ՀՍՀ/ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԿԻՆՈՆԿԱՐ
ԳԻՏԱՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԿԻՆՈՆԿԱՐ, գիտական կինոյի տեսակ, որը մատչելի ձևով շարադրում է գիտության և տեխնիկայի նվաճումները, ցուցադրում և դյուրըմբռնելի բացատրում սակավ հայտնի, դիտարկման տեսակետից բարդ գիտական փորձերը, բնության հազվագյուտ երեևույթները, վավերացնում ժողովուրդների մշակութային կյանքի նշանակալից դրվագները: Զարգացումը սերտ կապված է գիտության ու կինեմատոգրաֆիայի ընդհանուր զարգացման հետ: Սովետական Գ. կ-ի նշանավոր ռեժիսորներից են Վ. Շնեյդերովը, Ա. Զգուրիդին, Բ. Դոլինը, Ֆ. Սոբոլևը, Յու. Ալդոխինը: Հայաստանում Գ. կ-ների արտադրությունը կատարում է Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիան, որն առավելապես իրականացվում է գիտաարտադրական հիմնարկներից ստացվող պատվերների ճանապարհով: Գ. կ-ներ են ստեղծել ռեժիսորներ Ա. Մանարյանը («Բյուրականի աստղադիտարանը»),Զ. ժամհարյանը («Նորը շինարարության մեջ»), Ե. Մանարյանը («Դեղերի ծնունդը»), Գ. Բալասանյանը, Ս. Առաքելյանը և ուրիշներ: Տարածելով գիտության նվաճումները` Գ. կ-ները հանդիսատեսի մեջ դաստիարակում են մատերիալիստական աշխարհայացք, գեղագիտական ճաշակ:
