ՀՍՀ/ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Bundesrepublik Deutschland) (ԳՖՀ):
I. Ընդհանուր տեղեկություններ
ԳՖՀ պետություն է Կենտրոնական ևրոպայում: Սահմանակից է Նիդերլանղ-ներին, Բելգիային, Լյուքսեմբուրգին, Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային, ՉՍՍՀ-ին, ԳԴՀ-ին և Դանիային: Հս-ից ողողվում է Հյուսիսային և Բալթիկ ծովերով: Տարածությունը 248 հզ. կմ2 է, բնակչությունը` 60,0 մլն (1974): Մայրաքաղաքը` Բոնն: Բաժանված է վարչական 10 միավորի` երկրի (լանդ):
| Երկիր | Տարածությունը hզ. կմ² | Բնակչությունը hզ. մարդ (1969) | Երկրի կենտրոնը |
|---|---|---|---|
| Բադեն Վյուրտեմբերգ | 35,7 | 8822,1 | Շտուտգարտ |
| Բավարիա | 70,5 | 10490,3 | Մյունխեն |
| Բրեմեն | 0,4 | 755,3 | Բրեմեն |
| Համբուրգ | 0,7 | 1818,6 | Համբուրգ |
| Հեսսեն | 21,1 | 5379,1 | Վիսբադեն |
| Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա | 34,0 | 17039,4 | Դյուսելդորֆ |
| Շլեզվիգ-Հոլշտայն | 15,7 | 2546,5 | Քիլ |
| Ռայնլանդ-Պֆալց | 19,8 | 3659,5 | Մայնց |
| Սաար | 2,6 | 1129,0 | Սաարբրյուքեն |
| Ներքին Սաքսոնիա | 47,4 | 7067,2 | Հաննովեր |
II.Պետական կարգը
ԳՖՀ արնմտագերմանական 10 երկրների ֆեդերատիվ պետություն է: Երկրներից յուրաքանչյուրն ունի իր սահմանադրությունը, պառլամենտը (լանդտագ) և կառավարությունը, որոնց իրավունքները սահմանված են ֆեդերալ սահմանադրությամբ (հաստատվել և գործում է 1949-ից): Երկրի բարձրագույն օրենսդրական իշխանությունն իրականացվում է ժողովրդի կողմից 4 տարով ընտրվող բունդեստագի (դեպուտատների պալատ) և բունդեսրատի` երկրների պալատի (կազմվում է երկրների կառավարությունների անդամներից) կողմից: Պետության ղեկավարը 5 տարի ժամանակով ֆեդերալ ժողովի (կազմված է բունդեստագի և լանդտագների դեպուտատներից) կողմից ընտրվող պրեզիդենտն է: Գործադիր իշխանությունն իրականացնում է ֆեդերալ կառավարությունը` բունդեստագի ընտրած և նրան հաշվետու ֆեդերալ կանցլերի գլխավորությամբ:
III. Բնությունը
Երկրի հս. ընդգրկում է Միջին ևրոպական հարթավայրի մի մասը: Առափնյա շրջաններին բնորոշ են վատերն ու մարշերը: Հվ-ում Հռենոսյան թերթաքարային, Հունսրյուք, Տաունուս, Վեստերվալդ, Շվարցվալդ, Բավարական անտառ, Չեխական անտառ, Հարց լեռներն են 600—1400 մ բարձրությամբ, որոնք հերթագայվում են շերտավոր, աստիճանակերպ սարահարթերով, հարթավայրերով և դաշտավայրերով (Վերին Հռենոսյան դաշտավայր): Երկրի հվ-ում բարձրանում են Արևլյան Ալպերի լեռնաշղթաները` մինչև 2963 մ բարձրությամբ (Ցուգշպիտցե լեռը` ամենաբարձրը ԳՖՀ-ում): Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշ ածուխ, նավթ, գազ, քարաղ, կալիումական աղ, երկաթ և բազմամետաղներ: Կլիման բարեխառն է, արմ-ում և հս-արմ-ում ծովային, հվ-արլ-ում` անցումային ծովայինից բարեխառն ցամաքայինի: Հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 0 С է, հոււիսինը` 17 С ից 19 С: Տարեկան տեղումները 600—800 մմ են, լեռներում` 1000—1500 մմ: Գետային ցանցը խիտ է, գետերը` ջրառատ: Խոշոր գետերն են` Հռենոսը, Էլբան (ստորին հոսանք), Դանուբի վերին հոսանքը, Վեզերը: Շատ գետեր միացած են ջրանցքներով: Ալպերի նախալեռներում խոշոր լճերից են Բոդենը, Խիմը: Գերակշռում են անտառային գորշ և հումուսակարբոնատային հողերը, հս-ում` նաև պոդզոլային և մարշային հողերը: Տարածքի մոտ 28 ը անտառածածկ է: Գերակշռում են կաղնու, հաճարենու, բոխու, եղևնու և սոճու ծառատեսակները: Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից պահպանվել են եղջերուն, այծյամը, քարայծը, եղնիկը, վարազը: Շատ են թռչուններն ու կրծողները:
IV. Բնակչությունը
Ազգային կազմը միատարր է, բնակչության 99 ից ավելին գերմանացիներ են (1976): Մոտ 48 ը ավետարանական է, 46 ը` կաթոլիկ: Միջին խտությունը 1 կմ2 վրա 241 մարդ է: Այն բարձր է Հռենոս, Մայն, Նեքար գետերի հովիտներում և Սաարի մարզում: Ինքնագործ բնակչության (25,0 մլն, 1972) 49 ը զբաղված է արդյունաբերության, 10 ը` գյուղատնտեսության և անտառագործության, 17,8 ը` տրանսպորտի և առետրի մեջ: Բանվորները կազմում են ինքնագործ բնակչության մոտ կեսը: Երկրում ժամանակավորապես աշխատում են 3,9 մլն օտարերկրացիներ: Բնակչության 3 4-ն ապրում է քաղաքներում: Խոշոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյունը, էսսենը, Դյուսելդորֆը, Մայնի Ֆրանկֆուրտը, Դորտմունդը, Շտուտգարտը, Բրեմենը, Նյուրնբերգը:
V. Պատմական ակնարկ
ԳՖՀ ստեղծվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացումից (1945) հետո, նրա տերիտորիայում կազմավորված ԱՄՆ-ի, Անգլհայի և Ֆրանսիայի օկուպացիոն գոտիների սահմաններում: Դա արդյունքն էր գերմ. ազգը պառակտելու, Պոտսդամի համաձայնագիրը (տես Պոտսդամի կոնֆերանս 1945 հոդվածը) ձախողելու և արեմտյան գոտիներն անջատելու քաղաքականության, որ վարում էին արմ. երեք տերությունները` հենվելով Արևմտյան Գերմանիայի մոնոպոլիստական շրջանների վրա: ԳՖՀ ստեղծելու որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Լոնդոնյան խորհրդակցություններում (1948-ի մարտ—հունիս): 1948-ի հունիսի 20-ին անջատ դրամական ռեֆորմ անցկացվեց Արևմտյան Գերմանիայում: 1949-ի մայիսի 23-ին ուժի մեջ մտավ սահմանադրությունը, իսկ սեպտ. 7-ին Բոննում գումարվեց առաջին Բունդեստագը, որն ընտրեց կոալիցիոն կառավարություն Կ. Ադենաուերի` 1945-ին հիմնադրված Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ, սրան հարում է Քրիստոնեա-սոցիալական միությունը` ՔԱՄ) պարագլխի ղեկավարությամբ: Սեպտ. 12-ին երկրի պրեզիդենտ ընտրվեց Թ. Հոյսը (1948-ին կազմավորված Ազատ դեմոկրատական կուսակցության` ԱԴԿ հիմնադիրներից մեկը): ԳՖՀ-ում սկսեց արագորեն վերածնվել գերմ. մոնոպոլիաների իշխանությունը: 1950-ի վերջին տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին: Իսկ 1965-ին արդ. արտադրանքի ծավալը հասավ Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արդ. արտադրանքի ծավալին` միասին վերցրած: ԳՖՀ վարում էր ռևանշի, 1937-ի սահմաններում Գերմանիայի վերածնման, ԳԴՀ-ի բռնի կլանման քաղաքականություն: 1950-ին ոստիկանական կազմավորումների անվան տակ ԳՖՀ-ին թույլատրվեց սեփական բանակ ստեղծել: 1950-ին ԳՖՀ դարձավ ևրոպական խորհրդի, 1951-ին` Ածխի ու պողպատի ևրոպական միավորման (ԱՊԵՄ) անդամ: 1955-ի մայիսի 5-ին ուժի մեջ մտան Փարիզյան համաձայնագրերը (տես Փարիզի համաձայնագրեր 1954), որոնք հռչակեցին ԳՖՀ-ի սուվերենությունը: Սակայն արմ. տերություններն իրենց վերապահեցին նրա քաղաքականությանը վերահսկելու առանձնաշնորհը, ներառյալ «արտակարգ դրություն» հայտարարելու իրավունքը, որի դեպքում իշխանությունն ամբողջովին անցնում է իրենց ձեռքը: Փարիզի համաձայնագրերի հիման վրա ԳՖՀ ընդգրկվեց ՆԱՏՕ-ի մեջ և 12 դիվիզիա կազմավորելու պարտավորություն ստանձնեց: 1966-ին Բունդեսվերն արդեն 468 հզ. զինվոր ուներ և արևմտագերմանական արդյունաբերությունը 65 ով ապահովում էր նրա սպառազինման պահանջները: Երկրում կառուցվում և գործում էր 34 ատոմային ռեակտոր: ԳՖՀ առաջատար դիրք գրավեց ևրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ, հիմնվել է 1957—58 ին) մեջ: ԳՖՀ-ի կառավարող վերնախավի քաղաքականությունը հանդիպում էր երկրի դեմոկրատական ուժերի դիմադրությանը: 1951 —58-ին արգելվեց 200-ից ավելի դեմոկրատական կազմակերպությունների և միությունների գործունեությունը: 1956 ին արգելվեց Գերմանիայի կոմկուսը (ԳԿԿ): Ամբողշ երկրում տեղի էին ունենում գործադուլներ և ցույցեր, որոնք ավարտվում էին ոստիկանության հետ արյունալի ընդհարումներով: 1955-ին ՍՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Սակայն շեշտը դնելով սպառազինման և «ուժի քաղաքականության» իրագործման վրա` ԳՖՀ-ի կառավարությունը մերժում էր գերմ. հարցի դեմոկրատական լուծման վերաբերյալ ԳԴՀ-ի և Սովետական Միության առաջարկները: Լ. էրհարդի (1963) և Կ. Գ. Կիզինգերի (1966) կառավարությունները շարունակեցին նախկին քաղաքականությունը` նրա էությունը քողարկելով «խաղաղասիրական» հայտարարություններով: 1964-ին ԳՖՀ-ում սկսեց լեգալ գործել նեոֆաշիստական Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները շուտով թափանցեցին արևմտա-գերմանական որոշ լանդտագներ: Միաժամանակ ուժեղանում էին երկրի իսկական շահերը հաշվի առնող ռեալիստական քաղաքականություն վարելու միտումները: 1969-ին ԳՖՀ-ում հիմնադրվեց և իր գործունեությունն սկսեց գերմանական կոմունիստական կուսակցությունը: Բունդեստագի 1969-ի ընտրություններից հետո ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիան հեռացվեց իշխանությունից: ԳՍԴԿ (որպես արեմտագերմանական կուսակցություն հիմնադրվել է 1946-ի մայիսին) և ԱԴԿ-ի ղեկավարության միջև կնքված համաձայնագրի հետևանքով կազմվեց Վ. Բրանդի (ԳՍԴԿ) կոալիցիոն կառավարությունը: Դրանից առաշ ԳՖՀ-ի պրեզիդենտ էր ընտրվել սոցիալդեմոկրատ Գ. Հայնեմանը` հրաժարական տված ՔԴՄ անդամ Գ. Լյուբկեի փոխարեն (պրեզիդենտն էր 1959-ից): ԳՖՀ-ում որոշակի տեղաշարժեր կատարվեցին ուժերի տեղաբաշխման մեշ: 1969-ին ԳՖՀ ստորագրեց միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը: ԳՖՀ-ի կառավարությունը ուժի գործադրումից հրաժարվելու հարցերի շուրջը բանակցությունների մեջ մտավ ՍՍՀՄ-ի և ԼԺՀ-ի հետ: 1970-ի օգոստ. 12-ին, Մոսկվայում, ՍՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվեցին անշեղորեն պահպանել ևրոպայի բուոր պետությունների տերիտորիալ ամբողջությունը, այժմ և ապագայում անխախտելի համարել սահմանները ևրոպայում` ներառյալ Օդեր—Նայսե և ԳԴՀ-ի ու ԳՖՀ-ի սահմանները: 1970 ի դեկտ. 7-ին Վարշավայում ԼԺՀ-ի և ԳՖՀ-ի միջև պայմանագիր ստորագրվեց նրանց փոխադարձ հարաբերությունների կանոնավորման հիմունքների մասին: Երկու պայմանազրերն էլ կարևոր ավանդ են ևրոպայում իրադրության առողջացման գործում: ՔԴՄ-ՔՍՍ բլոկի շուրջը խմբված հետադիմական շրջանները Մոսկվայի ու Վարշավայի պայմանագրերի վավերացմանը խանգարելու բազմաթիվ փորձեր արեցին: Սակայն ակներև էր ԳՖՀ անցյալի քաղաքականության հունը վերադարձնելու նրանց փորձերի անհեռանկարայնությունը: 1971-ի սեպտ. 3-ին ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիր ստորագրվեց Արևմտյան Բեռլինի դրությունը կանոնավորելու հետ կապված հարցերի շուրշը: Համաձայնագիրը փաստեց, որ այդ քաղաքը ԳՖՀ-ի բաղկացուցիչ մասը չէ և այսուհետ չի կառավարվելու նրա կողմից: Միաժամանակ փոխադարձաբար ընդունելի ձևով կարգավորվեցին Արևմտյան Բեռլինի կողմից արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու հարցերը: Դրա վերաբերյալ 1971-ի դեկտեմբերին համապատասխան համաձայնագրեր կնքվեցին ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միջև, ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի սենատի միջև: 1971-ի սեպտ. 16—18-ը Գրիմում տեղի ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի հանդիպումը ԳՖՀ-ի ֆեդերալ կանցլեր Վ. Բրանդի հետ: Հանդիպման ընթացքում փոխըմբռնում ձեռք բերվեց սովետա-արևմտագերմանական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացման շուրջը: 1972-ի մայիսի 18-ին