ՀՍՀ/ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏԱՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական գրականության տեսակ, որտեղ գեղարվեստական մտահղացումը հենվում է գիտական որևէ վարկածի վրա` տեղ տալով երևակայությանը, ապագայի կռահումներին: Գ. գ-յան սկզբնավորողը համարվում է Ֆ. Բեկոնը: XVII—XVIII դդ. երևան եկան միջմոլորակային ճանապարհորդությունների մասին վեպեր և ապագայի մասին պատմվածքներ: XIX դ. Գ. գ-յան նշանավոր ներկայացուցիչը Ժ. Վեռնն է՝ իր «Արտասովոր ճանապարհորդություններ» ընդհանուր խորագրի տակ ամփոփված վեպերով: Գ. գ-յան հայտնի հեղինակներից են Կ. Լասվիցը, Բ. Քելերմանը, Կ. Դոյլը, Հ. Ուելսը և ուրիշներ: XIX դ. ռուս գրականության մեջ Գ. գ-յան նմուշներից է Վ. Օդոևսկու «4338 թվականը» ստեղծագործությունը: XX դ. Գ. գ-յան ականավոր ներկայացուցիչներ են Ս. Լեմը,Ա. Ազիմովը, Ռ. Բրեդբերին, Քոբո Աբեն: Գիտաֆանտաստիկ երկերով հարուստ է նաև սովետական գրականությունը (Վ. Օբրուչև, Ա. Տոլստոյ, Ա. Բելյան,Ս. Բելյան, Գ. Ադամով և ուրիշներ): Հայ սովետական գրականության մեջ այս ժանրով են ստեղծագործում Ա. Շայբոնը, Կ. Սիմոնյանը:
