ՀՍՀ/ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով հայ երաժշտական արվեստի ճյուղերից է, որի ստեղծողները ստրկատիրական հասարակարգի պայմաններում՝ վիպասանները (տես վիպասան), վաղ և զարգացած ֆեոդալիզմի շրջանում՝ գուսաններն ու վարձակները (տես Գուսան, Վարձակ), ուշ միջնադարում և նոր ժամանակներում՝ աշուղներն էին (տես Աշուղ): Նեղ առումով գուսանների ու վարձակների մշակած արվեստն է, որ հարատևել է հիմնականում մինչև XV—XVI դդ.: «Գուսան» (պահլ., պարսկ. kusan, gosan, gusan) անվանումը արմատավորվել է հայ-պարթևական մշակութային խաչավորումների պայմաններում: ժառանգելով վիպասանների ստեղծագործության ժանրային բազմազանությունը (առասպելական-պատմական և դիցաբանական-հերոսական, ծիսական և ռազմ, երգեր, ներբողներ և տոնական երգեր)՝ գուսանները ոչ միայն հարստացրել են այն (սեղանի, խնջույքի, սիրո, գարնան, ուրախության և ուրիշ երգերով), այլև Էապես նորոգել են բովանդակությունը: Սկզբնական շրջանում գուսանները կապված են եղել հեթանոսական մշակույթին: Գուսանական երգերը, մանավանդ հայրենները, արժանացել են գրավոր հաստատագրման: Ավելի ուշ խոշոր շարքերով մտել են գրչագիր տաղարանների մեջ: Երաժշտական գրառումները, սակայն, սակավ են: Դրանցից են Կոմիտասի ձայնագրած «Մի լար մայրիկ»ը, «Գիշեր ցերեկ»ը, «Օրոր»ը, «Անտունի»ն, «Քաշ հարեն»ը: Հովհաննես Երզնկացին, Առաքել Սյունեցին, Հակոբ Ղրիմեցին և ուրիշներ իրենց գրվածքներում կարևոր տեղ են հատկացրել նվագարաններին, գուսանական նվագին, նրա տեսական հարցերին:
