Jump to content

ՀՍՀ/ԳԵՐԴԱՍՏԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐԴԱՍՏԱՆ, նահապետական ընտանիք, ընտանեկան համայնք, ընտանիքի պատմական գոյաձև: Առաջացել է, երբ քայքայվել է մայրիշխանական տոհմը և ձևավորվել հայրիշխանականը: Նախապես ընդգրկում էր հայրական կողմից` միևնույն նախնուց սերված 4—5, երբեմն էլ` ավելի սերունդներ: Գ-ի ծագումը պատմականորեն պայմանավորված էր տնտ. նոր ձևերի (արորային երկրագործություն, անասնապահություն) առաջացմամբ, ընդ որում արտադրողական ուժերի զարգացման տվյալ մակարդակում գերադասելի էր տնտեսությունը վարել մարդկանց մեծ խմբերով: Գ-ի բնորոշ գծերն էին ունեցվածքի (հող, անասուններ, աշխատանքի գործիքներ ևն) խմբային սեփականությունը, համատեղ արտադրությունը և սպառումը, համայնքի բոլոր անդամների հավասարությունը: Գ. հասարակական զարգացման համապատասխան աստիճանում եղել է բոլոր ժողովուրդների մոտ: Հայկ. Գ-ին վերաբերող տեղեկություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի երկերում, Ներսես Շնորհալու կանոններում, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, իրավաբանական սկզբնաղբյուրներում: Ըստ ավելի ուշ շրջանի նյութերի, Գ. որոշ ժամանակ գոյություն ունենալով փոքր ընտանիքին զուգահեռ` պահպանել է իր ուրույն գծերը: Առանձին Գ-ներ բաղկացած էին 70—100 մարդուց: Համեմատաբար փոքր կազմ (20—30) ունեին Արարատյան դաշտի, Լոռու, Շիրակի, Զանգեգուրի գյուղերի Գ-ները: Գյուղի սոցիալիստական վերափոխմամբ Գ. կորցրեց իր տնտ. նշանակությունը` տեղի տալով փոքր ընտանիքին:

Գրկ. Սամուելյան Խ., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 3, Ե., 1941: Карапетян Э., Армянская семейная община,Е,, 1958.

Է. Կարապետյան