Jump to content

ՀՍՀ/ԳՐԱՆԻԿՈՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԳՐԱՆԻԿՈՍԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ Մ. Թ. Ա. 334, առաջին խոշոր մարտը Աքեմենյան (շուրջ 40 հզ. հետևակային ու հեծելակ) և մակեդոնական (30 հզ. հետևակային, 5 հզ. հեծելակ) զորքերի միջև, Գրանիկոս գետի (այժմ՝ Մարմարա ծովը թափվող Բիգա կամ Չան-չայ, Թուրքիա) ափին: Գ. ճ-ի սկզբում մակեդոնական բանակի կենտրոնում շարվել են ծանրազեն հետևակի փաղանգները, աջ զորաթևում՝ ծանրազեն հեծելազորը (հետերներ)՝ Ալեքսանդր Մակեդոնացու առաջնորդությամբ, ձախում՝ թեսալացիների ու դաշնակիցների հեծելազորը՝ Պարմենիոնի զլխավորությամբ: Ընդհանուր մարտակարգն առջևից ծածկել է թեթևազեն հետևակը: Աքեմենյան բանակը Գրանիկոսի աջ՝ բարձրադիր ափին գրավել է պաշտպանողական դիրք: Առջևում շարվել են պարսկ. հեծյալ և հետևակ աղեղնավորները, որոնք պետք է նետահարությամբ խանգարեին մակեդոնացիների գետանցումը, կենտրոնում՝ հետևակը, զորաթներում՝ հեծելագնդերը, ետևում՝ հույն վարձկանների հետևակ փաղանգը: Մակեդոնական աջ զորաթևը առաջապահ զորքերի պաշտպանության ներքո անցել է գետը, մարտի բռնվել պարսկական հեծելազորի հետ: Մակեդոնական հեծելազորի ճնշմանը չդիմանալով՝ հակառակորդը դիմել է փախուստի: Այնուհետև մակեդոնացիները թիկունքից ու թներից շրջապատել են և ոչնչացրել դեռևս մարտին չմասնակցած 20 հզ. հույն վարձկաններին: Գ. ճ. շահելուց հետո մակեդոնացիները տիրել են փոքր Ասիայի արևմտյան շրջանները և ուղի հարթել դեպի Տիգրիսի ու Եփրաըի հովիտները:

Գրկ. տես Գավգամելայի ճակատամարտ Մ. թ. ա. 331 հոդվածի գրականությունը: