ՀՍՀ/ԳՈՒՍԱՆ
ԳՈՒՍԱՆ, ստեղծագործող և կատարող արվեստագետ հին և միջնադարյան Հայաստանում: Վաղ միջնադարյան հայերեն թարգմանություններում և բնագրերում Գ. գործածված է որպես հին հունական միմոս բառի համարժեք, ներառում է ընդհանրական մի իմաստ, որը համապատասխանում է նոր ժամանակներում ընդունված արտիստ հասկացությանը: Գ. են կոչվել երգիչները, նվագածուները, պարողները, պատմա-առասպելական զրույցներ և վիպական երգեր ավանդողները, ժոդովրդական-հրապարակային թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները՝ ձեռնածուները, աճպարարները, լարախաղացները, խեղկատակները ևն: Կին Գ-ին հին Հայաստանում անվանել են վարձակ: Վաղ միջնադարյան հայերեն թարգմանություններում ու բնագրերում գործածված են նաև գուսանական, գուսանամու, կատակագուսան բառերը: Ուշ միջնադարի ընթացքում հայ իրականության մեջ Գ-ների տարբեր խմբեր պարզապես վերանվանվեցին աշուղներ (տես Աշուղ) և սազանդարներ: Ուրիշ խմբեր, յուրացնելով աշուղական արվեստի տեսությունը, իրոք դարձան աշուղներ՝ միաժամանակ իրենց մեջ կրելով գուսանական ստեղծագործական ու կատարողական ավանդույթներից լավագույնները: Հին Հայաստանում հայտնի էին Գողթն գավառի Գ-ները: (Տես նաև ժողովրդական բանահյուսություն, Գողթան երգեր):
Գրկ. Լևոնյան Գ.. Թատրոնը հին Հայաստանում, Ե., 1941: Աբեղյան Մ., Երկեր, հ. 1, Ե., 1966: Գրիգորյան Շ. Ս., Հայոց հին գուսանական երգերը,
Ե., 1971: Гоян Г., 2000 лет армянского театра, т. 1, М., 1952.
Հ. Հովհաննիսյան, Ն. Թահմիզյան
