ՀՍՀ/ԳՈՒԳԱՐՔ
ԳՈՒԳԱՐՔ, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը: Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով: Ունի էթնիկական ծագում: Արլ-ից սահմանակից է եղել Ուտիք, հվ-ից՝ Այրարատ, արմ-ից՝ Տայք նահանգներին, հս-ից՝ Վիրքին: Ֆիզիկա-աշխարհագրական առումով Հրաբխային բարձրավանդակ Է՝ զետեղված Արսիան-Թրիալեթի և փոքր Կովկասի լեռների միջև: Բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Գ. մ. թ. ա. VIII դ. մտել է Ուրարտական, մ. թ. ա. IV—11 դդ.՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ: Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ (մ. թ. ա. II — մ. թ. V դդ.) Գ. Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր: Գ-ի բդեշխի անձնական զորաթիվը 4500 հեծյալ էր: 387-ին, Բյուզանդիայի և իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գ., բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին: Ըստ «Աշխարհայոց»ի (VII դ.) Գ-ի կազմում էին Զորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանզարք, Արդահան, Վերին Ջավախք և Կղարջք գավառները: 652-ի հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գ.: VIII դ. Գ-ի արմ. գավառները մտել են Տփղիսի արաբ, ամիրայության, IX դ. կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արլ. գավառները՝ հայ Բագրատունիների: 969—970-ին արլ. Գ-ում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը կամ կյուրիկեն (տես Կյուրիկաններ) հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով: 1065-ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոոու թագավորություն: XI դ. վերջին և XII դ. սկզբին Լոռու թագավորությանը տիրել են սելջուկ նվաճողները: Իսկ 1118—1123-ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին: Այդ հողերը վրացիները կոչել են Սոմխիթ: ճնշելով Օրբելիների խռովությունը (1177)՝ վրաց Գեորգի III թագավորը Սոմխիթը Լոռե բերդաքաղաքով հանձնել է ղփչաղներին, իսկ 1185-ից՝ Զաքարյաններին: XII—XIII դդ. Գ-ում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները (Դսեղում) և Արծրունիները (Մահկանաբերդում): Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գ. եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն: Սանահնի, Հաղբատի, Հաղարծնի, Նոր Գետիկի, Քոբայրի կրթարաններում ուսուցանել են քերականություն, հռետորություն, աստղագիտություն, երաժշտություն: Հաղբատը հայտնի էր նաև մանրանկարչական դպրոցով: Հայ ճարտ. արվեստի նշանավոր հուշարձաններից են Սանահնի, Հաղբատի, Հաղարծնի, Նոր Գետիկի, Քոբայրի, Խորակերտի, Օձունի, Մակարի վանքերը, Դսեղի Բարձրաքաշը: Գ-ի քաղաքներն էին Լոռեն, Արտանուջը, Արդահանը: Արդյունագործական կենտրոններ են եղել Պղնձահանքը և Մանեսը (այժմ՝ Ալավերդի): Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը: Արևելյան Գ-ում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին, Դավիթ Քոբայրեցին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին: Մոնղ. նվաճումից (1236) հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գ. մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ: Արևմտյան Գ. 1260-ից մտել է Սամցխե-Սաաթաբագո իշխանության մեջ: XVI — XVII դդ. Սաաթաբագոյի հողերը հետզհետե զավթել են թուրք-օսմանցիները: Արևելյան Գ. 1515-ի պայմանագրով գրավել է Սեֆյան իրանը, մեծ մասը մտցրել Քարթլ-Կախեթի վալիության մեջ, մնացած մասը ընդգրկվել է Չուխուր-Սաադի վիլայեթում: 1724—28-ին Լոռի-Փամբակի և Աղստևի շրջանները զավթել է Թուրքիան: 1735-ին դրանք դարձյալ վերադարձվել են Իրանին: Նադիր շահի մահից (1747) հետո Կախեթն ու Քարթլին անկախացել են, իսկ 1762-ից միավորվել միասնական թագավորության մեջ՝ Հերակլ II-ի գլխավորությամբ: Վրաստանի կազմում արևելյան Գ. 1801-ին անցել է Ռուսաստանին:
Գրկ. Երեմյան U.S., Հայաստանը ըստ Աշխարհացոյցի, Ե., 1963: Լալայան Ե., Բորչալուի գավառ, ԱՀ, 1901, գիրք 7 — 8: Ոսկյան Հ., Գուգարքի վանքերը, Վնն., 1960: Դևեշյան Ս. Հ., Տաշիր-Ձորագետք բրոնզեդարյան մի քանի ոսկե և արծաթե իրեր, ԼՀԳ, 1966, 12: խ անզադյան Է. Վ., Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ. թ. ա. III հազարամյակում, Ե., 1967: Մաթևոսյան Ռ. Ի., Արևելյան Գուգարքը XI դ. առաջին կեսին, ՊԲՀ, 1969, 2: Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970: Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե.. 1971, հ. 3, Ե, 1976, հ. 4, Ե., 1972: Еремян С. Т.,Юрий Боголюбский в армянских и грузинских источниках, ԵՊՀ գիտ. աշխատ., 1946, հ. 23:
