ՀՍՀ/ԳԻՐՔ ՏՊԱԳԻՐ
ԳԻՐՔ, տպագիր (հնում՝ ձեռագիր), գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական բովանդակությամբ ստեղծագործություն: Այժմյան իմաստով Գ. է կոչվում տպագիր բնագրով իրար միացված թերթերի հավաքածուն՝ կազմով կամ առանց կազմի: Կառուցված է բնագրից, որը կազմին է միացվում սպիտակ, գունավոր կամ նկարազարդ պահպանակով (ֆորզաց), բնագրի սկզբում դրվող տիտղոսաթերթից (ուր գրվում են հեղինակի և գրքի անունը, հրատարակության վայրը, հրատարակչությունը, տպագրության տարեթիվը), դարձերեսից: Շքեղ հրատարակությունների կազմը պատվում է կազմաշապիկով: Որոշ Գ-եր ունենում են նախատիտղոսաթերթ: Հաճախ նախատիտղոսաթերթին փոխարինում է ճակատանկարը (ֆրոնտիսպիս): Գ-ի տարբեր մասերն իրարից բաժանող թերթը, որի վրա գրվում է միայն տվյալ բաժնի անունը, կոչվում էտիլողոսատ (շմուցտիտուլ): Մամուլների սկզբում, ներքևի ձախ անկյունում, նշվում է հերթական համարը՝ մամլաթիվը (սիզնատուրա) և հեղինակի կամ Գ-ի համառոտ անունը՝ մամլանիշը (նորմա): Գ-ի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ: Պատմական անցյալում մարդիկ գրել են քարե կամ կավե սալիկների (պնակիտների) վրա: Այդպիսի սալիկներով է մեզ հասել աշխարհի հնագույն գեղարվեստական երկը՝ ասուրաբաբելական «Գիլգամեշ» (մ. թ. ա. III հազարամյակ) դյուցազներգությունը: Հին Եգիպտոսում իբրև գրելու նյութ գործածվել է պապիրուսը: Մ. թ. ա. VII դ. պապիրուսը մուտք է գործել Հունաստան, ապա՝ Հռոմ: Մինչև այդ Հունաստանում և Հռոմում տարածված էր Գ-ի մի այլ նախատիպ՝ պոլիպտիտը (մի քանի իրար միացված մոմապատ տախտակներ, որոնք գործածվում էին գրության համար): Մ. թ. ա. II դ. Պերգամոն քաղաքում երևան եկավ մագաղաթը (պերգամենտ): Մագաղաթյա ամենահին ձեռագիրը «Իլիական»ի մ. թ. III դ. գրված մի հատվածն է: Մագաղաթը պապիրուսից ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր և ծալվածքի տեղում թերթերը կարվում-միացվում էին: Իրար միացված մագաղաթյա այդպիսի հավաքածուները հռոմեացիներն անվանում էին կոդեքս (<լատ. Codex—գիրք): Շուտով սկսեցին պատրաստել նաև կազմ՝ պապիրուսից, իրար սոսնձած մագաղաթյա թերթերից կամ տախտակից: Գ-ի այսձևն էլ հետագայում տարածվեց աշխարհում: XIII դ. ևրոպայում գրելու հիմնական նյութը դարձավ թուղթը, որը և էժան էր, և մագաղաթից հեշտ էր պատրաստվում: Գ-ի զարգացման և ժողովրդականացման ազդակ էր տպագրության գյուտը: 1447-ին Յո. Գուտենբերգը մետաղյա շարժական տառերով հրատարակեց ևրոպայում առաջին տպագիր Գ.: Գուտենբերգի գյուտով արմատապես փոխվեց Գ-ի արտաքին տեսքը, բայց դա միանգամից չկատարվեց: Առաջին տասնամյակներում լույս տեսած Գ-երը շատ նման են ձեռագրերին: Այդ պատճառով էլ մինչև 1501-ի հունվ. 1-ը տպագրված Գ-երը կոչվում են խանձարուրային (ինկունաբուլներ, <լատ. cunabulu — օրորոց): Դրանք դեռևս լիակատար տիտղոսաթերթ չունեն, նրանցում չեն նշված հրատարակության վայրն ու տպագրության թվականը, էջակապված չեն, գլուխների վերնագրերն ու առաջին տառերը հաճախ ձեռքով են գրված ևն: XVI դ. գրատպության արվեստը բարձր մակարդակի հասավ հատկապես Վենետիկում, Հռոմում, Ամստերդամում և ևրոպական մի քանի այլ քաղաքներում: Գ-ի տպագրության գործում դարագլուխ հանդիսացավ վիմագրության (լիտոգրաֆիա) գյուտը XVIII դ. վերջերին. դա հեշտացրեց բնագրի հետ նկարների տպագրումը: Գ-երը նկարազարդվել են վաղ դարերից: Տպագրության գյուտից հետո, հատկապես XVIII — XIX դդ. գրաֆիկայի զարգացմանը զուգընթաց, նկարը դառնում է գրքի բաղկացուցիչ մասը: Հայերեն առաջին Գ-երը՝ ձեռագիր մատյանները, ստեղծվել են V դ.: Մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռագիր մատյանը VII դ. «Վեհամոր Ավետարանեն է: Չնայած տպագրության գյուտին, հայերեն ձեռագիր Գ-երի ստեղծումը շարունակվեց մինչև XVIII դ. վերջը: Հայերեն ձեռագիր Գ-երը ստեղծվել և ընդօրինակվել են Հայաստանի և հայ գաղթավայրերի գրչության կենտրոննե րում (Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ, Սիս, Սկևռա, Լվով, Կաֆա ևն): Բնագիրը պատրաստվելուց հետո հանձնվում էր զարդանկարողին (ծաղկող), որը գծում ու գրում էր գլխագրերը, նկարում խորանները, կիսախորանները, սկզբնագարդերն ու վերջնազարդերը, բնագրի բովանդակությանը համապատասխան նկարները: XIII — XIV դդ. ձեռագիր Գ-երի Էջերում են ստեղծվել հայկ. մանրանկարչության գլուխգործոցները: Թղթի վրա մեզ հասած աոաջին հայերեն ձեռագիր Գ. ընդօրինակվել է 981-ին: Մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր Գ., տասնյակ հազար ձեռագիր մատյաններ կորստյան և ոչնչացման են մատնվել օտար նվաճողների ձեռքով: Հայերեն առաջին տպագիր Գ. («Ուրբաթագիրք») լույս է տեսել Վենետիկում, 1512-ին, Հակոբ Մեղապարտի ջանքերով: Այնուհետև տպագրության կենտրոններ են դարձել Կ. Պոլիսը, Վիեննաև, Մադրասը, Կալկաթան, Պետերբուրգը, Նոր Նախիջևանը, Աստրախանը, Մոսկվան, Շուշին, Թիֆլիսը, Բաքուն և այլ քաղաքներ: Հայաստանում առաջին տպարանը բացվել է Էջմիածնում, 1771-ին: Մինչև այժմ աշխարհի տարբեր քաղաքներում գործել են շուրջ 300 հայկ. տպարաններ: Հայերեն հնատիպ, այսինքն մինչև 1800-ը լույս տեսած, Գ-երի թիվը 1000-ի է հասնում: 1801—50-ին հրատարակվել է մոտ 1700 Գ.: Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն Գ-եր: Հայկական ՍՍՀ-ում տարեկան տպագրվում է մոտ 1000 անուն Գ.Մոտավոր հաշվումներով՝ սովետական իշխանության տարիներին Հայաստանում լույս է տեսել շուրջ 50 հզ. անուն Գ.: Կատարելագործվել է նաև Գ-ի ձևավորման, նկարազարդման արվեստը: Հայ տպագիր Գ-ի նկարազարդումների առանձին օրինակներ հանդիպում են XIX դ. սկզբներից (1823-ին Կ. Պոլսում լույս տեսած Եղիշեի «Վարդանաևց պատմությունը», 1858-ին Վենետիկում տպագրված U. Բագրատունու «Հայկ Դյուցազնը» ևն): Սակայն հայ Գ-ի նկարազարդման ժամանակակից ազգային ոճի հիմնադիրը Վ. Սուրենյանցն է: Սովետահայ Գ-ի նկարազարդման գործում նշանակալից ավանդ ունեն Հ. Կոջոյանը («Գիրք ճանապարհի», «Սև ցելերի սերմնացանը», «Սասնա ծռեր»), Մ. Սարյանը («Ռուստամ և Զոհրաբ»), Գ. Խանջյանը («Անլռելի զանգակատուն»), Մ. Մոսոյանը (Ն. Զարյանի «Սասնա Դավիթ»), սփյուռքում՝ Ա. Սարուխանը և ուրիշներ:
Գրկ. Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912: ԼԱոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: Աղախանյան Գ., Գիրքը և պարբերական մամուլը Հայկական ՍՍՀ-ում 40 տարում (վիճակագրական տվյալներ), Ե., 1960: Աբգարյան Գ., Մատենադարան, Ե., 1962: Հայ հնատիպ գրքի մատենագրական ցուցակ. 1512 — 1800, Ե., 1963: Դավթյան Հ., Հայ գիրքը 1801 — 1850 թթ., Ե., 1967: Իշխանյան Ռ, Հայ հնատիպ գիրքը, Ե., 1968: Հ. Դավթյան
