Jump to content

ՀՍՀ/ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնագիտական կաճառ՝ Վայոց ձորում (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրշան): Որպես համալսարան ձեռագրերում հիշատակվում է 1291-ից: Գոյատևել է մինչև 1340-ական թթ.: Վերաճել է համալսարանի Աղբերց վանք (նույն Գլաձորի վանք) ուսումնագիտական կենտրոնից, որ գլխավորում էր Ներսես Մշեցին: Նրա բազմամյա ղեկավարը (մինչև 1331-ը) եղել է Եսայի Նշեցին, ապա՝ ուսուցչապետ Տիրատուրը: Գ. հ. ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում, ավարտաճառերի պաշտպանություն: Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական կամ արվեստից գիտությունների համալսարանի: Ունեցել է երեք լսարան, ա. ուսումնարան ներքին և արտաքին գրոց, բ. գրչության արվեստի՝ մատենագիտության և մանրանկարչության, գ. խազագիտության ու երաժշտության: Դասավանդվել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, աստղաբաշխություն-տոմարագիտություն, երկրաչափություն: Առանձնակի ուշադրություն է դարձվել փիլիսոփայությանը, ուսումնասիրվել են ոչ միայն սկզբնաղբյուրները, այլև դրանց վերաբերյալ մեկնողական գրականությունը: Մատենագիտությունը դասավանդվում էր Գրիգոր որդի Աբասի, ինչպես նաև Հակոբի «Պատճառաց» գրքերով, քերականությունը՝ Եսայի Նչեցու «Վերլուծութիլն քերականութեան» դասագրքով, որպես օժանդակ գրականություն ունենալով Դավիթ Քերականի, Մովսես Քերթողի, Գրիգոր Մագիստրոսի, Վարդան Արևելցու, Հովհաննես Երզնկացու (Պլուզի) աշխատությունները: ճարտասանության արվեստ սովորելու համար օգտագործվում էր Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից»ը: Գ. հ-ում դասավանդել են շուրջ երկու տասնյակ ուսուցչապետներ և վարդապետներ, այդ թվում Դավիթ Սասնեցին, Գրիգոր, Մարտիրոս, Հովհաննես, Կիրակոս և Կյուրեդ րաբունապետները: Գ. հ-ում ստեղծագործել և որպես ուսուցիչներ աշխատել են նշանավոր մանրանկարիչներ Թորոս Տարոնացին, Ավագը և Մոմիկը: Ուսում ստանալու նպատակով այստեղ են ժամանել աշակերտներ Հայաստանի և Կիլիկիայի շատ վայրերից: Հայկ. ուսումնա-մշակութային կենտրոնների համար Գ. հ. պատրաստել է 350 ուսուցիչ վարդապետներ: Ուսումնառության տևողությունը եղել է 7—8 տարի (չհաշված «քահանայական կրթության» երեք տարին, որ պետք էր համալսարան ընդունվելու համար): Շրջանավարտները ստանում էին «վարդապետական հրաման» կամ «վարդապետական գավազան», որը նրանց տալիս էր «դասասաց» լինելու իրավունք: Աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր արարողությամբ, հայցող թեկնածուները հանդես էին գալիս ավարտաճառերով: Գ. հ. քաղաքական-դավանաբանական պայքար է ծավալել ընդդեմ ունիթորության, որը նպատակ ուներ հայ եկեղեցին հպատակեցնել կաթոլիկ եկեղեցուն, պապական գերիշխանություն հաստատել Հայաստանում և Կիլիկիայում: Գ. հ. հովանավորել են Պռոշյան և Օրբելյան իշխանական տները, ինչպես նաև Սյունիքի եկեղեցական իշխանությունը:

Գրկ. Հովսեփյան Գ., Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մաս 2, Երուսաղեմ, 1942: Լ. խաչերյան