Jump to content

ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ, հնդևրոպական լեզվաընտանիքի գերմանական լեզուների արևմտյան խմբին պատկանող լեզու: Խոսում են ԳԴՀ-ում, ԳՖՀ-ում, Ավստրիայում, մասամբ` Շվեյցարիայում ու Ֆրանսիայում (Էլզաս և Լոթարինգիա), ինչպես նաև Արևելյան ևրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գերմ. ազգային փոքրամասնություն ունեցող առանձին վայրերում: Խոսողների թիվը` շուրջ 100 մլն: Գ-ի հիմքում ընկած են վերին գերմանական ֆրանկյան, ալեմանական, բավարական ազգակից բարբառները, որոնք տարածված են Գերմանիայի հվ-ում: Վերին Գ. տարբերվում է մյուս գերմ. լեզուներից (նաև ստորին Գ-ի բարբառներից) բաղաձայնների երկրորդ` վերին գերմ. տեղաշարժով, որի հետևանքով р, т, к խուլ պայթականները ձայնավորից հետո վերածվել են խուլ, իսկ մնացած դիրքերում` համապատասխան կիսաշփականների ևն: Գ-ի պատմության մեջ սովորաբար տարբերում են 3 փուլ` հին (VIII — IX դդ.), միջին (XII — Х III դդ.) և նոր (XIV դ. մինչև այժմ): Նոր շրջանում առանձնացնում են վաղ նոր վերին Գ-ի ենթափուլը (XIV—XVI դդ.), որպես անցման շրջան ժող. լեզվից ազգային լեզվին, որը վերջնականապես ձևավորվել է XVII դ.: Գ-ին բնորոշ են երկար նեղ ձայնավորների երկբարբառացումը, երկբարբառների պարզեցումը ևն: Քերականական կառուցվածքի զարգացման համար հատկապես կարևոր է արմատի վրա ընկնող ուժգնության շեշտի ազդեցությամբ պայմանավորված քերականական վերջավորությունների թուլացումը: Բնորոշ է նաև սղման ենթարկված արտաքին թեքման բարդ փոխներգործությունը խիստ զարգացած ներքին թեքման (աբլաուտ, հատկապես` ումլաուտ) ու վերլուծական ձևերի տարբերակված համակարգի հետ: Բառակազմության մեջ լայնորեն օգտագործվում է բառաբարդումը: Ունի համեմատաբար կայուն շարադասություն, ըստ որում, անվանական և բայական բառախմբերը միավորվում են շարահյուսական «շրջափակման» տարբեր եղանակներով: Բարբառները պահպանում են հնչյունական համակարգի, քերականական կառուցվածքի և բառապաշարի զգալի տարբերություններ: Հիմնականում տարբերում են 2 խոշոր բարբառախմբեր` ստորին գերմ. (հս-ում) և վերին գերմ. (կենտրոնական մասում և հվ-ում): Վերին գերմ. իր հերթին բաժանվում է միշին գերմ. և հվ-գերմ. բարբառախմբերի` մի շարք ստորաբաժանումներով: (Տես նաև Գերմանական լեզուներ):

Գրկ. Зиндер Л. Р., Строева Т. В., Современный немецкий язык, М., 1957 Гухман М.М., От языка немецкой народности к немецкому национальному языку, ч. 1—2, М., 1955 — 59 Жирмунский В. М., История немецкого языка, М., 1965 Paul H., Deutsche Grammatik, Bd. 1-5, Halle (Saale), 1958.