ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՅՈՒԹՅՈՒՆ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՅՈՒԹՅՈՒՆ (ԳԿԿ) (Deutsche Kommunistische Partei), Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության բանվոր դասակարգի կուսակցություն: Ստեղծվել է 1969-ի ապրիլին, Էսսենի համագումարում, որտեղ ընդունել է ԳԿԿ ծրագրային հայտարարությունը և կանոնադրությունը: Ծրագրային հայտարարության մեջ նշվում էր, որ ԳԿԿ ԳՖՀ բանվոր դասակարգի մարքսիստական կուսակցությունն է, հենվում է Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի և Վ. Ի. Լենինի ուսմունքի վրա, հանդես է գալիս աշխատավորության տնտեսական և սոցիալական պահանջների, ժողովրդի դեմոկրատական իրավունքների պաշտպանությամբ, պայքարում ռևանշիստական և նեոնացիստական ուժերի դեմ` հանուն բանվոր դասակարգի գործողությունների միասնության, հանուն ԳԴՀ միջազգային իրավական ճանաչման, հանուն հասարակության սոցիալական վերափոխությունների: 1970-ի հոկտեմբերի ԳԿԿ վարչության պլենումի կոչը ԳՖՀ բանվոր դասակարգին և դեմոկրատական ուժերին վճրական դեր խաղաց ՍՍՀՄ-ի ե ԳՖՀ-ի միջև կնքված համաձայնագրի (1970-ի օգոստոս) վավերացման գործում: ԳԿԿ հավանություն է տվել կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1969-ի Մոսկվայի խորհրդակցության փաստաթղթերին: ԳԿԿ բարձրագույն օրգանը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակամիշոցում` վարչությունը, որն ընտրում է նախագահություն: Ունի մոտ 40 հզ. անդամ (1975): ԳԿԿ նախագահն է Հերբերտ Միսը, կենտրոնական օրգանը` «ՈՒնզերե ցայտ» («Unsere Zeit») շաբաթաթերթը:
