ՀՍՀ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, մարդկային հոգևոր գործունեության բնագավառ, որի նպատակը իրականության մասին օբյեկտիվ գիտելիքների ձեռքբերումն ու տեսական համակարգումն է. հասարակական գիտակցության ձև: Գ. ընդգրկում է ճանաչողական գործունեությունը և դրա արդյունքը, որն ընդհանրության մեջ կազմում է աշխարհի գիտական պատկերը: «Գ.» տերմինով նշանակվում են նաև գիտելիքների առանձին բնագավառները: Ընդհանուր հատկանիշները և առարկան: Գ. գիտելիքների համակարգ է. նրա խնդիրն աշխարհի երևույթների ու պրոցեսների բացատրումը, դրանց ընթացքի կանխատեսումն է, որն արտահայտվում է գիտական օրենքների ու սկզբունքների միջոցով: Գ-յան կարևոր առանձնահատկությունր համակարգայնությունն է, երբ փաստական գիտելիքները կարգավորված են որոշակի տեսական սկզբունքներով: Ուստի Գ. ոչ միայն բացահայտում, այլև ընդհանրացնում և տեսականորեն իմաստավորում է փաստը, որը հնարավորություն է ընձեռում նկարագրել ու բացատրել աշխարհը, պատասխանել ոչ միայն «ինչպե ս», այլև «ինչու» հարցին: Գ-յան համակարգում առանձնաևում են հետազոտության երկու մակարդակներ` էմպիրիկ և տեսական: Առաջինի տարրերը դիտարկումների ու գիտափորձի միջոցով ձեռք բերված փաստերն են, որոնք արտահայտում են առարկաների ու երևույթների քանակական ու որակական առանձնահատկությունները: Տեսականին հատուկ են փաստերի իդեալականացված նկարագրությամբ ստեղծված վերացական օբյեկտներն ու դրանք միավորող սկզբունքները: Տեսական մակարդակը հնարավորություն է ընձեռում Գ-յանը զարգանալ ներքին տրամաբանությամբ, առանց փորձնական նյութին դիմելու, թույլ է տալիս շատ գիտելիքներ արտածել ընդհանուր սկզբունքներից, որոնք հետագայում փորձնական հիմքի են վերադառնում պրակտիկ կիրառության ընթացքում՝ կոնկրետ նյութական բովանդակություն ստանալով վերացական օբյեկտների առարկայական մեկնաբանության շնորհիվ: Իմացության էմպիրիկ մակարդակում մեծ չափով օգտագործվում են չափումը, համեմատումը, ինդուկցիան, դեդուկցիան, վերլուծությունը, համադրումը և այլ մեթոդներ: Տեսական մակարդակին բնորոշ են աբստրակցիան, իդեալականացումը, մոդելավորումը, հիպոթեզը, ընդհանրացումը, մտային գիտափորձը, ձևականացումը ևն: Որպես մարդկային հոգևոր ակտիվ գործունեություն գ. սերտորեն կապված է աշխարհի պրակտիկ առարկայական վերափոխման ու յուրացման խնդիրներին և էապես տարբերվում է ինչպես բուն արտադրական գործունեությունից, այնպես էլ հոգևոր գործունեության այլ ձևերից: Գիտական գործունեությունը տալիս է սկզբունքորեն նոր գիտելիք և այդ պատճառով Գ. մարդկային գործունեության մյուս բնագավառների նկատմամբ հեղափոխական գործոնի դեր է կատարում: ի տարբերություն իրականության գեղարվեստական արտացոլման, Գ. ձգտում է ճշգրիտ, առավելապես ընդհանրական ու օբյեկտիվացված գիտելիքի և այդ իմաստով «անդեմ» է: Այս տեսակետից ընդունված է ասել որ արվեստագետը ստեղծում է, իսկ գիտնականը` հայտնադործում: Սակայն այս սահմանազատումը հարաբերական է՝ պրվեստը գեղագիտականից բացի ունի նաև ճանաչողական արժեք, իսկ Գ-յան օրենքների ու սկզբունքների ձևակերպման գործում զգալի դեր են խաղում նաև գեղագիտական չափանիշները: Յուրահատուկ բնույթ ունի Գ-յան և փիլիսոփայության փոխհարաբերությունը: Նպատակ ունենալով ընդհանուր ձևով բացահայտելու աշխարհի էությունը և մարդու տեղը աշխարհում` փիլիսոփայությունը ընդհանրապես հանդես է գալիս որպես աշխարհայացք և իմացության մեթոդաբանություն: Սակայն փիլ. ուսմունքները տարբեր վերաբերմունք ունեն դեպի Գ.: Այսպես, նեոպոզիտիվիզմը ձգտում է փիլիսոփայությունը տարրալուծել Գ-յան տրամաբանության մեջ, ժխտում փիլիսոփայության աշխարհայացքային դերը, էկզիստենցիալիզմը գտնում է, որ տեսական մտածողության միջոցով անհնարին է բացահայտել մարդկային կյանքի իմաստն ու նպատակը: Դիալեկտիկական մատերիալիզմը, ուսումնասիրման առարկա համարելով բնության, հասարակության և մտածողության ընդհանրական օրենքները, կողմնորոշվում է դեպի Գ.: Փիլիսոփայության և հասարակական գիտակցության այլ ձևերի հետ ունեցած կապի շնորհիվ Գ. ձեռք է բերում գադափարախոսական, քաղաքական, հետևաբար նաև դասակարգային և կուսակցական բնույթ: Զարգացման հիմնական փուլերը: Առաջին գիտական գիտելիքները ծնունդ են առել "Հին Արևելքի երկրներում (Բաբելոն, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան), ունեցել են պրակտիկ բնույթ, հանդես եկել որպես արտադրական գործունեության իրականացման կարողություն, հմտություն: Կուտակված փաստերի այս բազայի վրա մ.թ.ա. VI դ. Հին Հունաստանում ծագել են առաջին տեսական համակարգերը: Հին Հունական բնափիլիսոփայությունը, զուգորդելով գիտելիքները մտահայեցողական փիլ. համակարգերի հետ, առաջինը փորձեց, հակադրվելով դիցաբանությանը, բացատրել աշխարհը բնական հիմքերով: Առաջին անգամ տրվեց բնության, հասարակության և մտածողության օրինաչափությունների նկարագիրը, բնականաբար պարզունակ և անկատար ձևով: Արիստոտելի շնորհիվ ձևակերպվեցին տրամաբանության հիմնական սկզբունքները, մտածողության ոլորտը ներգրավվեցին աշխարհի հիմնարար օրենքներն արտահայտող վերացական հասկացությունները: Սահմանազատվեցին ճշմարտության փաստական ու տրամաբանական ըմբռնումները, դրվեց Գ-յան դրույթների ապացուցելիության պահանջը: Դրա հետևանքով մտահայեցողական ուսմունքներից անջատվեցին և գիտական համակարգերի ձևով ներկայացան երկրաչափությունը (էվկլիդես), մեխանիկան (Արքիմեդ), աստղագիտությունր (Պտղոմեոս): Միջնադարում (III —XV դդ.) Հին աշխարհի Գ-յան ավանդույթները զարգացնում են Արաբական Արևելքի, Առաջավոր ու Միջին Ասիայի ժողովուրդները: Զգալի գիտելիքներ են ձեռք բերվում հատկապես աստղագիտության և մաթեմատիկայի բնագավառներում, մինչդեռ ևրոպական գիտական միտքը հակվում է դեպի սխոլաստիկան ու աստվածաբանությունը: Արդի իմաստով Գ. ձևավորվում է XVI —XVII դդ.` որպես զարգացող կապիտալիստական արտադրահարաբերությունների պահանջ: Դեռևս Վերածննդի շրջանում, հատկապես Լեոնարդո դա Վինչիի փորձարարական ուսումնասիրությունների և Ն. Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքի ստեղծման շնորհիվ, Գ. սկսում է ազատագրվել կրոնից և դուրս է գալիս զարգացման ինքնուրույն ուղի: Բնության անմիջական հայեցումից շրջադարձ է կատարվում նրա վերլուծական մասնատմանը, մտահայեցողական կշռադատություններից` կոնկրետ հետազոտությանը: Տեսական միտքը զուգորդվում է բնության պրակտիկ ուսումնասիրման հետ, որի հետևանքով զգալիորեն աճում է Գ-յան ճանաչողական ունակությունը, հեղաշրջում է կատարվում բնագիտության բնագավառում: Գ. Գալիլեյով սկսվում և Ի. Նյուտոնով ավարտվում է դասական ֆիզիկան, կառուցվում է աշխարհի միասնական մեխանիկական պատկերը: Նորովի է ըմբռնվում նաև Գ-յան դերը մարդկային հոգեոր կյանքում ընդհանրապես: Գ. ստանում է սոցիալական ճանաչում, դիտվում որպես բարձրագույն հոգևոր արժեք: Ամեն ինչ կանգնում է բանականության դատաստանի առջև, «մտածող բանականությունը դարձավ գոյություն ունեցող ամեն բանի միակ չափանիշը» (Էնգելս Ֆ., Անտի-Դյուրինգ, 1967, էջ 21): Դեպի գիտական մտածելակերպն են կողմնորոշվում նաև փիլ. համակարգերը` հիմնական խնդիր դարձնելով գիտելիքի հիմքի ու հնարավորության բացահայտումը: Մեխանիկայի զարգացման շնորհիվ աշխարհի մեխանիստական պատկերը ձեռք է բերում ընդհանուր աշխարհայացքային նշանակություն, հավակնում բացատրել ոչ միայն ֆիզիկականն ու քիմիականը, այլև կենսաբանականը: Դրան համապատասխան մաթեմատիկական մտածելակերպը դիտվում է որպես իդեալ ու չափանիշ ոչ միայն բնական Գ-ների, այլև մտածողության գրեթե բոլոր ոլորտների համար: Սակայն XIX դ. սկսած անհնար է դառնում մեխանիստական պատկերի շրջանակներում բացատրել Գ-յան ամենատարբեր բնագավառներում ձեռք բերված փաստական տվյալները: Գ-յան մեջ են թափանցում որակական հետազոտություններ, ծնվում են մեթոդներ և սկզբունքներ, որոնք հնարավորություն են ընձեռում կապ հաստատել մինչ այդ միմյանցից մեկուսացած բնագավառների միջև: էներգիայի պահպանման ու փոխակերպման օրենքի հայտնադործումով մեկ ընդհանուր հիմքի վրա են դրվում ֆիզիկայի բոլոր բաժինները և քիմիան, բջջային տեսության ստեղծումով միավորվում են բուսական ու կենդանական աշխարհները, իսկ էվուլուցիոն ուսմունքի շնորհիվ զարգացման գաղափարը ներթափանցում է կենսաբանության ոլորտը: Հենվելով անվերջ փոքրերի անալիզի վրա` մաթեմատիկան դիսկրետ վիճակներից անցնում է անընդհատ պրոցեսների ուսումնասիրությանը: Գ. աշխարհի բացարձակ դետերմինացված մեխանիստական պատկերից անցնում է նոր, սինթետիկ պատկերի ստեղծմանը` իր բազմակողմանիությամբ, ամբողջականությամբ և կոնկրետությամբ: Հասարակական Գ-ների բնագավառներում այդ նոր պատկերը ամբողջականացվեց հասարակության զարգացման մասին գիտական տեսության ստեղծումով, որն իրականացրին Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: Հասարակական Գ-ների զարգացման նոր շրջանը կապված է Վ. Ի. Լենինի անվանը, որը, ելնելով նոր դարաշրջանի խնդիրներից, զարգացրեց մարքսիզմի բոլոր բաղկացուցիչ մասերը: Սակայն աշխարհի մեխանիստական պատկերի հաղթահարումը պայմանավորված էր նաև մեթոդաբանական բնույթի դժվարություններով: XIX դ. վերջին—XX դ. սկզբին ֆիզիկայում կատարված հայտնագործությունները արմատական փոփոխություններ առաջ բերեցին գիտական մտածողության հիմքում, անհամապատասխանություն առաջացավ ճշմարտության գիտական ըմբռնման և անմիջական ակնհայտության միջև: Դասական ֆիզիկան ճգնաժամ ապրեց, որն ըստ էության նրա մեթոդաբանական հիմքերի` մեխանիստական աշխարհայացքի ճգնաժամն էր, և որի հաղթահարման միակ ուղին Լենինը համարում էր Գ-յան մեջ դիալեկտիկական մտածելակերպի ներթափանցումը: Այդ դժվարությունները լուծվեցին գիտական նոր հեղափոխությամբ, որն սկսվեց ֆիգիկայում` հարաբերականության տեսության ստեղծումով (Ա. էյնշտեյն) և թափանցեց Գ-յան գրեթե բոլոր ոլորտները: Դրվեցին սկզբունքորեն նոր տիպի Գ-յան` XX դ. Գ-յան հիմքերը: Զարգացման օրինաչափությունները: Արդի Գ-յան զարգացումն ընթանում է արագացող տեմպերով: Յուրաքանչյուր 10—15 տարում կրկնապատկվում է գիտական գործունեության ծավալը, որը, մասնավորապես, արտահայտվում է գիտական հայտնագործությունների, ինֆորմացիայի և գիտաշխատողների քանակի աճով (վերջին 50 տարում տարեկան աճը կազմել է 7, այն դեպքում, երբ բնակչության տարեկան աճը 1,7 է): Դրա հետևանքով ներկայիս գիտնականների ու գիտաշխատողների թիվը կազմում է պատմության ընթացքում եղած գիտնականների 90 ը: Գ-յան զարգացումը չի հանգում միայն գիտելիքների քանակական աճին, այլև շոշափում է Գ-յան ողջ կառուցվածքը, հիմնարար սկզբունքները: Յուրաքանչյուր խոշոր հայտնագործության հետ մեկտեղ վերակառուցվում է Գ-յան ողջ շենքը, փոխվում են բովանդակային կառուցվածքի բաղադրիչները, վերաիմաստավորվում են արդեն ընդունված հասկացություններն ու օրենքները, որն ի վերջո հանգեցնում է գիտական հեղափոխության: Արդի բնական Գ-ների շարքում առաջատար դեր է խաղում ոչ միայն ֆիզիկան, ինչպես դա տեղի ուներ դարասկզբին, այլև կիբեռնետիկան, մոլեկուլյար կենսաբանությունը, մակրոքիմիան ևն: Աստղագիտությունը, ֆիզիկայի կիրառման ոլորտը լինելուց զատ, դարձել է նոր գաղափարների ու աշխարհի մասին նոր պատկերացումների աղբյուր (տես, օրինակ, Բյուրականյան ուղղություն): Գ-յան նվաճումների հիման վրա ծնվում է աշխարհի գիտական նոր պատկերը, որի հիմքը տարածության, ժամանակի ու մատերիայի միասնությունն է, բնության օրենքների վիճակագրական բնույթի ու մատերիայի երկակիության (նյութ և դաշտ), միկրո, մակրո-և մեգա աշխարհների միասնության ըմբռնումը: Այս պատկերն արդեն զուրկ է դասական պատկերին հատուկ անմիջական ակնհայտությունից: Այն կազմված է վերացական հավասարումներից ու կառուցվածքներից, իսկ հաճախ՝ նաև «ողջախոհությանը» հակասող սկզբունքներից, ուստի և չի կարող սովորական իմաստով պատկեր կոչվել: Չափազանց վերացական ձևով է ներկայանում մատերիական իրականության գաղափարը, որն այլևս չի սահմանափակվում վերջավոր զանգվածի մասին ունեցած պատկերացումների շրջանակներում: Սակայն զգայականից Գ-յան այս հեռացումը սոսկ ձևական է, որն ըստ էության նպաստում է աշխարհի ավելի ամբողջական և խոր ըմբռնմանը: Ներկայումս մեծ նշանակություն են ստանում հասարակական Գ-ները, որոնք կոչված են առավել բազմակողմանիորեն ուսումնասիրել մարդուն: Այս հիմքով է, որ տեղի է ունենում բնական, տեխնիկական և հասարակական Գ-ների մերձեցումը: Սոցիալական դերը: XVII — XVIII դդ. սկսած Գ. ներկայանում է որպես ուրույն սոցիալական հաստատություն: Արդի Գ. ավելի սերտորեն է կապվում սոցիալական այլ հաստատություններին: Ներթափանցելով հասարակության ինչպես արտադրական, այնպես էլ քաղ., վարչական, ռազմական ոլորտները` Գ. դառնում է սոցիալ-տնտ. պոտենցիալի կարևորագույն գործոն, իսկ զարգացման տեմպերն ու ուղղվածությունը որոշակիորեն կապվում են տվյալ հասարակության սոցիալ-դասակարգային կառուցվածքին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Գ. սկսում է զարգանալ սկզբունքորեն տարբեր սոցիալական պայմաններում: Անտագոնիստական հասարակարգում Գ-յան նվաճումները օգտագործվում են հիմնականում մոնոպոլիաների գերշահույթներն ապահովելու, աշխատավորների շահագործումն ուժեղացնելու, տնտեսությունը ռազմականացնելու համար: Սոցիալիզմի պայմաններում Գ-յան զարգացումը պլանավորվում է համապետական մասշտաբներում, ի շահ ամբողջ ժողովրդի: Գ. որոշիչ դեր է կատարում ինչպես կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման, այնպես էլ նոր մարդու ձևավորման գործում: Զարգացած սոցիալիստական հասարակարգում Գ-յան նորագույն նվաճումների համար բացվում են նոր, լայն հորիզոններ: Գ-յան ոլորտի այդ ընդլայնումը պայմանավորված է տեխնիկայի և արտադրության հետ նրա ունեցած կապի բնույթի փոփոխություններով: «Գ.—տեխնիկա—արտադրություն» համակարգում Գ. ձեռք է բերում առաջնակարգ նշանակություն՝ փոխելով նյութական արտադրության պրոցեսի կառուցվածքն ու բնույթը: Արտադրության պրոցեսը, որ մինչ այդ կախված էր բանվորի անմիջական հմտությունից, այժմ ներկայանում է «որպես գիտության տեխնոլոգիական կիրառություն» (Կ. Մարքս): Գիտատեխնիկական հեղափոխության հետ կապված, առաջնահերթ նշանակություն են ստանում Գ-յան կազմակերպման և կառավարման խնդիրները: Ընդլայնվում է աշխատանքի գիտական կազմակերպումը, ստեղծվում են արտադրության ավտոմատ կառավարման համակարգեր: Գ-յան նվաճումները ներդըր-վում են արտադրական միավորների, պետության և ընդհանրապես հասարակության գործունեության կառավարման ուորտում: Նորովի է դրվում նաև Գ-յան և բարոյականության փոխհարաբերության հարցը: Գ., մարդուն տրամադրելով վիթխարի էներգետիկ ռեսուրսներ, միաժամանակ մեծ պատասխանատվություն է դնում նրա առջև ձեռք բերված նվաճումների ճիշտ օգտագործման համար: Եթե բարձր սոցիալ-բարոյական մակարդակ ունեցող հասարակության մեջ այդ նվաճումները կարող են իրոք նպաստել մարդու բարեկեցությանը, բնությունից ազատագրվելուն, ապա անտագոնիստական հասարակարգում այդ նվաճումները կործանարար ազդեցություն կարող են ունենալ ողջ մարդկության համար: Այդ պատճառով Գ-յան նվաճումները հումանիստական նպատակներով օգտագործելը դառնում է հրատապ: Կապիտալիստական հասարակարգում Գ-յան զարգացման բուռն տեմպերը` նրա աշխարհայացքային գնահատման և արժեքավորման հարցում, ծնում են միմյանց հերքող, երբեմն ծայրահեղ տեսակետներ: Սցիենտիզմը բացարձականացնելով «ճշգրիտ» գիտական մտածելակերպի դերը, Գ. դիտում է որպես բարձրագույն մշակութային արժեք՝ մերժելով հումանիտար և աշխարհայացքային պրոբլեմների նշանակությունը: Հակասցիենտիզմը գտնում է, որ Գ. սկզբունքորեն ի վիճակի չէ լուծելու մարդկային հասարակության արմատական պրոբլեմները, հերքում է նրա դրական ազդեցությունը մշակույթի վրա ընդհանրապես: Մարքսիստական փիլիսոփայությունը գիտական և աշխարհայացքային արժեքները զուգորդում է պատմական մատերիալիզմի բազայի վրա, դրանով հաղթահարելով Գ-յան առանձին բնագավառների անջրպետները, Գ. մերձեցնում աշխարհի հոգևոր յուրացման այլ ձներին: Դա էլ պայմաններ է ստեղծում ապագայի նոր` միասնական Գ-յան ստեղծման համար, որը ներդաշնակորեն զուգորդելով ճշմարտային, բարոյական ու գեղագիտական չափանիշները, պետք է համապատասխանի մարդկային աշխատանքի համընդհանրական բնույթին և նպաստի մարդու բացարձակ ազատագրմանը: Տես նաև Բնագիտություն, Գիտելիք, Տեսություն հոդվածները, առանձին երկրների Գ-յան մասին՝ այդ երկրների վերաբերյալ հոդվածները: Դասակարգումը: Գ-յան դասակարգման առաջին փորձերը հայտնի են Հին աշխարհից: Արիստոտելի աշխատություններում արդեն ուրվագծվել են Գ-յան երեք հիմնական բաժիններ («ֆիզիկա», «էթիկա» և «տրամաբանություն»): Արդի Գ-յան մեջ ընթացող դիֆերենցման և ինտեգրացման բուռն պրոցեսը, Գ-յան նոր բնագավառների ծնունդը, կիրառման սահմանների ընդլայնումը պահանջում են Գ-յան դասակարգման համար որոնել նոր ու հուսալի չափանիշներ: Առաջին մոտավորությամբ կարելի է նշել Գ-յան երեք խոշոր բնագավառներ` բնական, տեխնիկական և հասարակական, որոնք տարբերվում են ուսումնասիրման առարկայով և մեթոդներով: Սակայն Գ-ների բազմաթիվ ճյուղեր չեն տեղավորվում այս համակարգերից որևէ մեկում: Օրինակ, տեխնիկական և հասարակական Գ-ների սահմանագծում ծնվել է տեխնիկական գեղագիտությունը, բնական ու հասարակական Գ-ների սահմանագծում` տնտեսական աշխարհագրությունը են: Տեխնիկական Գ-ների համակարգը որոշ իմաստով ներկայանում է որպես բնական Գ-ների կիրառություն: Ծնվել են այնպիսի սահմանային գիտություններ, ինչպիսիք են աստղաբուսաբանությունը, բիոնիկան ևն: Ուրույն տեղ ունի նաև մաթեմատիկան: Այն անմիջականորեն չի վերաբերում բնությանը, ուստի չի կարող մտնել բնական Գ-ների համակարգի մեջ, բայց ակնհայտ է, որ այն չի կարող համարվել նաև հասարակական Գ.: Պրոբլեմատիկ է նաե փիլ. Գ-ների բնույթը: Ներկայումս Գ-ների դասակարգման համար որպես ելակետ ընդունվում են երեք սկզբունքներ՝ 1. առարկան, 2. մեթոդը, 3. այն նպատակը, որին ծառայում է Գ-յան տվյալ բաժինը: Մատերիայի շարժման ձևրի էնգելսյան դասակարգումը զուգորդելով նշված երեք սկզբունքների հետ՝ Բ. Մ. Կեդրովը կազմել է Գ-ների դասակարգման պայմանական սխեման:
Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1—3, Ե., 1933 — 49: Նույնի, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե., 1948: Նույն ի. Թեզիսներ Ֆոյերբախի մասին, Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկան, Ե., 1969: Նույնի, Անտի-Դյուրինգ, Ե., 1967: Նույնի, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե., 1972: Նույնի, Սոցիալիզմի զարգացումը ուտոպիայից գիտություն, Ե., 1969: Լենին Վ. Ի., Գիտության մասին (ժողովածու), Ե., 1969: Նույնի, Մատերիալիզմ և էմաիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: Նույնի, Փիլիսոփայական տետրեր. Երկ., հ. 38: Նույնի, Մարքսիզմի երեք աղբյուրները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ., հ. 19: Նույնի, Կարլ Մարքս, Երկ., հ. 21: Նույնի, Մարտնչող մատերիալիզմի նշանակության մասին, Երկ., հ. 33: ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1974: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Բեռնալ Ջ. Դ., Գիտությունը և հասարակությունը, Ե., 1955: Համբարձումյան Վ. Հ., Գիտությունը Հայաստանում 40 տարում, Ե., 1960: Վարդապետյան Ղ. Բ., Գիտությունը որպես հասարակական գիտակցության ձև, Ե., 1969: Գիտությունը Հայաստանում 50 տարում, Ե., 1973: Габриэльян Г. Г., Наука и ее роль в обществе, Е., 1956 Амбарцумян В. А., Философские вопросы науки о Вселенной. Сб. докладов, выступлений и статьей, Е., 1973 Телунц A.M., Социальная природа науки, Е., 1975 Франк Ф., Философия науки, М., 1960 Карпов М. М., Наука и развитие общества, М., 1961 Кедров Б. М., Классификация наук, кн. 1—2, М., 1961—65 Философия и естествознание, Сб., пер. с чешского, М., 1965 Проблемы исследования структуры науки, Новосибирск, 1967 Копнин П. В., Логические основы науки, Киев, 1968 Организация научной деятельности, М., 1968 Будущее науки. Международный ежегодник, М., 1968 — Материалистическая диалектика и методы естественных наук. Сб., М., 1968 Научное творчество, Сб., М., 1969 Очерки истории и теории развития науки, М., 1969 Наука и нравственность Сб., М., 1971 Философия и наука, М., 1972 Человек-наука-техника, М., 1973 Швыре в В. С, Юдин Э. Г., Мировоззренческая оценка науки: критика буржуазных концепций сциентизма и антисциентизма, М., 1973 Наука, этика, гуманизм, «Вопросы философии», 1973, N 6, 8 Наука и человечество. Ежегодник, М., 1962—Сноу Ч. П., Две культуры, пер. с англ. М., 1973 What is science?, N. Y., 1955 Со nant J. В., Modern science and modern man, N. Y., 1960 Popper K. R., The logic of scientific discovery, N. Y., 1961 Kuhn T. S., The structure of scientific revolutions, Chicago, 1962 Science and society, ed. N. Kaplan, Chicago, 1965 The science and culture, ed. G. Holton, Boston, 1965 Wissenschaft, Studien zu ihrer Geschichte, Theorie und Organisation, В., 1972.
U. Ավետիսյան, Ա. Թելունց
