ՀՍՀ/ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ
ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ-ում: Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին (մինչ այդ մտնում էր Զանգեզուրի գավառի մեջ): Տարածությունը 752 կմ2 է, կենտրոնը Գորիս: Բնական պայմանները: Գ. շ. գտնվում է ՀՍՍՀ հվ-արլ-ում, Զանգեզուրում, Սյունիքի հրաբխային բարձրավանդակի և Բարգուշատի լեռնաշղթայի հս. լեռնաբազուկների վրա: Ռելիեֆը խիստ կտրտված հրաբխային լեռնազանգվածների, սարավանդների, ծալքաբեկորային լշ-ների, անդնդախոր կիրճերի ու ձորերի մի բարդ համակցություն է: Հս-արմ-ում ընկած է վերին պլիոցենի անդեզիտա-բազալտներից, դտցիտներից կազմված՝ Իշխանասերի լեռնազանգվածը, որի կատարային մասում են Մեծ Իշխանասար հանգած հրաբուխը՝ շրջանի ամենաբարձր կետը (3548 մ) և Զագեձորի խարամային կոնը (3232 մ), որոնց լանջերը զառիթափ են, լայն տարածում ունեն քարաբեկորային կուտակումները (չինգիլներ), տիրապետում է սառնամանիքային հողմնահարությունը: Դեպի հվ., 1500-2100 մ բարձրության վրա, գտնվում է վերին պլիոցենի և անթրոպոգենի լավային (բազալտներ, անդեզիտա-բազալտներ) ծածկույթներից և հոսքերից կազմված Եռաբյուրի սարավանդը՝ բլրային, ալիքավոր մակերևույթով, տեղ-տեղ հարթ, 40—250 մ հարաբերական բարձրության խարամային կոներով: Սարավանդը հվ-ում կտրվում է Որոտանի կիրճով (600—800 մ), որտեղ և գտնվում է Սատանի կամուրջը: Գորիսի թեք սարավանդը, որ տարածված է եռաբլուրից արլ., կազմված է պլիոցենի հրաբխածին-բեկորային նստվածքներից (Գորիսի հաստույթ), ունի ընդհանուր թեքություն դեպի հվ-արլ. և աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Հագարուի ցածրալեոնային սարավանդի հետ: Այն մասնատված է Գորիս, Զորաշեն, Խնձորեսկ, Աղսու, Տեղ, Խոզնավար, Խնածախ գետերի՝ 200—300 մ խորությամբ հովիտներով, ինչպես և ավելի փոքր, ժամանակավոր ջրհոսքերից գոյացած ձորակներով, որոնց զառիթափ լանջերին կան բազմաթիվ բրգաձև ժայռեր (տես Գորիսի «բուրգեր»), քարայրեր, խոռոչներ ևն: Որոտանի աջ ափի ավազանը շրջանի սահմաններում զբաղեցնում են Բարգուշատի լշ-ի ծալքաբեկորային, էրոզիոն-դենուդացիոն, խորը մասնատված անտառապատ լեռնաբազուկները (Սվարանցի, Կապանի ևն): Բարգուշատի ամենաբարձր գագաթը Արտմագդն է (3392 մ): Լեռնաշղթան դեպի արլ. աստիճանաբար ցածրանում է մինչև 1500—2000 մ, լանջերը զառիթափ են (20—30 և ավելի), հատկապես հյուսիսահայաց, իսկ դեպի Որոտան գետը իջնող, ջրբաժանային հատվածները հնագույն հարթեցված մակերևույթներ են փոքրաթեք, որոշ տեղերում նույնիսկ տափարակ: Կլիման բազմազան է, պարզ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ: Վարից դեպի վեր միմյանց հաջորդում են մի շարք տիպեր՝ մեղմ ձմեռներով, չափավոր տաքից մինչև դաժան տևական ձմեռներ ունեցող կլիման: Օդի միջին ջերմաստիճանը հունվարին տատանվում է —2 C-ից (ցածրադիր վայրերում) մինչև — 10 С (իշխանասարի գագաթին), իսկ հուլիսին՝ համապատասխանաբար 22 C-ից մինչև 10 С: Տեղումների տարեկան քանակը՝ 500—800 մմ, առավելագույնը՝ մայիս հունիս ամիսներին: Գ. շ-ի տարածքն ունի բարդ լանդշաֆտային կազմ: Այստեղ իրար հաջորդում են բազմաթիվ ուղղաձիգ բնական գոտիներ՝ չոր տափաստաններ, չափավոր խոնավ և խոնավ տափաստաններ, հվ. հատվածում՝ անտառներ և անտառատափաստաններ, իսկ բարձր լեռների լանջերին՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններ: Տափաստանային լանդշաֆտները ձևավորվել են հրաբխային սարավանդներում` մինչև 2200 մ բարձրությունները: Հողածածկույթը ներկայացված է կարբոնատային և կրազերծված սևահողերով: Անտառային և անտառա-տափաստանային լանդշաֆտները, անտառային դարչնագույն հողերով, հիմնականում հանդիպում են Բարգուշատի լշ-ի հս. լանջերին և Որոտանի հովտում: Աննշան քանակությամբ անտառաբծեր պահպանվել են նաև Գորիս գետի միջին հոսանքում: Չոր նոսր անտառուտներ՝ ցաքի, հոնի, մոշի թփուտներով և ընկուզենու ծառուտներով, հանդիպում են Տեղի սարավանդն ակոսող ձորակա-հովտային տեղամասերում: Ենթալպյան մարգագետինները տարածված են հրաբխային հատվածում մինչև 2900 մ բարձրությունները, իսկ Բարգուշատի լանջերին՝ մինչև 2800 մ, որից բարձր ալպյան մարգագետիններ են: Գետային ցանցը հիմնականում պատկանում է Որոտանի ավագանին, միայն Գորիսի սարավանդի մի քանի գետեր՝ Հագարուի ավազանին: Շրջանի գլխավոր գետը Ոոուոանն է, որի վրա կառուցված ՀԷԿ-երը և ոռոգիչ համակարգը մեծ ազդեցություն են գործել նրա տնտեսության վրա: Գլխավոր վտակներից են Գորիս և Տաթև գետերը: Գ. շ. հարուստ է սառնորակ, քաղցրահամ ջրերով: Ամենահորդ աղբյուրի՝ Ակների ջուրն օգտագործում է Գորիս քաղաքը: Կան հանքային աղբյուրներ՝ «թթու ջրեր» (Տաթև, Քարաշեն, Գորիս), առավել հայտնին Սատանի կամրջի հանքային ջուրն է, որը դեռ հնուց օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ: Լճերից ամենամեծը Սև լիճն է: Անտառներում գերակշռում են բոխին, կաղնին, կան նաև թխկի, վայրի կեռաս, ալոճենի, սզնի, զկռենի, մասուրի թփեր: Աճում է խնձոր, տանձ, կեռաս, թութ, բալ, սալոր, ընկույզ, խաղող, ցածրադիր գետահովիտներում՝ նուռ և թուզ: Տարածված են վարդն ու հասմիկը: Օգտակար հանածոներից արդ. նշանակություն ունեն Սվարանցի երկաթը, Գորիսի անդեզիտա-բազալտները, Եոաբլուրի խարամները: Պատմական ակնարկ: Գ. շ-ի ներկայիս տարածքը, որ գրեթե համընկնում է միջնադարյան Հաբանդին, ապա՝ Բուն Զանգեզուրին (տես Զանգեզուր), բնակեցված է եղել տակավին անհիշելի ժամանակներից, գոյության համար բարիքներով հարուստ, մեղմ կլիմայով գետահովիտներն ու լեռնահովիտները մարդուն գրավել են դեռևս 4—5 հազարամյակ առաջ: Հետագայում, երբ ձևավորվեց հայկական պետականությունը, Գ. շ-ի տարածքը կազմում էր Հայկական բարձրավանդակի արլ. կողմում սփռված մի ընդարձակ աշխարհի՝ Սյունիքի բաղկացուցիչ մասը: Մարզպանության, այնուհետև արաբական տիրապետության շրջանում նա համառորեն մաքառել է՝ պահպանելով ազգային լեզուն և մշակույթը: Իսկ երբ X դ. ստեղծվեց Բագրատունյաց թագավորությունը և Սյունյաց իշխանությունը մտավ նրա քաղաքականության ոլորտը, Բուն Զանգեզուրի մի շարք բնակելի կենտրոններ ձեռք բերեցին կարևոր դիրք: 896—906-ին կառուցվեց Տաթևի վանքը: X—XI դդ. բարձրացան Բղենո Նորավանքը, Շնհերի վանքը են: Տնտ. ու մշակութային վերելքին մեծ հարված հասցրին սելջուկները, որոնք Զանգեզուր ներխուժեցին XI դ. 70-ական թթ.: XII դ. Զանգեզուրում ապաստան գտավ միջտոհմական պայքարում պարտված՝ իշխանական Օրբելյան տոհմը (տես Օրբելյաններ), որը ձուլվելով տեղական իշխանական տներին՝ ստանձնեց ղեկավար դեր: Սյունիքի իշխաններին՝ Օրբելյաններին ու Պռոշյաններին, Զաքարյանների օգնությամբ հաջողվեց երկրամասը ազատել սելջուկներից և հաստատել իրենց իշխանությունը: XIII —XIV դդ. տեղի ունեցան նոր ասպատակություններ, հեռավոր մոնղոլա-թուրքեստանյան տափաստաններից արշավելով՝ երկիր ներխուժեցին վաչկատուն, ընչաքաղց մոնղոլական, թուրք-թաթարական հորդաները, որոնք Սյունիքի բնակչության մի զգալի մասին ստիպեցին լքել հարթավայրերը, ապաստանել լեռնային հովիտների դժվարամատույց բարձունքներում: Սակայն նույնիսկ Լենկթեմուրը անզոր գտնվեց բնաջնջելու հազարամյակներ ի վեր լեռնաշխարհին ապավինած հայությանը: Սիսականում—Զանգեզուրում պահպանվեցին հայ իշխանական տները և եկեղեցական համայնքները, իսկ 1345-ին, Գլաձորի համալսա-րանի հիման վրա ստեղծվեց Տաթևի համալսարանը: 1639-ին օսմանյան Թուրքիայի և շահական Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով Սյունիքը, որի կազմում և Բուն Զանգեգուրը, անցավ Պարսկաստանին: Զանգեգուրը մեծ ներդրում կատարեց հայ ժողովրդի ազատագրական շարժման մեջ, որը XVIII դ. 20-ական թթ. ծավալվեց Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ: Դավիթ Բեկի գործը շարունակեց Մխիթար Սպարապետը: Ապստամբության ձախողումից հետո պարսիկ և օսմանցի բռնակալներն ավելի ուժեղացրին կեղեքումը՝ հայերին մեղադրելով, որ նրանք հրավիրել են ռուսներին, զինված հրոսակները հարձակվում էին գյուղերի վրա, սպանում, ոչնչացնում մարդկանց, թալանում, հողին հավասարեցնում տները: Բնիկ բնակչությանը բնաջնջելու այս քաղաքականության հետևանքով շրջանը որոշ չափով նոսրացավ, առանձին վայրերում գերակշռություն ձեռք բերեց օտարամուտ տարրը: Սակայն, ընդհանուր առմամբ, բնիկները կրկին դիմացան ահեղ արհավիրքին: Պարսկ. տիրապետության շրջանում Գ. շ-ի այժմյան տարածքը կազմում էր Տաթևի մահալը: 1805-ին Զանգեզուրի կազմում այն անցավ Ռուսաստանին: Պատմական այդ ակտը ամրապնդվեց Գյուլիստանի պայմանագրով (1813): 1823-ին կազմվեց Ղարաբաղի պրովինցիան և Զանգեգուրը մտավ նրա կազմի մեջ: Տաթևի մահալի գյուղերն Էին՝ Շինուհայր (Շնհեր), Խոտ, Հալիձոր, Լոր, Տանձատափ, Գորիս, Կյորու, Խնձորեսկ, Ալիղուլիշեն, Կոռնիձոր, Երիշեն (Գեդիշա), Տեղ, Խնածախ, Ղզլ-Ղլաչի: Բոլորը միասին ունեին 2685 ծուխ: Մահալի մելիքը մինբաշի (հազարապետ) Պողոսն Էր՝ Օրբելյանների տոհմից, նստավայրը՝ Տաթևը: 1841-ին մահալի տարածքում կազմվեց Գորիսի գավառամասը, որի կենտրոնը դարձավ Գորիս գյուղը: Մահալական մելիքությունը պահպանվեց մինչև 1868-ի վարչական բաժանումը, երբ ստեղծվեց Ելիզավետպուի նահանգի Զանգեզուրի գավառը, որի կազմի մեջ մտավ Գորիսի գավառամասը: 1870-ին հիմնադրվեց Գորիս քաղաքը՝ Զանգեզուրի գավառի կենտրոնը: Ռուսաստանին միանալը առաջադիմական մեծ նշանակություն ունեցավ, ստեղծվեցին զարգացման բարենպաստ պայմաններ: Մինչ այդ Գ. շ-ում տնտեսության մեջ տիրապետողը բնատնտեսությունն էր, գյուղացիները վճարում էին բազմատեսակ հարկեր: Ռուսաստանին անցնելուց հետո դրանց մի մասը վերացվեց, մյուս մասն Էլ ընդունեց համեմատաբար պարզ ու որոշակի ձև: Որոշ հստակություն մտցվեց հողատիրության ու հողօգտագործման պայմաններում: 1846-ի դեկտ. 6-ի օրենքով խաների, բեկերի, աղալարների հետ միասին մելիքների սեփականություն համարվեցին բոլոր այն հողերը, որ նրանք տիրում էին Ռուսաստանին անցնելու միջոցին: Գյուղացին մնաց իր բնակության վայրում՝ ստանձնելով, սակայն, որոշակի պարտականություններ հողատիրոջ նկատմամբ, փաստորեն մնալով կախվածության մեջ: Հողատերերը հաճախ ձգտում էին զավթել նաև համայնական հողերը, գյուղացիներից դրանց համար տուրքեր պահանջելով: Կալվածատերերի դեմ 1849-ին ընդվզեցին Տեղ գյուղի բնակիչները, որոնց ելույթը Շուշիի գավառապետը որակեց որպես ապստամբություն իրենց աղայի դեմ: 1860-ական թթ. գյուղացիական ռեֆորմներից հետո Էլ Զանգեզուրում պահպանվեցին հողատիրոջ նկատմամբ հողազուրկ գյուղացու պարտականությունները միայն այն տարբերությամբ, որ այնուհետև դրանց հսկողության իրավունքը հողատերերից անցավ տանուտերերին ու դատարանին, ապա և զասեդատելներին: Շրջանում հաստատվեցին հողատիրության հետևյալ ձևերը՝ պետ. (արքունական), մասնավոր, համայնական, վանքապատկան: Դրանք հիմնական գծերով պահպանվեցին ամբողջ նախահեղափոխական շրջանում: XIX դ., հատկապես դարավերջի երկու տասնամյակում, տնտ. մեջ որոշակի տեղաշարժ կատարվեց: Դրան մեծապես նպաստեց Եվլախ—Շուշի—Գորիս—Նախիջևան խճուղին, որը հեռավոր Զանգեզուրը կապեց Թիֆլիս (Թբիլիսի)—Բաքու երկաթգծի հետ՝ խթանելով ապրանքափոխանակությանը: Ուժեղացավ գյուղի շերտավորումը: Նահապետական կյանքով ապրող բազմանդամ (երբեմն նույնիսկ 50 և ավելի մարդ) ընտանիքների քայքայմամբ ավելի սրվեց հողազրկությունը, առաջացավ գործազրկություն: Արտագնացությունը գավառից ընդունեց չտեսնված չափեր: Հաց վաստակելու հույսով մարդիկ աստանդական կյանք էին վարում նրա սահմաններից շատ հեռու, հասնում Բաքու և Գրոզնի, Թիֆլիս և Բաթում, միջինասիական քաղաքներ: Սերտ կապը արդ. կենտրոնների, ամենից առաջ պրոլետարական Բաքվի հետ կարևոր նշանակություն ունեցավ Զանգեզուրում, այդ թվում և Գ. շ-ում, հեղափոխական շարժման ծավալման համար: Գ. շ-ի աշխատավորության ներկայացուցիչները մարտնչել են հանուն սոցիալիստական հեղափոխության հաղթանակի Բաքվում, Երևանում, Ալեքսանդրապուում, Թիֆլիսում, Գրոզնիում, Աշխաբադում և այլուր, ակտիվորեն մասնակցել Բաքվի կոմունայի պաշտպանությանը: 1918-ին Գ. շ-ում հեղափոխական ազատագրական շարժման մեջ խոշոր դեր խաղացին զանգեզուրցի այն կոմունիստները, որոնք շրջան վերադարձան հեղափոխական կենտրոններից: U. Ղարագյոզյանի ղեկավարությամբ Գորիսում ստեղծվեց ընդհատակյա գավկոմ: 1919-ի ապրիլին Խնձորեսկում ձևավորվեց շրջանի առաջին սկզբնական կոմունիստական կուսակցական կազմակերպությունը: Բջիջներ ստեղծվեցին Քարահունջում, Շինուհայրում, Ալիղուլիշենում, Տեղում, Խոտում, Հալիձորում, Տաթևում, Կոռնիձորում, մյուս գյուղերում: 1918—19-ին շրջանի աշխատավորները հաջողությամբ կռվում էին թուրք, հրոսակների դեմ, որոնք ձգտում էին զավթել Ղարաբաղից՝ Զանգեզուրի ու Նախիջևանի վրայով դեպի Թուրքիա տանող ճանապարհը: Նրանք ժող. աշխարհազորի առաջին շարքերում էին (1918), երբ գլխովին ջախջախված թուրք, զորքերը դեն նետվեցին Զանգեզուրի սահմաններից: Դաշնակցական տիրապետության դեմ պայքարը ուժգին թափ ստացավ հատկապես 1920-ի գարնանը, երբ 11-րդ կարմիր բանակը մտավ Անդրկովկաս և սովետական կարգեր հաստատվեցին Ադրբեջանում: Գ. շ. Հայաստանում Մայիսյան ապստամբության կարևոր վայրերից էր: 1920-ի հունիսի վերջերին Զանգեզուր մտավ 11-րդ կարմիր բանակի ջոկատը, որի օգնությամբ աշխատավորները հուլիսի 5-ին Գորիսում տապալեցին դաշնակցականների իշխանությունը և հաստատեցին սովետական կարգեր: Հակոբ Կամարու (Բեժանյան) ղեկավարությամբ ստեղծվեց հեղափոխական կառավարություն, որի մեջ մտան Մ. Մկրտչյանը (լուսժողկոմ), Ք. Մկրտչյանը (հողժողկոմ), Մ. Մաշուրյանը (ներքին գործերի ժողկոմ) և ուրիշներ: Հեղկոմի գործունեությունն ընթանում էր ներքին ու արտաքին՝ դժվար պայմաններում: Դաշնակցականներին հաջողվեց վերահաստատվել Գորիսում, ստեղծել Լեռնային Հայաստանի կառավարությունը, որը նպատակ ուներ օտարերկրյա ինտերվենտների աջակցությամբ արգելակել սովետական իշխանության հաղթանակը Զանգեզուրում: 1921-ի հունիսի վերջերին սովետական զորքերի երկու խմբավորում՝ Երևանյան և Ղարաբաղ-զանգեզուրյան, հս-արմ. և արլ. ուղղություններից հարձակման անցան՝ ազատագրելու Զանգեզուրը: Հուլիսի 2-ին նրանք արդեն Գորիսում էին, 4-ին՝ Տաթևում: Քաղաքացիական կռիվներից հետո Գորիսի գավառի աշխատավորության անելիքները իրենց արտացոլումը գտան 1922-ի հունվարին Կոմկուսի գավառային կազմակերպության 1-ին կոնֆերանսում: Հարկավոր էր վերացնել սովը, ստեղծել հացի և մթերքների պաշարներ, ապահովել դրանց ճիշտ բաշխումը: Սովետական պետությունը գյուղացիներին հատկացրեց հացահատիկի սերմացու, գյուղ-գործիքներ, վարկ: Հետզհետե հաղթահարվեցին տնտ. վերականգնման դժվարությունները, ավելացան ցանքատարածությունները, բարձրացավ բերքատվությունը: 1924-ին Գորիս գյուղում Սկսել Բակունցը կազմակերպեց գյուղատնտ. արտել, որը ձեռնամուխ եղավ բարելավելու անասունների տեղական ցեղը: 1925-ին գավառի տնտ. հիմնական ցուցանիշներով գերազանցեց նախապատերազմյան մակարդակը, պայմաններ ստեղծվեցին գյուղատնտեսության զարգացման համար: 1928—29-ին կոլտնտսային շարժումը տարածվեց շրջանում: 1931-ի ապրիլի 27-ին ուժեղ երկրաշարժը մեծ վնասներ հասցրեց շրջանի գյուղերին: Բայց պետ. օգնության շնորհիվ հնարավոր եղավ դրանք արագորեն վերականգնել: 1934-ին կոլտնտսություններին էր պատկանում հացահատիկային կուլտուրաների ցանքատարածության 95 ը: 1935-ին կազմակերպվեց Գորիսի ՄՏԿ-ն, ապա՝ Շինուհայրինը: 1925-ի համեմատությամբ 1940-ին ցանքատարածությունները գրեթե կրկնապատկվեցին, զարգանում էր անասնապահությունը: Նախապատերազմյան շրջանում որոշ աշխատանք կատարվեց արդյունաբերություն ստեղծելու ուղղությամբ, գործարկվեցին աղյուսի գործարանը (1931) և Բայանդուրի (այժմ՝ Վաղատուր) պանրագործարանը: 1941—45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին Գ. շ-ից ռազմաճակատ է մեկնել 4330 մարդ: Նրանցից 2559-ը զոհվել է պատերազմում, 2500-ը պարգևատրվել ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով: Գ. շ-ից են սովետական բանակի մի շարք անվանի հրամանատարներ և քաղաշխատողներ, այդ թվում՝ գեներալ-լեյտենանտ Բ. Առուշանյանը, գեներալ-մայոր Ս. Կարապետյանը, պետ. մրցանակի քառակի դափնեկիր գեներալ-մայոր Կ. Յույանր, գեներալ-մայոր Մ. Մինասյանը, դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ն. Բալոյանը, դիվիզիայի կոմիսար Գ. Սաֆրագբեկյանը և ուրիշներ: Մարտական արիության և խիզախության համար Սովետական Միության հերոսի կոչման են արժանացել տանկային բրիգադի հրամանատար, գնդապետ Գ. Գալստյանը, լեյտենանտ Գ. Արզումանյանը, սերժանտներ Ս. Առաքելյանը և Ա. Սարգսյանը: Պատերազմի տարիներին շրջանի աշխատավորները մեծ ներդրում կատարեցին թիկունքն ամրապնդելու մեջ: Նրանք հավերժացրել են Հայրենական պատերազմում զոհված հայրենակիցների հիշատակը հուշարձան-կոթողներով՝ Գորիս քաղաքում և շրջասի գյուղերում: Ետպատերազմյան շրջանում մեծ աշխատանք է կատարվել գյուղատնտեսության աշխատատար պրոցեսների մեքենայացման, ջրովի հողատարածությունների ավելացման, արոտավայրերի ջրարբիացման, բերքատվության ու մթերատվության բարձրացման համար: 1940-ի 28 կոլտնտսությունների փոխարեն 1975-ին կար 7 սովետական տնտեսություն՝ Վերիշենի, Հարթաշենի, Ավանգարդի, Շինուհայրի, Հարժիսի, Տաթևի, Մվարանցի, և 12 կոլտնտսություն՝ Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Արևիսի, Տեղի, Կոռնիձորի, Քարաշենի, Խնձորեսկի, Քարահունջի, Բարձրավանի, Աղբուլաղի, Ղուրդուղուլաղի: Ջրովի հողերը ընդլայնվել են ավելի քան 6 հզ. հա-ով: Հիմնովին փոխվել է գյուղերի տեսքը: Մինչև 1950—60-ական թթ. նրանց մեծ մասը տեղավորված էր խոր ձորերում, բնակարանները ճնշող մեծամասնությամբ քարատակներ էին՝ փորված ժայռերի մեջ: 10—15 տարում Խնձորեսկը, Շինուհայրը, Հալիձորը, Խոտը, Քարաշենը, Տեղը, Կոռնիձորը դուրս են եկել ձորերից, հարթավայրերում բարձրացել են նոր գյուղերը, կառուցապատվել մեկ-երկու հարկանի տներով, հասարակական ու արտադրական շենքերով, կանաչապատվել այգիներով ու պարտեզներով: Վերափոխվել են նաև Տաթևը, Քարահունջը, Վերիշենը, Սվարանցը, Բարձրավանը և մյուս գյուղերը, որոնք մնացել են իրենց տեղերում: Երեք գյուղեր՝ Այգեձոր (Մաղանջուղ), Ձորաշեն (Կյորու) և Ազատաշեն (Ալիղուլիշեն), միավորվել են մի գյուղում՝ Հարթաշենում: Իսկ Առաջաձորը՝ շրջանի ամենահեռավոր գյուղը, միացվել է Ղափանի՝ Նորաշենիկի սովետական տնտեսությանը: Գ. շ-ի գյուղերը Հայաստանում առաջիններից էին, որ էլեկտրիֆիկացվեցին: Դեռևս 1931-ին էլեկտրական լույս ստացան Քարահունջը, Բռունը և Վերիշենը, հաջորդ տարում՝ Ազատաշենը, Չորաշենր, Խնձորեսկը, շուտով նաև՝ Տեղը, Կոռնիձորը, Քարաշենը, Արևիսը: Այժմ էլեկտրաէներգիան օգտագործվում է ոչ միայն կենցաղում, այլև արտադրության մեջ: Գ. շ-ի բնակչությունը 1975-ին, առանց Գորիս քաղաքի, 20450 մարդ էր: Վերջին տասնամյակներին Գ. շ-ից հարյուրավոր ընտանիքներ վերաբնակվել են մյուս վայրերում, հատկապես Երևանում: 1975-ին Գ շ-ում կար 92 սկզբնական կոմունիստական կուսակցական կազմակերպություն՝ 2150 կոմունիստներով: 1922—75-ին տեղի է ունեցել շրջանային կուսկազմակերպության 31 կոնֆերանս: Աոաջին կոմունիստական երիտասարդական կազմակերպությունը ստեղծվել է 1922-ին: 1975-ին կար 99 սկզբնական կազմակերպություն՝ 6815 կոմերիտականներով: Գ. շ. հարուստ է հուշարձաններով: Պատմա-մշակութային և ազգագրական կարևոր նշանակություն ունեն հարթավայրերը տեղափոխված բնակավայրերի հին գյուղատեղերը քարանձավներով ու քարատակներով հանդերձ: Քարայր-բնակարաններ կան Գորիսում, Խնձորեսկում, Կոռնիձորում, Խոտում, Շինուհայրում, այլ գյուղերում: Միջնադարյան հուշարձաններից են Տաթևի վանքը (IX—XVIII), Բղենո Նորավանքը (1062), Հալիձորի Հարանց, Շինուհայրի Կուսանաց անապատները, Տեղի Ս. Գևորգ եկեղեցին, Խնձորեսկի անապատը (XVII դ.) Մխիթար Սպարապետի գերեզմանով ևն: Տնտեսությունը: Գ. շ-ի տարածքը կազմում է 74657 հա, որից գյուղատնտեսության համար պիտանի հողերը՝ 52187 հա: Վարելահողերը 1975-ին զբաղեցնում էին 17.211 հա, խոտհարքները՝ 2614, արոտները՝ 31.000, բազմամյա տնկարկները՝ 825 հա: Ջրովի տարածությունները 2632 հա էին, խոպան հողերը՝ 144 հա: Ցանքատարածությունները կազմում էին. հացահատիկ՝ 8830, բանջարեղեն՝ 200, ծխախոտ՝ 165, կերաբույսեր՝ 6140 հա, այգիները՝ 760 հա: Գյուղատնտեսությունը բազմաճյուղ է, սակայն գլխավոր ուղղությունը անասնապահությունն է, ընդ որում՝ խոշոր եղջերավոր անասնապահությունը: 1976-ին կար 23950 խոշոր եղջերավոր անասուն, որից կովեր՝ 9650: Շրջանում բուծվող կովերի նախկին կովկասյան ցեղը բարելավվել է Շվից ցեղով: Ներկայումս սելեկցիոն աշխատանք է տարվում խառնածին ցեղի լավագույն հատկանիշների ամրապնդման և կատարելագործման նպատակով: Կար 93870 ոչխար: Նախկինում բուծվող ոչխարի ղարաբաղյան կոպտաբուրդ ցեղը տրամախաչվել է նրբագեղմ, իսկ վերջին տարիների Հյուսիս-կովկասյան կիսանրբագեղմ ցեղերով: Ցանքատարածությունները մեծ զանգվածներ են զբաղեցնում Եոաբլուրի, Խնձորեսկի և Տեղ-Կոռնիձորի հարթավայրերում: Օգտագործվում են նաև լեռների արլ. լանջերում ստեղծված դարավանդները: Բնորոշ է, հատկապես հարթավայրերում, դաշտային աշխատանքների մեքենայացման բարձր աստիճանը: 1976-ին շրջանի տնտեսություններն ունեին 296 տրակտոր, 52 հացահատիկային կոմբայն, 695 բեռնատար ավտոմեքենա, հարյուրավոր խոտահավաքիչ-մամլիչներ, սիլոսի կոմբայններ, կարտոֆիլացան և կարտոֆիլահավաք մեքենաներ: Լայնորեն օգտագործվում են օրգ. և հանքային պարարտանյութերը, բույսերի վնասատուների դեմ քիմ. միջոցները: հացահատիկային ցանքատարածություններում արմատավորվել է Բեզոստայա բարձր բերքատու հայրենական սորտը: Այգիները մինչև վերջերս տարածված էին սոսկ գետերի ու գետակների հովիտներում: Խնձորեսկում, Գորիս գյուղում, Քարահունջում, Շինուհայրում, Տաթևում, այլ գյուղերում դարեր առաջ կառուցվել են ջրանցքներ, որոնք սկիզբ առնելով ձորի բարձրադիր մասից, գետի նկատմամբ սուր անկյունով անցնում են լեռների լանջերով, երբեմն այնտեղ փորված թունելներով, դուրս գալիս ձորի վրս 200—300 մ բարձրությամբ կախված դարավանդները, որտեղ այգի է գցված: Որոտանի ոռոգիչ համակարգի կառուցմամբ հնարավոր եղավ այգի դարձնել Տեղի սարավանդից զգալի տարածություններ: Քարահունջի և Խնձորեսկի լեռնալանջերի որոշ մասերում ստեղծվում են ընկույզի պլանտացիաներ: Գյուղատնտեսության հետագա մասնագիտացմամբ առանձին գյուղերում որոշակի տեղ են գրավում ծխախոտագործությունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը: Գորիսի արդ. ձեռնարկությունները մասնաճյուղեր են ստեղծել որոշ գյուղերում (Շինուհայր, Տեղ, Կոոնիձոր, կարժիս, Որոտան): Գ. շ. խճուղիներով կապված է Հայկական ՍՍՀ մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Ղափանի և Ստեփանակերտի հետ: Վերակառուցվում, ասֆալտապատվում են Գորիս քաղաքից դեպի գյուղերը տանող ճանապարհները: Շոջկենտրոնի և Գյուղերի միջև հաստատվել է ավտոբուսային երթևեկություն: Գ. շ. օդային կապ ունի Երևանի, Ջերմուկի, Սիսիանի, Ղալիանի, Ստեփանակերտի հետ: Առողջապահությունը: Նախահեղափոխական Գ. շ-ում տարածված էին մալարիան, թոքախտը, ծաղիկը, տիֆը, տրախոման, այլ հիվանդություններ: Պարբերաբար բռնկում էին համաճարակներ: Իսպառ բացակայում էր բժշկ. սպասարկումը, բուժմամբ զբաղվում էին գրեթե միայն արհեստավորի ժառանգական մենաշնորհով օժտված հեքիմները, որոնք երբեմն իրենց հետ գերեզման էին տանում ժող. բժշկության գաղտնիքները: 1920-ին շրջանում միակ բժշկ. հիմնարկը Գորիսի հիվանդանոցն էր՝ 25 մահճակալով: Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է ժամանակակից բժշկ. հիմնարկների ցանց, վերացել են երբեմնի տարածված հիվանդությունները, բնակչության բուժսպասարկումը, հիվանդությունների կանխարգելրչ միջոցառումները Դարձել են պետ. գործ: 1976-ին Գ. շ. ուներ 32 բժշկ. հիմնարկ 618 բուժաշխատողներով: Բուժսպասարկումն ընդգրկել է նւսև գյուղը, որտեղ գործում է 7 հիվանդանոցային հիմնարկ, բուժ-մանկաբարձական 22 կետ, գյուղական 3 ծննդատուն, 14 մսուր-մանկապարտեզ, 3 դեղատուն: Հիվանդանոցներ կան Շինուհայրում, Խնածախում, Տեղում, Տաթևում: Ընդհանուր առմամբ նրանք ունեն 370 մահճակալ: Մշակույթը: Միջնադարում՝ Տաթևի համալսարանի գործունեության շրջանում սկսված մշակույթի վերելքն օտարերկրյա զավթիչների կողմից խափանվելուց հետո, Գ. շ-ի ներկայիս տարածքում երկսյր ժամանակ դպրոցներ չեն եղել: Գրաճանաչություն էին սովորում վանքերում և անապատներում: Առաջին դպրոցները բացվել են XIX դ. վերջին քառորդում՝ Գորիսում, Խնձորեսկում, Տաթևում, Տեղում: Ըստ խոսք թերթի տվյալների, 1914-ին գրագետ էր բնակչության միայն 5 ը: Շրջանի միակ մշակութային օջախը Գորիս քաղաքի գրադարանն էր: Սովետական իշխանության առաջին իսկ տարում բացվեց 6 նոր դպրոց. 1923-ին արդեն գործում էր 16 դպրոց (34 ուսուցիչ): Գորիսում կազմակերպվեցին ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Կուլտուրական հեղափոխության տարիներին վերացվեց բնակչության անգրագիտությունը, ծավալվեց պարտադիր ուսուցումը, դպրոցական կրթության ցանցն ընդգրկեց գյուղը, բացվեցին միջնակարգ դպրոցներ, ստեղծվեցին միջնակարգ մասնագիտական, իսկ Գորիսում՝ նաև բարձրագույն կրթության օջախ: 1975—76 ուս. տարում Գ. շ. ուներ 31 դպրոց, այդ թվում միջնակարգ՝ 20: Մասսայական դպրոցներում սովորում էր 9092 սան, աշխատում 681 ուսուցիչ: Գործում էր 30 ակումբային հիմնարկ, 68 գրադարան (գրքային ֆոնդը՝ 405000), ժող. թատրոն (1956-ից): 1976-ին ժող. տնտեսության տարբեր ճյուղերում աշխատում էր միջնակարգ մասնագիտական կրթությամբ 495, բարձրագույն կրթությամբ 920 մասնագետ, այդ թվում՝ գյուղատնտես 102, ինժեներ՝ 175: Լույս է տեսնում ՀԿԿ Գորիսի շրջկոմի և Աշխատավորների դեպուտատների Գորիսի շրջսովետի օրգան «Ջանգեզուր» թերթը: Գ. շ-ի բնակավայրերն են. Աղբալաղ, Արավուս (Արևիս), Բայանդուր, Բարձրավան, Բռուն, Խնածախ, Խնձորեսկ, Խոտ, Խոգնավար, Կոռնիձոր, Հալիձոր, Հարթաշեն, Ղուրդուղուլաղ, Մալդաշ, Հարժիս, Շինուհայր, Շուրնուխի, Սվարանց, Վաղատուր, Վերիշեն, Տաթև, Տանձատափ, Տեղ, փայտամշակման գործարանին կից ավան, Քարահունջ, Քարաշեն:
Գրկ. Օրբելյան Ս., Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1911: Լալայան Ե., Զանգեզուր, ԱՀ, գիրք Հ: Ութմազյան Հ. Մ., Սյունիքը IX—X դարերում, Ե., 1958: Լիսիցյան Ստ., Զանգեզուրի հայերը, Ե., 1969: Պետրոսյան Բ., Լեռնաշխարհի վերածնունդը, Ե., 1973: Հարությունյան Գ. Ա., Գորիսի շրջանը Հայրենական պատերազմի տարիներին, ԼՀԳ, 1973, 12: Ասլանյան U. U., Ավետիսյան Ի. U., Զանգեզուր, Ե., 1975: Ա. Սիմոնյան, Ա. Հարությունյան
