ՀՍՀ/ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ
ԳՈՒՍԱՆԱԳՅՈՒՂ (մինչև 1947-ը՝ Ղափլի), գյուղ Հայկական ՍՍՀ Անիի շրջանում, Լենինականից 18 կմ հարավ-արևմուտք, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտսությունն զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, կապի բաժանմունք, հիվանդանոց: Հիմնադրել են Արևմտյան Հայաստանից գաղթածները, 1830-ին: Գ-ում պահպանվել են սրբատաշ, սև տուֆից դղյակի ավերակներ: Ըստ Թ. Թորամանյանի, այն կառուցվել է XII—XIII դդ., ավելի հին, թերևս նախնադարյան շրջանի կիկլոպյան ամրոցի տեղում: Գի տարածքում կան հին բնակավայրի, բազիլիկ եկեղեցու, կիկլոպյան երկու ամրոցի մնացորդներ, տարբեր տիպի դամբարաններ, խաչքարերի քանդակազարդ բեկորներ, որոնց նուրբ մշակումը բնորոշ է XII — XIII դդ.:
Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Ե., 1948:
