահությունն իր գործունեության համար հաշվետու է Գ. ս-ին: Նրա լիազորությունների շրջանակը սահմանված է ՍՍՀՄ սահմանադրության 49-րդ հոդվածում: 1937—74-ին ՍՍՀՄ-ում գումարվել են 9 Գ. ս-ներ: Միութենական և ինքնավար հանրապետությունների միապալատ Գ. ս-ների կազմակերպման ու գործունեության կարգը որոշվում է համապատասխան հանրապետության սահմանադրությամբ: ՍՍՀՄ Գ. ս-ի գործունեության կարգն ու ներքին կառուցվածքը նույնական է ՍՍՀՄ Գ. սին: ՀՍՍՀ Գ. ս-ի աշխատանքային լեզուն հայերենն է: Գ. ս-ի Նախագահությունն ունի նախագահ, երկու տեղակալներ, քարտուղար ե 15 անդամ: Մինչև 1938-ը Գ.ս-ի ֆունկցիան կատարել է սովետների համագումարը, նրա նստաշրջանների միջև ընկած ժամանակամիջոցում` հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտեն: ՀՍՍՀ Գ. ս-ի մեկ դեպուտատ ընտրվում է 8 հզ. բնակչից:
