ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդևրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ: Սկզբնապես տարածված են եղել Արևմտյան ևրոպայում: Ժամանակակից Գ. լ. բաժանվում են երկու ենթաճյուղի` արևմտյան, որի մեջ մտնում են անգլերենը, գերմաներենը, նիդերլանդերենը (հոլանդերենը), ֆլամանդերենը, ֆրիզերենը, իդիշը, և հյուսիսային կամ սկանդինավյան` շվեդերենը, դանիերենը, նորվեգերենը, իսլանդերենը և ֆարյորերենը: Գ. լ. է նաև բուրերենը (աֆրիկանս): Մ. թ. սկզբներին գոյություն է ունեցել արևելա-գերմանական ենթաճյուղը, որի մեջ մտել են բուրգունդերենը, վանդալերենը, գոթերենը (բուորն էլ մեռած), սրանցից գրավոր աղբյուրներով վկայված է միայն գոթերենը (IV դ.): Առաջին կամ գերմ. բաղաձայնական տեղաշարժի (մ. թ. ա. II հազարամյակ) հետևանքով հին Գ. լ. տարբերակվել են հնդևրոպական նախալեզվից: Ինչպես հին, այնպես էլ նոր Գ. լ. ունեն բառապաշարի, բառակազմության, քերականական կառուցվածքի և հնչյունական համակարգի ընդհանրություններ: Հին Գ. լ-ի հնչյունական կառուցվածքի համար բնորոշ է բառի առաշջն վանկի (սովորաբար` բառարմատի) վրա ընկնող ուժգնության շեշտը, որի հետևանքով հետագայում տեղի են ունեցել բառավերջի վանկերի թուլացում, անվանական և բայական թեքույթների անկում և վերլուծական տարրերի աստիճանական զարգացում: Քերականական կառուցվածքում առկա է ածականների յուրօրինակ հուովման երկու տիպ` ուժեղ և թույլ: Բայական համակարգում չկան ապառնու հատուկ ձև և բայասեռերի հստակ տարբերակում: Ունի խոնարհման երկու ձև` ուժեղ (անցյալ ժամանակը կազմվում է արմատի ձայնավորի հերթագայությամբ) և թույլ (անցյալ ժամանակը կազմվում է ատամնային վերջածանցի օգնությամբ): Մ. թ. սկզբին Գ. լ. եղել են Հյուսիսային և Բալթիկ ծովերի ափերին, Յուտլանդիայում և Սկանդինավյան թերակղզու հվ-ում բնակվող գերմ. ցեղերի բազմաթիվ խմբավորումների ցեղային լեզուները: III — V դդ. առաջացել են ավելի խոշոր ցեղամիավորումներ, և աստիճանաբար ձևավորվել է պատմականորեն հայտնի Գ. լ-ի մեծ մասը: Բնագույն գրավոր աղբյուրները վկայված են ռունյան արձանագրությունների ձևով: VIII—IX դդ. սկսած, քրիստոնեության տարածումից հետո, լատինական գրի հիման վրա ստեղծվել է արմ. Գ. լ-ի (հին անգլերեն, հին վերին գերմաներեն, հին սաքսոներեն) գիրը, ավելի ուշ (XII —XIII դդ.)` սկանդինավյան լեզուների գիրը: (Տես նան Գերմաներեն):
Գրկ. Энгельс Ф., К истории древних германцев, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 19 Мейе А., Основные особенности германской группы языков, М., 1952 Сравнительная грамматика германских языков, т. 1—4, М., 1962—66 Жирмунский В. М., Введение в сравнительно-историческое изучение германских языков, М.Л., 1964.