ԳՖՀ-ի բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սովետական Միության և Լեհաստանի հետ ԳՖՀ-ի կնքած պայմանագրերին: 1972-ի հունիսի 3-ին պայմանագրերը ուժի մեջ մտան: 1972-ի դեկտ. 21-ին Բեռլինում ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի հարաբերությունների հիմունքների վերաբերյալ պայմանագիրը, որը նշանավորում է արմատական շրջադարձ գերմ. երկու պետությունների փոխհարաբերություններում և ամուր հիմք է ստեղծում ևրոպական խաղաղության ու անվտանգության համար: 1973-ի մայիսի 18—23-ը այցով ԳՖՀ-ում եղավ Լ. Ի. Բրեժնևը: ՍՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ամրապնդեցին կարևոր ոլորտներում սովետա-արևմտագերմանական հարաբերությունները և երկարաժամկետ հիմք հանդիսացան բազմակողմանի համագործակցության զարգացման համար: 1973-ի սեպտ. 18-ին ԳՖՀ ընդունվեց ՍԱԿ: 1974-ի մայիսի 6-ին Վ. Բրանդը հեռացավ ֆեդերալ կանցլերի պաշտոնից: Մայիսի 16-ին կազմվեց նոր կառավարություն` ԳՍԴԿ-ի նախագահի տեղակալ և ֆինանսների նախկին մինիստր Հելմուտ Շմիդի գլխավորությամբ: Հանդես գալով կառավարական հայտարարությամբ, Հ. Շմիդը ընդգծեց, որ կառավարական ներկա կոալիցիայի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի:
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպությունները
Գերմանիայի կոմունիստական կուսակցություն (ԳԿԿ): Հիմնվել է 1918-ին, 1956-ին արգելվել է: Գերմանական կոմունիստական կուսակցություն (ԳԿԿ): Հիմնվել է 1968-ին, ունի մոտ 40 հզ. անդամ (1975): Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (ԳՍԴԿ): Ստեղծվել է 1946-ին, ունի 995 հզ. անդամ (1975-ի սկիզբ), նախագահն է Վ. Բրանդը: Ազատ դեմոկրատական կուսակցություն (ԱԴԿ): Հիմնվել է 1948-ին, ունի 71 հզ. անդամ (1975-ի սկիզբ): Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՍ): Ձևավորվել է 1950-ին, ունի 538 հզ. անդամ (1975-ի սկիզբ): Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ): Հիմնվել է 1945-ին, գործում է միայն Բավարիայում, ունի 126 հզ. անդամ (1975-ի նոյեմբեր): Գերմանական միություն: Հիմնվել է 1971-ի հունիսին, ունի մոտ 2 հզ. անդամ: Ազգային դեմոկրատական կուսակցություն (ԱԴԿ): Հիմնվել 1964-ին, աջ նեոֆաշիստական խմբավորումների միավորումով, ունի մոտ 22 հզ.անդամ (1973-ի հոկտեմբեր): Խաղաղության գերմանական միություն (ԽԳՄ): Հիմնվել է 1960-ին: Հանունդեմոկրատական առաջադիմության (ՀԴԱ) կուսակցական բլոկ, ստեղծվել է 1968-ի վերջին: Արհեստակցական միությունները: Գերմանական արհմիությունների միավորում (ԳԱՄ): Ունի մոտ 7,4 մլն անդամ: Գերմանական երիտասարդության ֆեդերատիվ միավորում: Համախմբում է 16 երիտասարդական կազմակերպություն:
VII. Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
ԳՖԻ-ի տնտեսությունը արագ զարգացավ 1950—60-ական թվականների սկզբներին: Արդյունաբերական արտադրանքի և արտահանության ծավալով կապիտալիստական աշխարհում գրավեց 2-րդ տեղը (1970, ԱՄՆ-ից հետո), դարձավ երկրորդ վարկատուն և ոսկու վալյուտայի ռեզերվ ունեցողը: Ազգային համախառն արտադրանքով կապիտալիստական աշխարհում զիջում է ԱՄՆ-ին և ճապոնիային (1968): ԳՖՀ-ում ստեղծվել է բարձր զարգացած պետական մոնոպոլիստական կապիտալիզմ` ռազմարդյունաբերական մի քանի տասնյակ վիթխարի կոնցեռնների և խոշոր բանկերի միաձուլում պետության հետ: Վերականգնվել և ուժեղացել են արևմտագերմանական մոնոպոլիաները, մեծացել է արտադրության կապիտալի կենտրոնացումը: Կապիտալ ներդրումների ավելացման շնորհիվ մեծանում են մշակող արդյունաբերության, ավտոմոբիլաշինության, նավթաքիմ., էլեկ-տրատեխ. արդյունաբերության, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների արտադրության արտադրական կարողությունները: Միաժամանակ աճում է ինֆլյացիան: Արդյունաբերությունը: ԳՖՀ բարձր զարգացած ինդուստրիալ երկիր է: Ազգային եկամտի 1 2-ից ավելին տալիս է արդյունաբերությունը: Արտադրության ծավալը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծացավ 4 անգամ (1969): Կառուցվածքային լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել արդյունաբերության մեջ: Ավելացել է մշակող արդյունաբերության բաժինը, մասնավորապես նոր ռազմական ճյուղերինը (նավթավերամշակմանն ու նավթաքիմիայինը, էլեկտրոնիկայինը, ավիացիոն-հրթիռայինը), ստեղծվել է ատոմային արդյունաբերություն: Միաժամանակ առկա են ճգնաժամային երևույթներ և արտադրության կրճատում ածխի ու երկաթահանքի արդյունահանման և տեքստիլ արդյունաբերության մեջ: Մեծացել է հվ-արմ. և հվ. նոր կենտրոնների, որոշ չափով թուլացել Հռենոս-Վեստֆալյան առաջատար շրջանի դերը: Խիստ փոխվել է վառելիքա-էներգետիկ տնտեսությունը: Վառելանյութի սպառման ասպարեզում առաջին տեղը գրավում է նավթը (գլխավորապես ներմուծման հաշվին), աճում է բնական գազի բաժինը: 1950—60-ական թթ. կառուցվելեն Ռոտերդամ—Քյոլն, Վիլհելմսհաֆեն—Քյոլն, Մարսել—Կարլսրուե—Ինգուշտադ, ինչպես նաև Ջենովայից և Տրիեստից Ինգուշտադ ձգվող նավթամուղները: Նավթավերամշակման գործարաններ են կառուցվել հվ., հվ-արմ. և Հռենոս-Վեստֆալյան շրջաններում: Նավթի վերամշակումը հիմնականում վերահսկում է օտարերկրյա (ամերիկյան և անգլ.) կապիտալը: ՄԱՀՄ-ի հետ պայմանագիր է կնքված գազամուղ կառուցելու և ԳՖՀ-ին սովետական գազ մատակարարելու մասին: Քարածուխ է արդյունահանվում Ռուրի և Սաարի ավազաններում: 1969-ին ստեղծված «Ռուրկոլե ԱԳ» կոնցեռնը տիրում է բոլոր կարողությունների 94 ին: Գորշ ածուխ է արդյունահանվում Ստորին Հռենոսի ավազանում և վերահսկվում «ՌՎԷ» պետական էներգետիկ կոնցեռնի կողմից: էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում է 310 մլրդ կվտ-ժ (1974): Արդյունահանվում են երկաթի, կապարի, ցինկի և պղնձի հանքանյութեր, կալիումական աղ: Չուգունի և պողպատի հիմնական գործարանները գտնվում են Ռուրում (խոշորագույն կենտրոնը` Դույսբուրգ), Սաարում, Զալցգիտերում և Բրեմենում: Լայնորեն օգտագործվում է ներմուծվող երկաթի հանքաքարը: Նշանավոր են «Տիս-սեն», «Հեշո», «Կրուպ», «Զալցպիտեր» կոնցեռնները: Մեծ զարգացման է հասել գունավոր մետալուրգիան: Արդյունաբերության կարևորագույն ճյուղերն են՝ մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական և քիմ. արդյունաբերությունը: ԳՖՀ ավտոմեքենաների (2870 հզ., 1974) և հաստոցների արտահանությամբ առաջինն է կապիտալիստական աշխարհում: Խոշորագույն կոնցեռններնեն` «Ֆուկսվագեն»ը Վոլֆսբուրգում,Հաննովերում,Բրաունշվայգում, Էմդենում գտնվող գործարաններով,«Դայմլեր-Բենց»ը (Շտուտգարտ), «Ֆորդ»ը (Քյոլն) և «Ջեներալ Մոտորս»ին պատկանող «Օպել»ը (Ռյուսելհայմ, Բոխում), ծանր մեքենաշինության և հաստոցաշինության ձեռնարկությունները` Հռենոս-Վեստֆալյան շրջանում, հվ-արմ-ում, Զալցգիտերում, նավաշինությանը` Քիլում, Համ բուրգում, Բրեմենում, ավիացիոն-հրթիռային արդյունաբերությունը («Մեսսերշմիտ-Բյուկով-Բլոմ» կոնցեռն)` Մյունխենում և Բրեմենում: ԳՖՀ էլեկտրատեխ. արտադրանքի արտահանությամբ առաջինն է կապիտալիստական աշխարհում: Գործարանները հիմնականում գտնվում են հվ-արմ-ում (Ֆրանկֆուրտ, Շտուտգարտի շրջան) և Բավարիայում: «Սիմենս», «ԱԷԳ-Տելեֆունկեն» և «Ռ. Բոշ» կոնցեռնները վերահսկում են ամբողջ արտադրության 3 4-ը: Արագորեն աճում է էլեկտրոնիկայի արտադրանքը: ԷՀՄ արտադրությունը վերահսկում է ամերիկյան կապիտալը («ԻԲՄ»ն Մայնցում): Զարգացած են ճշգրիտ մեխանիկան և օպտիկան: Արեմտագերմանական քիմ. արդյունաբերությունը կապիտալիստական աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը: Ավելացել է օրգանական սինթետիկ նյութերի արտադրությունը (80 նավթից և գազից): Զարգացած են կալիումական և ազոտային պարարտանյութերի, սոդայի, ներկանյութերի արտադրությունը, դեղագործությունը: Գլխավոր ձեռնարկությունները տեղաբաշխված են Հռենոսի երկարությամբ` Հռենոս-Վեստֆալյան, Հռենոս—Մայնի շրջաններում և Լյուդվիգսհաֆենում: Հիմնական արդյունաբերությունը վերահսկվում է երեք կոնցեռնների, «Իգ Ֆարբեն-Ինդուստր»ի ժառանգորդների` «Ֆարբեն-Ֆաբրիկ Բայեր»ի, «Ֆարբվերկե Հյոհստ»ի և «ԲԱՍՖ»ի կողմից: Զարգացած է շինանյութերի, տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կաշվի, սննդի (բազմաճյուղ) արդյունաբերությունը: Գյուղատնտեսությունը տալիս է ազգային համախառն արտադրանքի 4 ը: Տեղի է ունենում մանր տնտեսությունների քայքայում և արտադրության կենտրոնացում կապիտալիստական խոշոր տնտեսություններում: 1945—65-ին տնտեսությունների թիվը կրճատվեց 500 hq-ով: Բնորոշ է բարձր մեքենայացումը, պարարտանյութերի լայն կիրառումը, բարձր մթերատվությունը: Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պահանջմունքների 3 4-ը: 1974-ին ԳՖՀ-ում կար 14,42 մլն խոշոր, 0,9 մլն մանր եղջերավոր անասուն, 20,24 մլն խոզ: Զարգացած է թռչնաբուծությունը (100 մլն թե): Ցանքերում գերակշռում են հացազգիները (ցորեն, տարեկան, գարի, վարսակ), կարտոֆիլն ու կերային արմատապտուղները: Տեխ. կուլտուրաներից մշակում են շաքարի ճակնդեղ, ծխախոտ, գայլուկ: Զբաղվում են բանջարաբուծությամբ ն պտղաբուծությամբ: Ձկնորսությունն ու մոլյուսկների որսը 1974-հն կազմել է մոտ 495 հզ. տ: Տրանսպորտը: Առաջին տեղը գրավում է երկաթուղային տրանսպորտը (մոտ 28830 կմ, որից 9700 կմ էլեկտրիֆիկացված է, 1974): Փոխադրումների մոտ 1 5-ը կատարվում է ավտոտրանսպորտով: Բարեկարգ խճուղային ճանապարհների երկարությունը 167,4 հզ. կմ է (1974), այդ թվում`5481 կմ ավտոպողոտաներ: Ավտոմեքենաների թիվը 20424 հզ. է (Արմ. Բեռլինի հետ միասին), որից 15999 hq-ը` մարդատար (1974): Փոխադրումների մոտ 1 4-ը բաժին է ընկնում գետերով ու ջրանցքների համակարգով կատարվող նավագնացությանը: Դույսբուրգը բեռնաշրջանառությամբ Արևմտյան ևրոպայի խոշորագույն գետային նավահանգիստն է: Ծովային նավատորմը բաղկացած է 1805 նավից, որի ընդհանուր տոննաժը 8,3 մլն ռեգիստրային բրուտտո տ է (1974): Խոշորագույն նավահանգիստներն են Համբուրգը, Վիլհելմսհաֆենը, Բրեմենը, Բրեմերհաֆենը, էմդենը: Քաղաքացիական ավիացիայի մենաշնորհը «Լյուֆթհանզա» պետ. ընկերության ձեռքին է: Հիմնական օդանավակայաններն են Մայնի Ֆրանկֆուրտը և Քյուն—Բոննը: Արտաքին տնտեսական կապերը: Արտաքին տնտեսական լայն էքսպանսիան հանգեցրեց առևտրական ու վճարային ակտիվ հաշվեկշռի, արտասահմանյան վալյուտայի ու ոսկու ներհոսման: Պատրաստի արդ. արտադրանքը (մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի և քիմիայի) արտահանության մեջ կազմում է 85: Արտահանության 70 ն առաքվում է Արևմտյան ևրոպայի (ԵՏՀ-ի երկրները), Ասիայի երկրները և ԱՄՆ: Նավթի, երկաթի հանքաքարի, գունավոր մետաղների ներմուծման ավելացման հետ մեծանում է նաև պատրաստի ապրանքների բաժինը (50): Ներմուծվող ապրանքների մոտ 55 ը բաժին է ընկնում Արևմտյան ևրոպայի երկրներին: Սոցիալիստական երկրների տեսակարար կշիռը ԳՖՀ-ի արտաքին առևտրում կազմում է 6: ՍՍՀՄ-ից ներմուծում է նավթ, բնափայտ, գունավոր մետաղներ, բամբակի հումք: ՍՍՀՄ է արտահանում մեքենաներ, նավեր, քիմիկատներ, խողովակներ: Դրամական միավորը արեմտագերմանական մարկն է. ՍՍՀՄ Պետբանկի 1973-ի կուրսով 100 մարկը հավասար է 26,30 ռուբլու:
| Չափի միավոր | 1972 | 1973 | 1974 | |
|---|---|---|---|---|
| Էլեկտրաէներգիա | մլրդ կվտ. ժ | 260,0 | 284,0 | 310,0 |
| Քարածուխ | մլն տ | 102,5 | 97,3 | 94,9 |
| Գորշ ածուխ | » | 110,4 | 118,8 | 126,0 |
| Նավթ | » | 7,1 | 6,65 | 6,2 |
| Երկաթի հանքանյութ | » | 6,0 | 6,4 | 4,7 |
| Չուգուն | » | 32,0 | 36,8 | 40,2 |
| Պողպատ | » | 43,7 | 49,5 | 53,2 |
| Պողպատե գլանվածք | » | 31,2 | 36,7 | 39,6 |
| Պողպատե և չուգունե ձուլվածք | » | 4,1 | 4,5 | 4,5 |
| Պղինձ | հզ. տ | 300,5 | 300,5 | 314,0 |
| Ցինկ | » | 124,5 | 142,0 | 134,5 |
| Կապար | » | 273,0 | 301,5 | 321,0 |
| Ալյումին առաջնային | » | 445,0 | 534,0 | 690,0 |
| Կալիումական աղ | » | 2441 | 2542 | 2620 |
| Ֆոսֆորային պարարտանյութեր | » | 945 | 987 | 957 |
| Ազոտային պարարտանյութեր | » | 1379 | 1460 | 1565 |
| Պլաստմասսա և սինթետիկ խեժեր | » | 5451 | 6410 | 6300 |
| Արհեստական և սինթետիկ մանրաթելեր | » | 800 | 979 | 945 |
| Սինթետիկ կաուչուկ | » | 340 | 355 | — |
| Դողեր | » | 512 | 520 | 502 |
| Ցեմենտ | մլն տ | 42,6 | 41,0 | 35,5 |
| Ավտոմոբիլներ | հզ․ հատ | 3784 | 3915 | 2870 |
| Տրակտորներ | » | 78 | 99 | — |
| Ծովային նավեր | հզ․ բրուտտո տ | 1400 | 1850 | — |
| Տարածությունը (հզ. հա) | Բերքահավաքը (հզ. տ) | |||||
|---|---|---|---|---|---|---|
| 1972 | 1973 | 1974 | 1972 | 1973 | 1974 | |
| Ցորեն | 1626 | 1603 | 1620 | 6608 | 7135 | 7724 |
| Տարեկան | 843 | 739 | 704 | 2917 | 2576 | 2530 |
| Գարի | 1549 | 1671 | 1667 | 5997 | 6622 | 7022 |
| Վարսակ | 807 | 822 | 842 | 2887 | 3066 | 3320 |
| Խառը հացահատիկ | 360 | 345 | 344 | 1270 | 1225 | 1292 |
| Կարտոֆիլ | 503 | 480,5 | — | 15038 | 13676,5 | — |
| Շաքարի ճակնդեղ | 331 | 352 | — | 14656 | 15858 | — |
| Կերի ճակնդեղ | 312 | 289 | — | 27810 | 25229 | — |
VIII. Զինված ուժերը
ԳՖՀ-ի զինված ուժերը, որ ստեղծվել են 1950-ին, բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից: Խաղաղ ժամանակ գլխավոր հրամանատարն է պաշտպանության մինիստրը, պատերազմի ժամանակ` ֆեդերալ կանցլերը: Զինվորական բարձրագույն հրամանատարությունը իրականացնում է անվտանգության խորհուրդը, որի մեջ են մտնում առաջատար մինիստրներ (կանցլերի նախագահությամբ) և երեք գլխավոր վարչություններից բաղկացած պաշտպանության մինիստրությունը: Ունի 6 ռազմ. օկրուգ: Զինված ուժերը մտնում են ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի կազմի մեջ: Բանակը հավաքագրվում է ընդհանուր զինապարտության օրենքի (1956) հիման վրա: Զինակոչային հասակն է 18 տարին, իսկական զինծառայության տևողությունը` 18 ամիս: Զինված ուժերն ունեն (1976) մոտ 500 հզ. մարդ, այդ թվում 60 հզ.` տերիտորիալ և ներքին անվտանգության զորքերում: Ցամաքային զորքերը (295 հզ. մարդ) բաղկացած են 12 դիվիզիայից՝ սպառազինված զենքի և մարտական տեխնիկայի լավագույն տեսակներով: Ռազմաօդային ուժերում (105 հզ. մարդ) հաշվվում է մոտ 500 մարտական ինքնաթիռ (մի մասը կարող է միջուկային զենք կրել): Ռազմածովային ուժերը (մոտ 36 հզ. մարդ) ունեն տարբեր կարգի ավելի քան 150 նավ:
IX. Առողջապահությունը
1969-ի տվյալներով ԳՖՀ-ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 14,8, ընդհանուր մահացությունը` 12,2, մանկական մահացությունը` 1000 ողջ ծնվածին` 23,4: Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 67 տարի է, կանանցը` 73: Գերակշռում են սիրտ-անոթային հիվանդությունները և չարորակ ուռուցքները: Մահացության հիմնական պատճառները վերոհիշյալ հիվանդություններն են: 1968 ին գործել է 3618 հիվանդանոց` 665,5 հզ. մահճակալով (90 բնակչին` 1 մահճակալ): Աշխատում էր (1969) 103,4 հզ. բժիշկ (590 բնակչին` 1 բժիշկ): Բժիշկներ են պատրաստում համալսարանների 18 բժշկական ֆակուլտետները և բժշկական ակադեմիան: ԳՖՀ-ի գլխավոր առողջարաններն են` Ախեն, Բադեն-Բադեն, Բադ Վիլդունհան:
X. Լուսավորությունը
Ժողկրթության ներկայիս սիստեմը մտցվել է 1950-ական թթ. սկզբներին: Պարտադիր ուսուցումը տարվում է 6 տարեկանից` քառամյա տարրական դպրոցում: Ավարտողներն իրավունք են ստանում ընդունվելու հանրակրթական դպրոց, որն ունի 3 տիպ. հիմնական (9ամյա), ռեալական (10-ամյա) և գիմնազիա (13-ամյա): Հիմնական դպրոցն ավարտողները կարող են ընդունվել մասնագիտական դպրոց, ռեալականը պատրաստում է մանր և միջին կարգի ծառայողներ և միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն ընդունվելու իրավունք է տալիս: Միայն գիմնազիան է աշակերտներին պատրաստում հասունության ատեստատի, որն իրավունք է տալիս առանց քննության բուհ ընդունվելու: Գիմնազիան ունի 3 բաժին՝ բնա-մաթեմատիկական, ժամանակակից լեզուների և դասական: 1960-ական թթ. ստեղծվեցին տեխ., հասարակա-տնտեսագիտական և այլ գիմնազիաներ: Միջնակարգ մասնագիտական դպրոցն ավարտողը իրավունք է ստանում ուսումը շարունակելու բուհում: Բարձրագույն ուս. հաստատությունները (համայսարաններ, տեխ. բուհեր, բժշկական ակադեմիա, մանկավարժական իեստ-ներ ևն) հիմնվում են գիմնազիայի կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների բազայի վրա (ուս. տևողությունը 3—6 տարի): 1969-ին ԳՖՀ-ում հաշվվում էր 29 համալսարան և 50 այլ բուհ: Խոշորագույն համալսարանները գտնվում են Բոննում, Դյուսելդորֆում, Համբարգում, Քյունում, Գյոթինգենում: Գիտ. հիմնարկները ընդգրկում են ԳԱ և ավելի քան 170 տարբեր ԳՀԻ-ներ: Ունի նաև մոտ 200 գիտ. ընկերություն: Խոշորագույն գրադարանները. Բավարիայի պետական գրադարանը Մյունխենում (ավելի քան 2,5 մլն կտոր գիրք), Պետական գրադարան Մարբուրգում (2,2 մլն կտոր գիրք), համայսարանին կից պետ. գրադարան Համբուրգում (մոտ 1 մլն կտոր գիրք): ԳՖՀ ունի մոտ 80 թանգարան և պատկերասրահ:
XI. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը
1971-ին լույս է տեսել 159 օրաթերթ և շաբաթաթերթ, 10,5 հզ. հանդես և այլ պարբերական հրատարակություններ: Մամուլում իշխում է մոնոպոլիաների մի փոքրիկ խումբ: Խոշորագույններն են «Աքսել Շպրինգեր ունդ զոն» բաժնետիրական ընկերությունը, Բաուերի, Գրյուների, Բուրդայի հրատարակչությունները: Շպրինգե-րին է պատկանում օրաթերթերի 29,6 ը: Քիչ հրատարակություններ են իրենց պաշտոնապես անվանում կուսակցական: Հիմնական լրագրերն իրենց հայտարարում են «վերկուսակցական» և «անկախ»: Սակայն նրանց ետևում թաքնված են կառավարական մարմինները, ՔԴՄ, ՔԱՄ, ԳՍԴԿ, ԱԴԿ կուսակցությունները և զանազան մոնոպոլիստական միավորումներ: Լրագրերի մեծ մասը պաշտպանում է ՔԴՄ-ՔՍՄ բլոկը, որի դիրքը առավել լիակատար են արտահայտում Շպրին-գերի թերթերը` «Բիլդ-ցայտունգ» («Bild-Zeitung»), «Բիլդցայտունգ ամ զոնտագ» («Bild-Zeitung am Sonntag»), «Վելտ ամ զոնտագ» («Welt am Sonntag»), «Դի վելտ» («Die Welt»), «Համբուրգեր աբենդբլատ» («Hamburger Abendblatt») և այլն, ինչպես նաև «Ռուր-Նախրիխտեն» («Ruhr-Nach-richten»), «Ռայնիշե պոստ» («Reinische Post»), «Մյունխներ Մերկուր» («Munchner Merkur») լրագրերը, «Դի ցայտ» («Die Zeit»), «Բայերն-կուրիեր» («Baiern-Kuri ег») շաբաթաթերթերը և այլ հրատարակություններ: ԳՍԴԿ ղեկավարության քաղաքականությունը պաշտպանում են «Վեստ-դոյչե ալգեմայնե» («West-Deutsche Allgemeine»), «Նոյե Ռուր-ցայտունգ» («Neue Ruhr-Zeitung»), «Քյուներ Շտադտ-անցայգեր» («Klner StadtAnzeiger»), «Շտուտգարտեր ցայտունգ» («Stuttgar-ter Zeitung»), «Ֆրանկֆուրտեր ռունդ-շաու» («Frankfurter Rundschau») և այլ թերթեր: Լիբերալ բուրժուազիայի և մտավորականության հայացքների արտահայտիչներն են «Զյուդդոյչե ցայտունգ» («S d-deutsche Zeitung») լրագիրը և «Դեր շպիգել» («Der Spiegel») շաբաթաթերթը: Գերմանական կոմունիստական կուսակցությունը հրատարակում է «Ունզերե ցայտ» («Unsere Zeit») լրագիրը: ԳՖՀ-ի ինֆորմացիոն հեռագրական գործակալությունները` «Դոյչե պրեսսե-ագենտուր» (հիմնված` 1949-ին) քաղ. ինֆորմացիա է մատակարարում ԳՖՀ-ի գրեթե բոլոր լրագրերին, ռադիոյին ու հեռուստատեսությանը: 1971-ին ստեղծվել է երկու նոր գործակալություն` «Դոյչեր դեպեշենդինստը» և «Պրոգրես պրեսսե-ագենտուր Հմբխ» (ՊՊԱ), որն արտացոլում է դեմոկրատական ուժերի գործունեությունը: Ներքին ռադիոհաղորդումները վարում է 8, արտասահմանյանը` 2 ռադիոկայան` 30 լեզվուվ: Հեռուստատեսային հաղորդումները տրվում են երկու ծրագրով:
XII. Գրականությունը
Ետպատերազմյան առաջին տարիներին ԳՖՀ-ի գրականությունը ներկայացնում էր մի սերունդ, որին վիճակվել էր ապրել ֆաշիզմի օրոք և հիտլերյան Գերմանիան ճանաչել ներսից: Վ. Բորխերտը ակնարկներում, պատմվածքներում, բանաստեղծական արձակում և «Դռան ետևում» (1947) դրամայում, Հ. Վ. Ռիխտերը «Պարտվածները» (1949), «Նրանք ընկել են աստծու ձեռքից» (1951) վեպերում, Գ. Այխը, Էլիզաբեթ Լանգեսերը, Ռ. Հագելշանգեն իրենց ստեղծագործություններում, Կ. Ցիկմայերը «Սատանայի գեներալը» (1946) դրամայում, Հ. Բյոլը պատմվածքներում, վիպակներում և առաջին վեպերում մարմնավորել են պատերազմական ժամանակի և ետպատերազմյան տարիների ողբերգական հակասությունները: Այս արվեստագետները կործանում էին նացիստական ու միլիտարիստական առասպելները, ջանում ի հայտ բերել ամոթալի հանցագործությունների և թշվառությունների ակունքներն ու շարժիչ ուժերը: 1947-ին ստեղծվեց գրողների մի յուրօրինակ ընկերություն՝ «47-ի խումբ», որի դափնեկիրներն են Գ. Այխը, Հ. Բյոլը, Ի. Բախմանը, Մ. Վալգերը, Գ. Գրասը, Յո. Բոբրովսկին: Այդ խումբը Հ. Վ. Ռիխտերի անփոփոխ նախագահությամբ գոյատևեց մինչև 1970-ը: ԳՖՀ-ի հրատարակչություններն ու որոշ պարբերական հրատարակություններ լույս են ընծայում հետադիմական գրողների՝ նացիստական խավարամոլության շարունակողների ու ժառանգորդների (Դվինգեր, Բաուեր, Կոնգալին, Կեռն) ստեղծագործությունները: Սակայն նրանք ամենևին էլ չեն բնորոշում գերմ. գրականության զարգացման հիմնական պրոցեսը, և նրանց ընթերցողների շրջանակը բավականաչափ սահմանափակ է: Մեծ տպաքանակով տարածվում և մասսայական ընթերցող են գտնում այսպես կոչված Հափակ վեպերը» կամ «կուպորտաժները» (բուլվարային վիպագրությունը): Այդ գրքերից մի քանիսն ունեն «արհեստավորական» վարպետության որոշակի մակարդակ, հետաքրքիր ֆաբուլա: Որոշ հեղինակների հանրամատչելի վեպերում (Հ. Կիրստ, Վ. Հայնրիխ և ուրիշներ) պատերազմական աղետների և ետպատերազմյան հակասությունների վավերական նկարագրությունները, կրքոտ մերկացումները և ԳՖՀ-ի այսօրվա իրականության լիբերալ-բարոյախոսական քննադատությունը զուգակցվում են զինվորականության իդեալների, մինչհիտլերյան տիպի բուրժ. նացիոնալիստական պատրանքների հետ: ԳՖՀ-ի կազմավորումից հետո (1949) խիստ սահմանազատում սկսվեց գրական միջավայրում: Պարզվեց, թե ովքեր են կապված ժողովրդի հետ և ովքեր՝ ոչ: «Ու չասաց ոչ մի բառ» (1953), «Անտերունչ տունը» (1954), «Ծադրածուի աչքերով» (1963) և այլ վեպերում, վիպակներում, պատմվածքներում, ռադիոպիեսներում, հրապարակախոսական ելույթներում Հ. Բյոլն արտահայտեց արդի հասարակական զարգացման անլուծելի հակասություններից, նացիստական ու միլիտարիստական ժառանգության հարատևումից անհանգստացած արվեստագետի աշխարհընկալումը՝ միաժամանակ թույլ տալով քաղաքական որոշ անհեռատեսություն: Գրական կյանքում նշանակալի իրադարձություններ եղան Գ. Գրասի «Թիթեղյա թմբուկ» (1959), «Շան տարիներ» (1963) վեպերը: Հասարակական կյանքին գործուն մասնակցել ձգտող արդի հումանիստական գրականության զանազան երանգներն են հաղորդում Մ. Վալզերի վեպերն ու դրամաները, Հ. Մ. էնցենսբերգերի բանաստեղծություններն ու հրապարակախոսությունը, Զ. Լենցի արձակը: Մ. ֆոն դեր Գրյունը, Գ. Վեստերհոֆը, Ի. Բյուշերը և ուրիշներ միավորվեցին և «61 ի խմբում»՝ բանվորների մասին և բանվորների համար գրողների կազմակերպության մեջ: Հետագայում սրանից անջատվեց քաղաքականապես ավելի արմատական «70-ի արտադրական շրջանակը»: «Ուլտրամախերի» (Պ. Վայս, Հ. Ս. Էնցենսբերգեր, Կազանկե, Բախ և ուրիշներ) ուժեղացող քաղաքական արմատականությանը 60-ական թթ. ընդդիմացան երիտասարդ գրողները, որոնք արտահայտիչ նուրբ լեզու մշակեցին (Յու. Բեքեր, Գաբրիելավոման, Պ. Հանդկե և ուրիշներ): Հումանիստական-գաղափարամետ գրականության յուրատեսակ արձագանքն են դառնում երիտասարդ «նեոնատուրալիստների» (Մ. Շպեեր, Գ. Բաուեր) ստեղծագործությունները, գրողներ, որոնք ջանում են պատկերել կյանքը իր խոր հակասությունների մեջ:
XIII. Ճարտարապետությունը և կերպարվեստը
ճարտարապետության զարգացումը կապված է արդ. շինարարության վերելքի հետ: Գերմ. ֆունկցիոնալիզմի ավանդույթներն օգտագործվել են տրանսպորտային և ինժեներական կառույցների, ֆիրմաների ու վարչական շենքերի շինարարության ժամանակ (ճարտ. Պ. Շնայդեր-Էսլեբեն, Ֆ. Լեոնհարդ, Հ. Հենտրիխ, Հ. Պեչնիգ, Է. Շելլինգ): Մշակվել են բարձակային ու կախովի կառուցվածքների, գմբեթ-թաղանթների և այլ բազմաթիվ տիպեր: Միևնույն ժամանակ բնակարանային շինարարությունը հիմնականում հանգեցվել է 3—5 հարկանի միօրինակ սեկցիոն տների կառուցման: Քասելը, Քիլը, Բրեմենը, Հաննովերը, Մյունխենը և մյուս քաղաքները վերականգնելիս ու վերակառուցելիս մեծ ուշադրություն է դարձվել տրանսպորտային հոսքերի կազմակերպմանը: 1950-ական թթ. տեղ են գտել «օրգանական ճարտարապետության» միտումները, հետաքրքրությունը կորագիծ բարդ ձևերի նկատմամբ (Հ. Շարոուն): Կերպարվեստը խիստ կախման մեջ է մոդեռնիստական, գլխավորապես ամերիկյան արվեստից: Սյուրռեալիզմի հիվանդոտ ֆանտաստիկայով (գեղանկարիչներ Մ. Ցիմմերման, Է. Էնդե) հրապուրվելուց հետո, 1950-ական թթ. տիրապետող է դարձել աբստրակտ արվեստը (գեղանկարիչներ Թ. Վեռներ, Ֆ. Վինթեր, է. Վ. Նայ, քանդակագործներ Ռ. Բելլինգ, Բ. Հայլիգեր): Լայնորեն տարածված են նորագույն մոդեռնիստական հոսանքները, այդ թվում պոպարտը (Հ. Ռ. Ալվերման): Գերմ. արվեստի հումանիստական ավանդույթը պահպանվել է ավագ սերնդի վարպետների (գեղանկարիչներ Կ. Շմիդ-Ռոտլուֆ, 0. Դիքս, 0. Պանկոկ, քանդակագործներ Գ. Մարքս, է. Մատարե) ստեղծագործության մեջ: Հետադիմական ուժերի դեմ պայքարի, բանվորական ու դեմոկրատական շարժման հետ է կապված գեղանկարիչներ ու գրաֆիկներ Վ. ծայգերի, Վ. Բուբերգի, Ա. Պ. Վեբերի, Կ. Շելեմանի, Ա. Հայնցինգերի, կ. Հուբախի, քանդակագործներ Հ. Վիմերի, Ռ. Շտեֆենի ռեալիստական ստեղծագործությունը:
XIV. Երաժշտությունը
Երաժշտական մշակույթը զարգանում է արդի բուրժուական արվեստին հատուկ հասարակական միտումների ազդեցությամբ: խոշոր վարպետների մեծ մասը (Կ. Օրֆ. կ. Ա. Հարթման, Վ. Էգկ, Գ. Ռաֆայել, Յո. Ն. Դավիդ, Վ. Ֆորտներ, Հ. Վ. Հենցե) այս կամ այն չափով հետևում է գերմ. դասական երաժշտության ավանդույթներին՝ ձգտելով իր ստեղծագործության մեջ արտացոլել կյանքի կարևոր երևույթներն ու հումանիստական իդեալները: Դրան զուգընթաց ԳՖՀ դարձել է ամեն տեսակ ուլտրաավանգարդիստական հոսանքների կենտրոն: Կանոնավոր կերպով անցկացվում են ավանգարդիստական փառատոներ ու սեմինարներ (Դարմշտադ, Դոնաուեշինգեն, Քյուն), կազմակերպվում են ծայրահեղ հոսանքները պաշտպանող ընկերություններ և այլ կազմակերպություններ, որոնք, սակայն հաջողություն չունեն ունկնդիրների շրջանում: Բարձր մակարդակի է հասել կատարողական արվեստը: ևրոպայի լավագույն կոլեկտիվների թվին են պատկանում Տռենոսի Գերմանական օպերան, Համբուրգի և Մյունխենի օպերային թատրոնները, սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերր: Գործում են մեծ թվով նշանավոր դիրիժորներ, երաժիշտ կատարողներ, երգիչներ: Անցկացվում են երաժիշտների ինչպես ազգային մասշտաբի («Երիտասարդությունը երաժշտությամբ է զբաղվում» նշանաբանով), այնպես էլ միջազգային բնույթի (խոշորագույնը՝ Մյունխենում) ամենամյա մրցույթներ:
XV. Բալետը
Բալետային խմբեր կան բոլոր օպերային թատրոններին կից: Դրանցից խոշորագույնները գտնվում են Շտուտգարտում, Մյունխենում, Դյուսհլդորֆում, Համբուրգում, Հաննովերում, Ֆրանկֆուրտում, Քյունում, Վուպերտալում: Դասական բալետի փոխարեն ավելի մեծ տեղ է տրվում ազատ պարին: Անգլ. բալետմայստեր Ջ. Կրանկոն բեմադրել է Պ. Ի. Չայկովսկու, Մ. Կ. Գլազունովի, Մ. Ս. Պրոկոֆևի բալետները, ինչպես նաև «ևգենի Օնեգին»ը (երաժշտ. Չայկովսկու, 1965), «Անսանձ կնոջ սանձահարումը» (երաժշտ. Մկաուատտի, Կ. Շուցեի մշակմամբ, 1969), «Կարմեն»ը (երաժշտ. Բիզեի, 1971): Ամերիկյան բալետմայստերներն են գլխավորում Ֆրանկֆուրտի (Ջ. Նյումայեր), Հաննովերի (Ռ. Ադամ) խմբերր: 1964-ից Դյուսելդորֆում գործում է գերմ. բալետմայստեր է. Վալտերր: Ամեն տարի Շտուտգարսում և Մյունխենում անցկացվում են միջազգային փառատոներ: Բալետային խմբերը զուրկ են ազգային ինքնատիպությունից, առաջավոր պարողները հաճախ հյուրախաղերի են հրավիրվում արտասահմանից: Գերմ. կոմպոզիտորների բալետները բեմադրվում են հազվադեպ, օպերայի բալետմայստերները քիչ ուշադրություն են դարձնում տեղի պարարվեստի դպրոցներին:
XVI. Թատրոնը
1945-ից հետո առաջադեմ թատերական գործիչները ձգտել են վերակենդանացնել գերմ. թատրոնի լավագույն ավանդույթները: Բեմադրվել են գերմանացի հեղինակների՝ մինչև 1933-ը գրված կամ տարագրության մեջ ստեղծված պիեսները, օտարերկրյա դրամատուրգիայի լավագույն ստեղծագործությունները: Սակայն օկուպացիոն իշխանությունների հարուցած խոչընդոտների պատճառով խաղացանկ չեն մտել բազմաթիվ հակաֆաշիստական, այդ թվում՝ Ֆ. Վոլֆի և Բ. Բրեխտի պիեսները: Բացառություն էր Վ. Բորխերտի «Դռան ետևում» պիեսը (1947): ԳՖՀ-ի կազմավորումից (1949) հետո վերականգնվել ու կառուցվել են թատերական շենքեր, այդ թվում՝ «Ռեզիդնց թեատրը» (Մյունխեն) և Մանհայմի ազգային թատրոնը: Միաժամանակ աճել է շահութաբեր թատրոնների ցանցը, որտեղ բեմադրվել են ամերիկյան և այլ օտարերկրյա հեղինակների պիեսներ, ռեյուներ, երաժշտական ներկայացումներ: Մի շարք դրամատիկական թատրոնների խաղացանկում տեղ են գտել այսպես կոչված աբսուրդ թատրոնի (Ս. Բեկետ, Է. Իոնեսկո և ուրիշներ) երկերը, ներկայացումները բեմադրվել են վերացական-սիմվոլիկ ոճով: Թատրոնի որոշ առաջատար գործիչներ փորձել են զարգացնել ազգային թատերարվեստի ռեալիստական ավանդույթները, նրանք բեմադրել են գերմ. դասականների գործերը, ինչպես նաև Ն. Վ. Գոգոլի, Ա. Ն. Օստրովսկու, Ա.Պ. Չեխովի պիեսները, Հ. Իբսենի, Բ. Շոուի, Ֆ. Դյուրենմաթի դրամաները, ժամանակակից արևմտագերմ. դրամատուրգների (է. Սիլվանուսի, Հ. Կիահարղտի, Տ. Դորստի, Մ. Վալզերի, Ռ. Հոհուտի և ուրիշների) հակաֆաշիստական ու հակապատերազմական մոտիվներով տոգորված ստեղծագործությունները: Թատերական կյանքում նշանակալի իրադարձություն են եղել Բ. Բրեխտի պիեսների բեմադրությունները Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Նյուրնբերգում: 1947-ից Ռուրում անցկացվում են թատերական փառատոներ: Խոշորագույն թատրոններից բացի դրանց մասնակցում են այսպես կոչված «փողոցների» թատրոնները, որոնք ստեղծվում են 20-ական թթ. գերմ. ագիտպրոպ. կոլեկտիվների օրինակով և բեմադրում են քաղաքական ու արտադրական թեմայով ներկայացումներ: Թատերական գործիչներից են Մ. Հելդը, Տ. Հուցմանը, է. Շրեդերը, Կ. Հարսը, Վ. Տինցը, Գ. Դ. Շվարցեն, Գ. Բուկվիացը, Գ. Շվայկարտը, Կ. Մայզելը, Օ. Ֆ. Շուն: ԳՖՀ-ի թատրոններից են՝ Մանհայմի ազգային թատրոնը, Համբուրգի Հալիաթեատրը, Շտուտգարտի «Մաուշպիլհաուզ»ը, «Շտատսթեատր»ը, Գյոթինգենի Գերմանական թատրոնը, Մյունխենի «Շտատշաուշպիլը»:
XVII. Կինոն
ԳՖՀ-ի կազմավորումից հետո (1949) ցուցադրվել են ամերիկյան զվարճալի կինոգործեր և նույն բնույթի հայրենական կինոկատակերգություններ: 1950—1960-ական թթ. երբեմն թողարկվել են ֆաշիզմն ու միլիտարիզմը խարազանող ֆիլմեր: Սակայն կինոյի խաղացանկը թելադրում է «Գերմանական բանկը»: Այն ֆինաևսավորում է կինեմատոգրաֆիան, ամենից առաջ՝ «ՈւՖԱ» կինոկոնցեռնը: Այդ կոնցեռնի հետ կապված կինոստուդիաներում աշխատում են պրոֆաշիստական կինոժապավեններ ստեղծելու մեջ մասնագիտացող ռեժիսորներ: Արևմտագերմանական կինոարտադրանքի գգալի մասը կազմում են այն կինոնկարները, որտեղ ֆաշիստական չարագործությունների մեղքը գցվում է միայն Հիտլերի վրա, իսկ պատերազմի հանցագործները պատկերվում են որպես «հայրենիքի հավատարիմ զավակներ»: Ստեղծվում են նաև այնպիսի կինոժապավեններ, որտեղ հերոսներին բնորոշ են ոգեզրկությունը, բարոյազրկությունը, դաժանությունը, անտարբերությունը: Մեծ տեղ են գրավում պոռնոգրաֆիական և «սարսափի» կինոնկարները: Կինեմատոգրաֆիան խոր ճգնաժամ է ապրում պետական օգնության բացակայության և հեռուստատեսության մրցակցության պատճառով, շատ կինոֆիրմաներ, կինոթատրոններ փակվում են: Հասարակական կյանքը գրեթե արտացոլում չի գտնում կինոարտաղրանքի մեջ: Սակայն, չնայած աննպաստ պայմաններին, որոշ ռեժիսորներ փորձում են զարգացնել կինոարվեստի առաջադիմական ավանդույթները, ստեղծում են սոցիալական տեսակետից սուր, հումանիստական գործեր՝ ուղղված ռևանշիզմի ու միլիտարիզմի դեմ. «Օրիորդ Ռոզմարին» (1958, ռեժ. Ռ. Տիլե), «Շքանշաններ վունդերքինդների համար» (1965, ռեժ. Ռ. Էռլեր), «Անհաշտները» (1966, ռեժ. Ժ. Մ. Շտրաուբ), «ժամկետը յոթ օր է» (1969, ռեժ. U. Ֆորեր) ևն: Կինոյում նկարահանվում են դերասաններ Մ. Ադոլֆը, Մ. Շելլը, 0. Վ. Ֆիշերը, Կ. Յուրգենսը, Ն. Տիլլերը, Մ. Հելդը, Լ. Պուլվերը, Վ. Հինցը U ուրիշներ: Թողարկվում է (1970) ավելի քան 100 գեղարվեստական կինոնկար (դրանցից մոտ երեսունը այլ երկրների հետ համատեղ): Գործում է (1971) ավելի քան 3600 կինոթատրոն:
Գրկ. Արևմտյան Գերմանիան այսօր, Ե., 1961: Наумов П. А., Бонн — сила и бессилие, 2 изд., М., 1967 Галкин А., Мельников Д., СССР, западные державы и германский вопрос (1945—65), М., 1966 Ясперс К., Куда движется ФРГ, пер. с нем., М., 1969 Демин А. А., Лавров СБ., ФРГ сегодня, Л., 1973 Федеративная Республика Германии, М., 1973 Лавров С. Б., География промышленности ФРГ, ч. 1 — 2, Л., 1967 Сокольников Г. О., ФРГ: современные тенденции в экономике, М., 1971 Фрадкин И . М ., Литература новой Германии, 2 изд., М., 1961 Նույնի, Реставраторы орла и свастики. О неофашистской литера туре в ФРГ, М., 1971 Michael F., Geschichte des deutschen Theaters, Stuttgart, 1969 Gregor U., Patalos E., Geschichte des modernen Films, Giitersloh, 1965.
