Jump to content

ՀՍՀ/ԳԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐԲ ՊԵՏԱԿԱՆ, պետության պաշտոնական խորհրդանշան: Պատկերվում է կառավարական շենքերի ճակատային մասում, մետաղադրամների, թղթադրամների, բլանկների, կնիքների վրա և այլուր: Գերբերը հաճախ պետ. դրոշի բաղկացուցիչ մասն են: Բուրժուական պետությունների գերբերը, հիմնականում, զարդարված են կենդանիների, երկնային մարմինների (Լուսին, աստղեր են) պատկերներով ու զենքերով: (Տես Գերբ): Գերբի գծագրերն ու նկարագրությունդ սահմանվում են պետության սահմանադրությամբ կամ հատուն օրենքներով: Այն սովորաբար փոփոխվում է պետ. կարգում փոփոխություններին համապատասխան և խորհրդանշում է պետության հասարակական-քաղաքական կարգի բովանդակությունը: ՍՍՀՄ-ի Գ. պ. սահմանված է ՍՍՀՄ Սահմանադրությամբ (հոդված 143), իրենից ներկայացնում է Երկրագնդի Արևելյան կիսագունդը մուրճ ու մանգաղով, արևի ճառագայթներով և հասկերով պարուրված, երիզված միութենական հանրապետությունների լեզուներով գրված «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե ք» մակագրերով: Այն խորհրդանշում է սովետական պետության հիմքը` բանվորների և գյուղացիների դաշինքը, իրավահավասարությունը, միութենական հանրապետությունների կամավոր միավորումը միասնական պետության մեշ, սոցիալիստական ազգերի հավասարությունը, արտահայտում է ՍՍՀՄ ժողովուրդների ինտերնացիոնալ համերաշխությունը ամբողջ աշխարհի աշխատավորների հետ: ՍՍՀՄ առաջին գերբը հաստատել է ՍՍՀՄ Կենտգործկոմը 1923-ի հուլիսի 6-ին: Պետական գերբեր ունեն միութենական բոլոր հանրապետությունները: ՀՍՍՀ գերբը հաստատվել է 1922-ի փետր. 2-ին, ՀՍՍՀ Սովետների II համագումարում: Նրա վրա պատկերված են Մեծ և Փոքր Մասիսները, վերևում մուրճ և մանգաղ` ճառագայթներով շրջափակված հնգաթև աստղի վրա, իսկ ստորոտում կան խաղողի ողկույզներ, աջ ու ձախ կողմերից` ցորենի հասկեր: Գերբի եզերքում հայերեն մակագրություն է` «հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն», ներքևում` կարմիր ֆոնի վրա, հայերեն և ռուսերեն լեզուներով մակագրություն` «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» (ՀՍՍՀ. Սահմանադրություն, 120-րդ հոդված): ՀՍՍՀ գերբը հայ ժողովրդի պետական սուվերենության խորհրդանիշն է: