ՀՍՀ/ԳԻՐՈՈՒՂՂԱՁԻԳ
ԳԻՐՈՈՒՂՂԱՁԻԳ, գիրոհորիզոն, իրական ուղղաձիգի կամ հորիզոնի հարթության ուղղությունը և այդ հարթության նկատմամբ օբյեկտի թեքության անկյունները որոշող գիրոսկոպային սարք: Պարզագույն Գ. է եռաստիճան աստատիկ գիոոսկոպը, որի առանցքը ձգտում է պահպանել իր ուղղությունը տիեզերական տարածությունում: Սակայն պտտվող Երկրի նկատմամբ այդ առանցքը ժամանակի ընթացքում կվախի իր ուղղությունը: Առանց վերուղղման համակարգի այդ սարքը ծառայում է որպես ուղղաձիգի կարճատև ցուցիչ: Աստատիկ գիրոսկոպի առանցքը ուղղաձիգ դիրքում երկար պահելու համար օգտագործվում է վերուղղման որևէ համակարգ: Լայնորեն տարածված է վերուղղման ճոճանակային համակարգով Գ.: Դա եռաստիճան աստատիկ գիրոսկոպ է, որի վերուղղման համակարգը բաղկացած է տվյալ վայրի ուղղաձիգի նկատմամբ զիրոսկոպի առանցքի շեղման անկյունները ֆիքսող ճոճանակ-վերուղղիչներից (4,5) և մոմենտների տվիչներից (6,7), որոնք զիրոսկոպի վրա գործադրում են այդ վայրի ուղղաձիգի նկատմամբ գիրոսկոպի առանցքի պրեցեսիա առաջացնող համապատասխան վերուղղող մոմենտները: Պոտենցիոմետրները (8, 9) որոշում են հորիզոնի հարթության նկատմամբ օբյեկտի թեքության անկյունները: Գ-ի տարատեսակն է գիրոճոճանակը, որը չունի վերուղղման համակարգ: Օբյեկտի արագ ընթացքի ժամանակ ուղղաձիգի ուղղությունը մեծ ճշգրտությամբ որոշում են գիրոիներցիալ ուղղաձիգի միջոցով, որը բացի գիրոսկոպներից ունի նաև աքսելերոմետրներ և ինտեգրատորներ: Գ-ները լայնորեն կիրառվում են շարժվող օբյեկտների (թռչող ապարատներ, ծովային նավեր) կայունացման համակարգերում:
