ՀՍՀ/ԳՈՒԹԱՆ
ԳՈՒԹԱՆ, հողը վարող գյուղատնտեսական գործիք: Բաղկացած է հետևյալ մասերից, ձևիչ՝ հողը կտրում է ուղղաձիգ, խոփ, որի միջոցով հողաշերտը կտրվում է հորիզոնական ուղղությամբ, թև՝ կտրված հողաշերտը (առը) փխրեցնում է և շրշում, մաճ, որի օգնությամբ մաճկալը ուղղություն է տալիս Գ-ի ընթացքին և կարգավորում ակոսի պահանջվող խորությունը: Գ. կարոդ է ունենալ նաև նախագութանիկ՝ հողի վերին ճիմոտ շերտը կտրելու և ակոսի մեջ գցելու համար, և ակոս խորացնող թաթիկ՝ ակոսի հատակը փխրեցնելու համար: Գ-ներն ըստ աշխատանքի բնույթի ու թևի ձևի լինում են գլանային, շատ թեթև հողերի կրկնավարի համար, կիսագլանային՝ ոչ ծանր ու ճիմոտ հողերի համար, կիսապտուտակային կամ համապիտանի՝ ծանր հողերի համար, և պտուտակային՝ խամ ու խոպան հողերի համար: Ըստ քարշող ուժի լինում է եզնաքարշ, ձիաքարշ, տրակտորային (կցովի կամ կախովի) և ինքնագնաց՝ տեղավորված ինքնագնաց առանցքի վրա: Գ. լինում է միակորսյուս և բազմակորպուս (կորպուսների թիվը 8-ից չի անցնում): 5-ից ավելի կորպուս ունեցող Գ. կցովի կամ կիսակախովի է: Ըստ նշանակության լինում են ընդհանուր օգտագործման (հողը 20—35 սմ խորությամբ վարելու համար) և հատուկ Գ-ներ (այգիները, անտառի հողերը, թփուտները ևն վարելու համար): Գ. սկզբում եղել է փայտյա (խոփը՝ երկաթից), ապա՝ երկաթյա: Գ-ի նախատիպը եղել են նախագութանը (արորից Գ-ի անցման տիպ): Հայկ. Գ-ները առաջացել են Այրարատի, Բարձր Հայքի, Սյունիքի, Վասպուրականի, Աղձնիքի ու Ծոփքի արորաձևերից: Առջևի մասում ունեն երկայնական լծակ (գռնել), որը երկաթյա հաստ շղթայով հաջորդաբար միանում է եզների կամ գոմեշների լծերին (4—12 զույգ): Գ. կարող է գործել գրեթե բոլոր տիպի հողերում: Հայերի մեջ այն ունեցել է մեծ համարում, փառա բանվել ու գովերգվել հորովելներում և ժող. այլ ստեղծագործություններում: Գ-ի դերը գյուղատնտեսության մեջ այնքան կարևոր է եղել, որ իր ողջ սարվածքով հաճախ քանդակվել է հմուտ երկրագործների շիրմաքարերի վրա:
Գրկ. Բդոյան Վ. Հ., Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե., 1972: Վ. Բդոյան
