Jump to content

ՀՍՀ/ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, գիտությունը հասարակական արտադրության զարգացման առաջատար գործոնի վերածելու հիմքի վրա արտադրողական ուժերի արմատական, որակական վերափոխում: Գ. հ-յան ժամանակ, որն սկսվել է XX դ. կեսերին, սրընթաց զարգանում է և ավարտվում գիտությունն անմիջական արտադրողական ուժի վերաճելու պրոցեսը: Գ. հ. փոփոխում է հասարակական արտադրության ողջ դեմքը, աշխատանքի պայմանները, բնույթն ու բովանդակությունը, արտադրողական ուժերի, աշխատանքի հասարակական բաժանման և հասարակության ճյուղային և պրոֆեսիոնալ կառուցվածքը, հանգեցնում աշխատանքի արտադրողականության կտրուկ աճի, ներազդում հասարակական կյանքի բոլոր կողմերի վրա` ներառյալ գյուղատնտեսությունը, տրանսպորտը, կապը, մշակույթը, կենցաղը, մարդկանց հոգեբանությունը, բնության հետ հասարակության փոխհարաբերությունը ևն, շեշտակի արագացնում գիտատեխնիկական առաջընթացը: Գ. հ. մարդկության պատմության օրինաչափ Էտապ Է` բնորոշ կապիտալիզմից կոմունիզմի անցման դարաշրջանին: Այն համաշխարհային երևույթ է, սակայն դրսևորման ձևերը, ընթացքը և հետևանքները սոցիալիստական ու կապիտալիստական երկրներում սկզբունքորեն տարբեր են: Գ. հ. երկարատև պրոցես է, ունի երկու գլխավոր նախադրյալ` գիտատեխնիկական և սոցիալական: Գ. հ-յան նախապատրաստման գործում կարևորագույն դեր խաղացին XIX դ. վերջի և XX դ. սկզբի բնագիտության նվաճումները, երբ մատերիայի վերաբերյալ հայացքներում կատարվեց արմատական հեղաշրջում` ձևավորվեց աշխարհի նոր պատկերը: Դա Վ. Ի. Լենինն անվանեց նորագույն հեղափոխություն բնագիտության մեջ: Այն սկզբնավորվեց Էլեկտրոնի, ռադիումի հայտնաբերումով, քիմ. տարրերի փոխարկմամբ, հարաբերականության և քվանտային տեսությունների ստեղծմամբ: XX դ. առաջին տասնամյակներին Էապես կերպափոխվեցին քիմիայի տեսական հիմունքները, սկսվեց ներթափանցումը ժառանգականության մեխանիզմի մեջ, զարգացավ գենետիկան, ձևավորվեց քրոմոսոմային տեսությունը, հայտնագործվեց ռադիոն, ծնվեց ավիացիան, հեղափոխական առաջընթաց տեղի ունեցավ տեխնիկայում, առաջին հերթին` արդյունաբերության մեջ և տրանսպորտում Էլեկտրականության կիրառման շնորհիվ: 40-ական թթ. գիտությունը լուծեց ատոմի միջուկի ճեղքման պրոբլեմը, մարդկությունը տիրապետեց ատոմային Էներգիային: Կարևորագույն նշանակություն ունեցավ կիբեռնետիկայի ծնունդը: 50-ական թթ. 2-րդ կեսից ՍՍՀՄ-ամ Տիեզերքի հետազոտության, գիտության կազմակերպման ու պլանավորման Փորձի ազդեցության ներքո մի շարք տերություններում ստեղծվեցին գիտական գործունեության պլանավորման և կառավարման համապետական մարմիններ: Մեծ թափ ստացավ գիտության և գիտահետազոտական կազմակերպությունների ֆինաևսավորումը, գիտության նվաճումները արագորեն սկսեցին ներդրվել արտադրության մեջ, գիտությունն ու արտադրությունը օրգանապես միահյուսվեցին: 50-ական թթ. ստեղծվեցին և գիտական հետազոտություններում, արտադրության մեջ, ապա կառավարման բնագավառում լայնորեն կիրառվեցին Էլեկտրոնային հաշվիչ մեքենաևեր (ԷՀՄ), որոնք դարձան Գ. հ-յան խորհրդանիշը (տես Թվանշանային հաշվողական մեքենա): ԷՀՄ-ի ստեղծմամբ մարդկանց տրամաբանական, մտավոր ֆունկցիաների կատարումը մասամբ փոխանցվեց մեքենային, հեռանկարում հնարավորություն ստեղծվեց անցնել արտադրության ու կառավարման համալիր ավտոմատացմանը: ԷՀՄ սկզբունքորեն նոր տիպի տեխնիկա է, որը փոխում է մարդու դիրքն ու դերը արտադրության պրոցեսում, մարդ-մեքենա հարաբերությունում: Այսպիսով, 40—50-ական թթ. մարդկությունը թևակոխեց Գ. հ-յան ժամանակաշրջանը: Զարգացման արդի էտապում Գ. հ-յանը հատուկ են հետևյալ հիմնական գծերը.

1. գիտության վերափոխում անմիջական արտադրողական ուժի, գիտության, տեխնիկայի և արտադրության միասնացում` գիտական նոր գաղափարի արտադրական մարմնավորման ժամկետների կրճատում,

2. սոցիալ-տնտեսական գործունեության մարզում, գիտության՝ առաջատար ոլորտի վերածման շնորհիվ, աշխատանքի հասարակական բաժանման նոր էտապ,

3. արտադրողական ուժերի բոլոր տարրերի, աշխատանքի առարկայի, արտադրության գործիքների և հենց աշխատողի որակական վերափոխում, 4. աշխատանքի բնույթի և բովանդակության, արտադրության պրոցեսի փոխակերպում«… աշխատանքի պարզ պրոցեսից գիտականի…» (Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 46, էջ 208), 5. այդ հիմքի վրա մտավոր և ֆիզիկական աշխատանքի, քաղաքի և գյուղի, արտադրական և ոչ արտադրական ոլորտների միջև հակադրությունների ու էական տարբերությունների հաղթահարման նյութատեխնիկական նախադրյալների ստեղծում, 6. որակապես նոր, նախապես տրված հատկություններով արհեստական նյութերի, ինչպես նաև էներգիայի անսպառ աղբյուրների հայտնադործում, 7. ինֆորմացիոն գործունեության սոցիալ-տնտեսական դերի բարձրացում, որպես հասարակական արտադրության կազմակերպման, կառավարման ու վերահսկման միջոցի, մասսայական հաղորդակցման միջոցների վիթխարի աճ, 8. աշխատավորության ընդհանուր և հատուկ մասնագիտական կրթության, կուլտուրական մակարդակի, ազատ ժամանակի աճ, 9. գիտությունների փոխներգործունեություն, բարդ պրոբլեմների համալիր հետազոտման, հասարակական գիտությունների և գաղափարական պայքարի դերի մեծացում, 10. հասարակական առաջընթացի շեշտակի արագացում, երկրի մասշտաբով մարդկության ողջ գործունեության հետագա ինտերնացիոնալացում, այսպես կոչված «էկոլոգիական պրոբլեմների» առաջացում և դրա հետ կապված «հասարակություն-բնություն» համակարգի գիտական կարգավորման անհրաժեշտություն: Գ. հ. ստեղծում է մարդկանց գործունեության կարևորագույն ոլորտների միասնական համակարգի առաջացման նախադրյալներ, բնության ու հասարակության օրինաչափությունների տեսական ճանաչման (գիտություն), բնության վերափոխման փորձի ու տեխնիկական միջոցների համալիրի (տեխնիկա), նյութական բարիքների արտադրության պրոցեսի (արտադրություն) և արտադրության պրոցեսում պրակտիկ գործունեության եղանակների ռացիոնալ փոխկապակցություն (կառավարում): Արմատապես և որակապես վերափոխելով արտադրական պրակտիկան, կյանքի կոչելով սկզբունքորեն նոր առաջադեմ ճյուղեր (ռադիոէլեկտրոնիկա, ատոմային էներգետիկա, սինթետիկ նյութերի քիմիա, ԷՀՄ-ի արտադրություն են), տեխնոլոգիական պրոցեսներ ու էներգիայի նոր աղբյուրներ, ցանկալի հատկություններով նյութերի ստացում` Գ. հ. նվազեցնում է մարդկանց կախյալ վիճակը բնությունից: Այն նախադրյալներ է ստեղծում արմատապես վերափոխելու արտադրության բնույթը ն գլխավոր արտադրողական ուժի՝ աշխատավորության ֆունկցիաները, ծնում նոր մասնագիտություններ (ծրագրավորող, կարգավորող, կառավարող են): Գ. հ-յանը, ինչպես և ամեն մի տեխնիկական հեղաշրջմանը «… անխուսափելիորեն հետևում է արտադրության հասարակական հարաբերությունների ամենասուր բեկում» (Լենին Վ. Ի., հ. 3, էջ 571): Գ. հ-յան նվաճումների կապիտալիստական կիրառումը ելնում է առաջին հերթին մոնոպոլիաների շահերից և ուղղված է նրանց տնտ. և քաղ. դիրքերի ամրապնդմանը: Կապիտալիզմի պայմաններում Գ. հ. ունի հակամարտ բնույթ, նրա ըստ ամենայնի զարգացումը խոչընդոտվում է կապիտալիստական արտադրաեղանակի շրջանակների սահմանափակությամբ, խորացնում աշխատանքի և կապիտալի միջև անհաշտելի հակասությունները, հանգեցնում տնտ. և քաղ. ճգնաժամերի, մեծ մասշտաբների հասցնում գործազուրկների թիվը: Այն ուժեղացնում է կապիտալիզմից սոցիալիզմի անցման օբյեկտիվ անհրաժեշտությունը, դառնում համաշխարհային հեղափոխական պրոցեսի արագացուցիչ գործոններից մեկը: Սոցիալիստական երկրներում, ընդհակառակը, Գ. հ. ընթանում է անխաթար, և կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը ենթադրում է դրա նվաճումների օրգանական միացում սոցիալիզմի առավելությունների հետ, քանի որ դրանում կենսականորեն շահագրգռված են հասարակության բոլոր անդամները: Վերջիններիս նյութական ու կուլտուրական բարեկեցության անընդհատ բարձրացման նպատակին է ծառայում Գ. հ., դրա բարեհաջող ընթացքը նպաստում է կոմունիստական շինարարության տնտ. և սոցիալական համալիր խնդիրների լուծմանը` համակողմանի ու ներդաշնակ անհատ ձևավորելու համար նյութական ու հոգևոր նախադրյալներ ստեղծելուն: Գ. հ-յան էության և սոցիալական հետե-վանքների մեկնաբանումը մարքս-լենինյան ու բուրժուական գաղափարախոսությունների սուր պայքարի ասպարեզ է: Տես նաև Արտադրության ավտոմատացում:

Գրկ. Քոթանյան Մ. Խ., Գիտա-տեխնիկական առաջադիմությունը և նրա խթանումը, Ե., 1969: Գիտա-տեխնիկական հեղափոխությունը և սոցիալիզմը, Ե., 1975: Գիտատեխնիկական հեղափոխություն, փիլիսոփայական և սոցիալական պրոբլեմները, պրակ 1, Ե., 1975: Научно-техническая революция и общественный прогресс, М., 1969 Современная научно-техническая революция. Историческое исследование, 2 изд., М., 1970 Современная научно-техническая революция в развитых капиталистических странах: экономические проблемы, М., 1971 Афанасьев В. Г., Научно-техническая революция, управление, образование, М., 1972 Научно-техническая революция и социализм, М., 1973 Марков Н. В., Научно-техническая революция, анализ, перспективы, последствия, М., 1973 Глаголев В. Ф., Гудожник Г. С, Козиков Н.А., Современная научно-техническая революция,М., 1974 Товмасян С. С, Качественные фазы развития техники и научно-техническая революция, Е., 1970.