ՀՍՀ/ԳՈՒԳԱՐՔԻ ՇՐՋԱՆ
ԳՈՒԳԱՐՔԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հյուսիսում: Կազմվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին (մինչև 1935-ը՝ Ղարաքիլիսայի շրջան, 1935—64-ը՝ Կի-րովականի շրջան): Սահմանակից է Արագածի, Հրազդանի, Իջևանի, Թումանյանի, Ստեփանավանի և Սպիտակի շրջաններին: Բն. 27.757 (1976): Տարածությունը 776 կմ2 Է: Կենտրոնը՝ Մեղրուտ: Բնական պայմանները: Գտնվամ է Փամբակի միջին և ստորին, Աղստևի վերին հոսանքների ավազաններում: Մակերևույթը լեռնոտ Է: Հս-ում ձգվում է Բազումի լեռնաշղթայի արլ. մասը և Գուգարաց լեռների համակարգի մեջ մտնող Սևորդյաց ու Բովաքարի (Հալաբի) լեռնաշղթաները: Վերջինս աչքի է ընկնում բացարձակ (ավելի քան 3000 մ) և հարաբերական (մինչև 1000—1500 մ) բարձրություններով: Բազումի և Բովաքարի լեռնաշղթաները կառուցվածքային միասնություն են կազմում (կամարա-հորստային բարձրացում են), իսկ լեռնագրորեն իրարից բաժանված են Գայլաձոր անտեցեդենտ կիրճով: Գ. շ-ի հվ-ում տարածվում է Փամբակի լեռնաշղթայի միջին, բարձրադիր հատվածը (Թեժ լեռ, 3101 մ, Մեծ Մայմեխ, 3094 մ), որը Փամբակի հովտից բարձր է ավելի քան 1500 մ: Գ. շ-ի ցածրադիր մասը Փամբակի գոգհովիտն Է՝ միջլեռնային, նեղ, երկարավուն գրաբենսինկլինալային իջվածքը, լցված նեոգենի լճային և չորրորդականի գետային նստվածքներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են դարավանդներ և խոշոր արտածման կոներ: Գ. շ-ի լեռները հիմնականում կազմված են էոցենի հրաբխածին-նստվածքային շերտախմբերից, գրանիտոիդային խոշոր ներժայթուկներով: Փամբակի ստորին հոսանքի հովտում տարածված են վերին պլիոցենի դուերիտային բազալտներ: Օգտակար հանածոներից հայտնաբերված են պղինձ (Հանքաձորում), ոսկի (Համզաչի մանում), շինանյութեր (բազալտ՝ Մեդրուտում և Շահումյանում, սև տուֆ և բազալտ՝ Լեռնապատում, գրանիտ՝ Փամբակում): Կլիման բարեխառն է: Տարեկան միջին ջերմաստիճանը 4 C—8 C է, լեռնահովտային քամիները թույլ են, անսառնամանիք օրերի թիվը 130—180 է, տարեկան թափվում են 500—800 մմ տեղումներ (առավելագույնը՝ գարնանը և ամռան կեսերին): Ձմեռը մեղմ է: Լայնությամբ ձգված լեռնաշղթաները Փամբակի հովիտը պահպանում են հս. սառն օդի ներխուժումից: Բնորոշ են եղանակի տաքացումները, ձնհալքը: Հունվարի միջին ջերմաստիճանը — 5,2 C է, բացարձակ նվազագույնը՝ — 35 C: Ամառը մեղմ է, խոնավ ու ամպամած: Շրջանի ընդհանուր բարձր դիրքը, անտառները, ինչպես և հաճախակի ամպամածությունները մեղմացնում են ամառային շոգը և չորությունը: Հուլիսի միջին ջերմաստիճանը 10 C—18 C է, առավելագույնը՝ 36 C: Գ. շ-ի տերիտորիան պատկանում է Կասպից ծովի ավազանին, գետերը՝ Կուրի համակարգին: Գետերը լեռնային են, արագահոս, սնումը՝ ձնաանձրեային: Վարարում են գարնաևը և ամռան սկզբին: Գլխավոր գետը Փամբակն է՝ աջակողմյան Տանձուտ, Ալարեքս և ձախակողմյան Բազումթառ, Վահագնի վտակներով: Գ. շ-ի տերիտորիայից է սկիզբ առնում Աղստև գետը Բլդան վտակով, իսկ Քուագերանից հս. Փամբակ և Չորագետ գետերի միախառնումից գոյանում է Դեբեդ գետը: Հողաբուսական ծածկույթը համընկնում է ուղղաձիգ գոտիականությանը: Մինչև 1600 մ բարձրությունները գերակշռում են լեռնատափաստանային սևահողերն ու սևահողանման հողերը՝ տարախոտային բուսականությամբ, 1600—2100 մ բարձրություններում և հս. դիրքադրման թույլ թեքության լանջերում գորշ լեռնաանտառային հողերն են՝ հաճարենու, կաղնու, լորենու, հացենու սաղարթավոր անտառներով, ավելի վեր (մինչև 3000 մ և ավելի)՝ ալպյան մարգագետնային և լեռնամարգագետնային հողերն ու բուսականությունը: Փշատերև ծառատեսակներից հանդիպում է սովորական սոճին: Անտառները հարուստ են վայրի պտղատու ծառերով (տանձենի, խնձորենի, սալորենի, տխլենի, հոնի ևս): Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, նապաստակը, գորշուկը, կզաքիսը: Հանդիպում են արջ, գայլ, աղվես, անտառակատու: Թռչուններից կան շիկահավեր, սև երաշտահավեր, կեռնեխներ, փայտփորներ, անտառակտցարներ ևն: Պատմական ակնարկ: Գ. շ. կոչվում է Մեծ Հայքի նահանգ Գուգարքի անունով: Այժմյան Գ. շ. հնում կազմում էր Գուգարք աշխարհի Տաշիրք (կամ Տաշիր) գավառի արլ. մասը, որն ընդգրկում էր Փամբակ գետի ավազանը: Գուգարքի տարածքում մարդը բնակվել է տակավին բարեդարյան ժամանակից: Նախնադարյան մշակույթի հուշարձաններից է Թագավորանիստի (Կիրովականի մոտ) էնեոլիթյան բնակատեղին: Արշակունիների թագավորության անկումից հետո (428) Գ. շ-ի տարածքը, Գուգարքի կազմում, միացվեց Վիրքին: Բագրատունիների թագավորության օրոք (Х դ) Տաշիր գավառում և նրա շրջակայքում կազմավորվել է Տաշիր Լոռու թագավորությունը, որի մեջ էր նաև Գ. շ-ի տարածքը: Գ. շ-ում (Կիրովական քաղաքում և այլուր) պահպանվել են եկեղեցիներ (VII դ., XIII — XIV դդ.), ամրոցների մնացորդներ, գյուղատեղիներ, գերեզմանոցներ, դամբարաններ: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Գուգարքը Լոռիի հետ միացվել է Թիֆլիսի նահանգին: Սկզբնական շրջանում Լոռին, Փամբակը և Բորչալուն կազմում էին մի գավառ՝ Բորչալու անունով, իսկ XIX դ. 70-ական թվականներից Լոռի-Փամբակը դարձավ առանձին գավառ: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Լոռի-Փամբակի գավառը ՀՍՍՀ 9 գավառներից մեկն էր: Մարքսիստական գաղափարները Գ. շ. մուտք են գործել դեռևս 1900-ական թթ.՝ երկաթգծի շահագործման սկզբնական տարիներին, երբ սերտ կապեր հաստատ վեցին պրոլետարական կենտրոններ Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի և Ալավերդու բանվորական օջախների հետ: Մինչև 1920-ը կոմբջիջներ կային Ղշյադ (ժդանով), Դարպաս գյուղերում և Շահալի, Քուազերան (Թումանյան), Արջուտ, Փամբակ երկաթուղային կայարաններում: 1921-ի փետր. 5-ին տեղի ունեցավ Ղարաքիլիսայի I գավառային կուսակցական կոնֆերանսը, որի մեջ միավորված էր նաև ներկայիս Գ. շ-ի կուսակցական կազմակերպությունը: Կոմբջիջներ ստեղծվեցին նաև Հաջիղարա (Լեռնապատ), Բոզիգեղ (Համզաչիման), Ցադուբլի (Մեդրուտ), Սարմսախլի (Քարաբերդ), Շահալի (Վահագնի) և այլ գյուղերում: Ներկա ձևով Գ. շ. կազմակերպությունը ձևավորվել է 1930-ի սեպտեմբերին: Անցած տարիներին Գ. շ. կուսկազմակերպությունն ունեցել է 31 կոնֆերանս: Շրջանի 67 սկզբնական կազմակերպություններում 1976-ին կար 1481 կոմունիստ: ԼԿԵՄ կազմակերպությունը ձևավորվել է 1920-ական թթ.: 1976-ին ուներ 73 սկզբնական կազմակերպություն, 3673 կոմերիտական: Շրջանում ապրում են հայեր (62,4, 1970), ադրբեջանցիներ, ռուսներ: Միջին խտությունը 1 կմ2 վրա 35,4 (1974) մարդ է: Ունի 27 բնակավայր, այդ թվում՝ 1 քտա (Քուագերան): Տնտեսությունը: Գ. շ. հիմնականում գյուղատնտ. շրջան է: Գլխավոր ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է: Գտնվելով Կիրովականի մոտ՝ Գ. շ-ի գյուղատնտեսությունը մասամբ նաև մերձքաղաքային բնույթ ունի: 77577 հա (1976) հողային ֆոնդից 4254-ը վարելահող է, 1153-ը՝ պտղատու այգիներ, 9418-ը՝ խոտհարքներ, 18787-ը՝ արոտավայրեր, 24957-ը՝ անտառներ և թփուտներ: Գյուղատնտ. արտադրանքի 70 ը բաժին է ընկնում անասնապահությանը: 1976-ին կար 15,1 հզ. գլուխ խոշոր և 21,8 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն, 2500 խոզ: Կառուցվում է Համզաչիմանի խոշոր եղջերավոր անասունների արդ. եղանակով անասնաբուծական համալիրը: Կերի բազան ապահովելու համար, բացի բնական խոտհարքներից, 1976-ին ցանվել են 2900 հա կերաբույսեր: Երկրագործության տեսակարար կշիռն աճել է Վահագնիի (սնվում է Փամբակ գետից) և Շահումյանի սովետական տնտեսությունների ջրհան կայանների, Լեռնապատի, Բզովդալի և Մեղրուտի ջրանցքների կառուցման շնորհիվ: Զբաղվում են պտղաբուծությամբ (խնձոր, տանձ), հատապտուղների, ինչպես նաև կարտոֆիլի, բանջարեղենի, հացահատիկի և հատիկաընդեղենի մշակությամբ: 1976-ին շրջանն ուներ մեկ կոլտնտսություն (Բզովդալ) և 16 սովետական տնտեսություն: Գազանաբուծական սովետական տնտեսությունում (միակը Անդրկովկասում) բուծում են սև աղվեսներ, կզաքիսներ և ճագարներ: Կիրովականի ժդանովի թաղամասում գործում է Գ շ-ի ջերմատնային տնտեսությունը: Գ. շ-ի արդ. առաջին ձեռնարկությունը Ձորագետի (Դեբեդի) ՀԷԿ-ն է (կառուցված 1932-ին): Գործում են երկաթբետոնե կոնստրուկցիաների, փայտամշակման, կաթի, պահածոների գործարաններ, անտառտնտեսություն, կենցաղսպասարկման կոմբինատ, Կիրովականի կարի ֆաբրիկայի մասնաճյուղերը վահագնիում և Քոլագերանում, Գյուղշին տրեստը, Փամբակի երկրաբանական արշավախումբը ևն: Հանքային շինանյութեր (Փամբակի գրանիտ, խնձորուտի բազալտ, Լեռնապատի սև տուֆ և բազալտ) արդյունահանում է Կիրովականի Կիրներուդ տրեստը: 1973-ին արդյունաբերական ձեռնարկությունների համախառն արտադրանքը կազմել է ավելի քան 6 մլն ռուբլի: 1976-ին շրջանի բնակելի ֆոնդը (առանց կուտնտ. և մասնավոր բնակարանների) 5680 մ2 էր: Գ. շ-ի տարածքով է անցնում Երևան—Թբիլիսի երկաթուղին: Կառուցվում է Երևան—Աղստաֆա (Ադրբ. ՍՍՀ) երկաթուղու՝ Համզաչիման—Մեղրաձոր (Հրազդանի շրջան) երկաթուղային թունելը (երկարությունը՝ 8,5 կմ): խճուղային ճանապարհների զարգացած ցանցի (156 կմ, որից կոշտ ծածկով՝ 130 կմ) շնորհիվ բնակավայրերը ավտոմոբիլային հաղորդակցությամբ կապված են շրջկենտրոնի և Կիրովականի հետ: Բզովդալ գյուղի մոտից սկիզբ է առնում Պուշկինի չեռնանցքի տակով անցնող 1830 մ երկարությամբ ավտոխճուղային թունելը: Շրջանն ունի կապի 18 բաժանմունք՝ երեք ավտոմատ հեռախոսակայաններով (2500 համար): Բոլոր բնակավայրերը էլեկտրիֆիկացված և ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսությունից և գազից: Առողջապահությունը: Գ. շ-ում գործում է 4 հիվանդանոց՝ 150 մահճակալով, 18 բուժ-մանկաբարձական կայան, 4 ամբուլատորիա, 5 դեղատուն և 2 առողջապահական կայան: Ունի 33 բժիշկ և 147 միջին բուժաշխատող (1976): Շրջանում գործում են Լոռի, Ֆիոլետովո հանգստյան տները և Քուագերանի զբոսաշրջիկների հանգրվանը: Մշակույթը: 1975-76 ուս. տարում շրջանում կար 14 միջնակարգ, 7 ութամյա (7700 աշակերտ, 550 ուսուցիչ, որից 420-ը՝ բարձրագույն կրթությամբ), մարզական (720 աշակերտ), երաժշտական (52 աշակերտ) դպրոցներ, սովխոզ-տեխնիկում (350 սովորող), 16 մսուր-մանկապարտեզ (750 երեխա): Այստեղ են գտնվում ՀՍՍՀ պետ. անտառային կոմիտեի գիտահետազոտական անտառաւիորձակայանը, պըտ-ղատու այգիների փորձակայանը (Լեռնապատ), հացահատիկային կուլտուրաների սորտա-փորձակայանը (Շահումյան), բույսերի վնասատուների դեմ պայքարի փորձակայանը (Կիրովականի ժդանով թաղամաս): Ունի 26 գրադարան (927 հզ. կտոր գիրք), 25 ակումբ (3358 նստատեղով), շրջանային 1 և գյուղական 3 կուլտուրայի տուն, 11 կինո: 1965-ից լույս է տեսնում «Գուգարք» շրջանային թերթը: Գուգարքի շրջանի բնակավայրերը Անտառամուտ, Արջուտ, Արջուտ երկաթուղային կայարանին կից ավան, Բզովդալ, Գազանաբուծական սովետական տնտեսությանը կից ավան, Գյոզալդարա, Գրանիտավաս, Դարպաս, Դեբետ, Եղեգնուտ, Լեռնապատ, Լերմոնտովո, Հալավար, Հայդարլի, Համզաչիման, Ձորագյուղ, Մեղրուտ, Մուլաղշլաղ, Ներքին Քիլիսա, Շահալի երկաթուղային կայարանին կից ավան, Շահումյանի անվան ավան, Վահագնի, Վերին Քիլիսա, Փամբակ, Փամբակ երկաթուղային կայարանին կից ավան, Քուագերան, Ֆիոլետովո:
Գրկ. Տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը: Ղ. Մուրադյան
