ՀՍՀ/ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական գրականության ուսումնասիրությամբ զբաղվող գիտության (գրականագիտության) հիմնական բաժիններից մեկը: Հետազոտում է գրականության հետ կապված ընդհանուր տեսական խնդիրները՝ նրա հարաբերությունը հասարակական կյանքի, գաղափարախոսության և արվեստի տեսակների հետ, նրա գեղագիտական յուրահատկությունը: Այդ խնդիրների թվին են պատկանում նաև գրական գեղարվեստական պատկերի, երկի բովանդակության ու ձևի, կառուցվածքի ու սյուժեի, լեզվի և տաղաչափության հարցերը: Ուսումնասիրում է նաե գրականության զարգացման օրինաչափությունները՝ արտահայտված գրական սեռերի ու տեսակների (ժանրերի), գեղարվեստական մեթոդների, ուղղությունների, հոսանքների ու ոճերի զարգացման մեջ: Գ. տ. (երբեմն կոչվում է նաև պոետիկա) սերտորեն կապված է գրականագիտության մյուս հիմնական բաժինների՝ գրականության պատմության և գրական քննադատության, ինչպես նաև իրականության գեղագիտական յուրացման և արվեստի տեսության ընդհանուր հարցերն ուսումնասիրող գիտության՝ էսթետիկայի (գեղագիտության) հետ: Է. Ջրբաշյան
