ՀՍՀ/ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ գեղարվեստական, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառներից: Գ. պետք է տարբերակել «գրականություն» բառի մյուս ըմբռնումներից: Լայն առումով Գ. են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտական, փիլ., հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բովանդակություն ունեցող երկերը: Գ. ծագել է գրի, այբուբենի առաջացումից հետո (եվրոպական շատ լեզուներում գործածվող լիտերատուրա տերմինը հենց կապվում է լատ. լիտեր — տառ արմատի հետ): Սակայն գեղարվեստական Գ-յանը նախորդել է ժողովրդի բանավոր ստեղծագործությունը (տես ժողովրդական բանահյուսություն), որը խոր հնում մարդկանց աշխարհըմբռնման և պրակտիկ գործունեության ուղղակի արտացուումն է եղել: ժողովրդական բանահյուսությունը (ֆուկլոր) իր բազմազան տարատեսակներով չի կապվում առանձին հեղինակի անվան հետ, այլ իբրև կոլեկտիվ ստեղծագործություն կերտվել է անաևուն երդրչնեոի, վիպողների, բանասացների գողմից: Նրանք դարեդար, սերնդեսերունդ բանավոր ձևով պահպանել ու հաղորդել են ժող. երգերն ու հեքիաթները, վիպերգությունն ու լեգենդները՝ ժամանակի ընթացքում հղկելով ու կատարելագործելով դրանց բովանդակությանն ու ձևը: Այդ պատճառով էլ բանահյուսական երկերը սովորաբար մեզ հասել են բազմաթիվ, երբեմն իրարից Էապես զանազանվող տարբերակներով, որոնք կրում են իրենց ստեղծման ժամանակի, ազգային-աշխարհագրական և սոցիալական միջավայրի կնիքը: Գեղարվեստական Գ-յան առաջին նշանավոր երկերը եղել են ժող. բանահյուսության գրառման ու մշակման արդյունք՝ հին հնդ. Էպիկական զրույցների գրքերը (Մահաբհարաթա և Ռամայանա), հուն. Իլիականն ու Ոդիսականը ևն: Նկատի ունենալով ինչպես Հոմերոսի այդ պոեմները, այնպես Էլ մյուս հույն բանաստեղծների երկերը, Կ. Մարքսը գրել է, որ հուն, արվեստի հարազատ հողն ու զինանոցը եղել է դիցաբանությունը՝ աստվածների և հերոսների մասին պատմված ժող. առասպելն ու զրույցը: Հայ հին գրականության սկզբնավորման շրջանում ևս ժող. բանահյուսության նյութերը մեծ դեր են խաղացել: Այսպես, պատմիչներ Ագաթանգեղոսի (V դ.), Փավստոս Բուզանղի (V դ.), Հովհան Մամիկոնյանի (VII դ.) գրքերը զգալի չափով պատմական և կրոնական դեպքերի շուրջ ժողովրդի հյուսած լեգենդների ու զրույցների գրառումներ են: Հետագայում, թեև Գ-յան անմիջական կախումը բանահյուսությունից վերանում է, բայց ֆուկլորային նյութերը մնում են գրական սյուժեների ու կերպարների հիմնական աղբյուրներից մեկը (օրինակ, հայ նոր գրականության մեջ Խ. Աբովյանի, Ռ. Պատկանյանի, Հ. Թումանյանի, Վ. Փափազյանի, Ա. Իսահակյանի, Ս. Զորյանի մշակած զրույցները, հեքիաթները, լեգենդները): Գ., ինչպես և արվեստի մյուս տեսակները, իրականության ճանաչման, արտացուման և գաղափարական գնահատականի ձևերից է, որն իրագործվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով: Արվեստը դասակարգային հասարակության գաղափարական վերնաշենքի մասերից մեկն է, որի իմացաբանական արմատները նույնպես կապվում են տվյալ դարաշրջանի նյութական և հոգևոր հարաբերությունների հետ: Սակայն, ի տարբերություն քաղ., փիլ., իրավական, բարոյական և այլ հայացքների, արվեստն իրականության ճանաչման և մարմնավորման հասնում է ոչ թե փաստերի ու թվերի, դատողությունների ու հասկացությունների միջոցով, այլ մարդկային կյանքի ու բնության կենդանի պատկերներ ստեղծելով: Գեղարվեստական պատկերի մեջ զուգակցվում են կենսական կոնկրետությունն ու ընդհանրացնող-տիպական նշանակությունը, երևույթի հուզական և տրամաբանական գնահատականը, կողմնորոշումը դեպի իրական փաստը և ստեղծագործական երևակայությունը: Գ-յան նշանակությունը հասարակական կյանքում, բացի ճանաչողական և դաստիարակիչ դերից, սերտորեն կապված է նաև գեղագիտական տպավորության հետ: Գրական երկերը ընթերցողի մեջ ծնում են որոշակի գեղագիտական իդեալներ: Որպես արվեստի տեսակ, Գ. երաժշտության հետ միասին կազմում է, այսպես կոչված, ժամանակային արվեստների խումբը, որոնք, ի տարբերություն տարածական արվեստների (նկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն), իրենց կերպարներն ու սյուժեները ծավալում են ժամանակի ընթացքում: Լինելով խոսքի արվեստ, օգտվելով լեզվի բազմազան միջոցներից, Գ. հնարավորություն ունի արտացուելու իրականությունը շատ ավելի լայն ու բազմակողմանի, քան արվեստի մյուս տեսակներից որևէ մեկը: Լեզվի օգնությամբ գրողը կարող է թափանցել մարդկային հարաբերությունների ամենաբարդ ոլորտները, զգացմունքի և մտքի ամենանուրբ ծալքերը, հասնել նրանց պլաստիկ վերարտադրության: Գ. մեծ դեր է խաղում մյուս արվեստների զարգացման մեջ՝ տալով նրանց թեմաներ ու սյուժեներ: Բեմական արվեստներն առհասարակ անհնար են առանց գրական հիմքի (պիեսը՝ թատրոնում, սցենարը՝ կինոյում, լիբրետոն՝ օպերայում ևն): Բազմազան են Գ-յան ձևերն ու տեսակները, որոնք առաջացել են նրա պատմական զարգացման տարբեր փուլերում: Ըստ կառուցման արտաքին եղանակի՝ գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ արձակ և չափածո: Վերջինս, ի տարբերություն արձակի, որոշակի հավասար միավորներից կազմված խոսք է (ոտքեր, անդամներ, տողեր, բանաստեղծական տներ), որոնց պարբերական կրկնություններից ռիթմ է առաջանում: Չափածոյի մեջ մեծ մասամբ հանդես են գալիս նաև հանգերը՝ երկու կամ ավելի հարևան տողերի համահնչյուն վերջավորությունները: Գեղարվեստական Գ. սկսած հնագույն ժամանակներից ունեցել է երեք մեծ բաժին, որոնք կոչվում են գրական սեռեր՝ էպիկական, քնարական և դրամատիկական: Իբրև հասարակական գիտակցության և գաղափարախոսության արտահայտություն, գեղարվեստական Գ. դասակարգային բովանդակություն ունի, կապված է ժողովրդի կյանքի առավել էական կողմերի արտացուման հետ: Այստեղից ծագում են մարքսիստական գրականագիտության այնպիսի պրոբլեմներ, ինչպես Գ-յան ժողովրդայնության, դասակարգայնության, կուսակցականության և տենդենցիոզության հարցերը: Իրականության արտացուումը Գ-յան մեջ տեղի է ունենում որոշակի գեղարվեստական մեթոդով, այսինքն՝ կենսական փաստերի ընտրության, տիպականացման և գնահատման այս կամ այն սկզբունքով: Գ-յան պատմության մեջ եղել են մի շարք գեղարվեստական մեթոդներ, որոնց հիման վրա առաջացել են համապատասխան գրական ուղղություններ և հոսանքներ (կլասիցիզմ, ռոմանտիզմ, քննադատական ռեալիզմ, նատուրալիզմ ևն): Սովետական գրականության և արվեստի ստեղծագործական մեթոդը սոցիալիստական ռեալիզմն է:
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Արվեստի մասին, հ. 1—2, Ե., 1963 — 64: Լենին վ. Ի., Կուլտուրայի և արվեստի մասին, Ե., 1958: Դոբրույուբով Ն. U., Քննադատական հոդվածներ, Ե., 1947: Բելինսկի Վ. Գ., Ընտիր երկեր, Ե., 1948: Պլեխանով վ. Գ., Գեղարվեստ և գրականություն, Ե., 1949: Չերնիշինսկի Ն.Գ.. էսթետիկա, Ե., 1953: Ջրբաշյան Է. Մ., Գրականության տեսություն, Ե., 1972: Գրական ժանրեր, պատմական զարգացումը և ժամանակակից վիճակը, Ե., 1973: Теория литературы. Основные проблемы в историческом освещении, т. 1 — 3, М., 1962—65 Тимофеев Л.И., Основы теории литературы, М., 1971.
Է. Ջրբաշյան
