ՀՍՀ/ԳՐՈՀ ԵՎ ՓՈԹՈՐԻԿ
ԳՐՈՀ ԵՎ ՓՈԹՈՐԻԿ (Sturm und Drang»), XVIII դարի 70-ական թվականների գրական շարժում Գերմանիայում: Անվանումն ստացել է Ֆ. Մ. Քլինգերի համանուն պիեսից: «Գ. և փ.» շարժման գրողների գործունեությունն արտացոլում էր աճող հակաֆեոդալական տրամադրությունների համակված ապստամբ խռովարարությամբ (Յո. Վ. Գյոթե, Քլինգեր, Յո. Ա. Լայզևից, Հ. Լ. Վագներ, Գ. Ա. Բյուրգեր, Յո. Հ. Ֆոսս): Այդ շարժումը, մեծ չափով պարտական լինելով ռուսսոյականությանը, պատերազմ էր հայտարարել արիստոկրատական մշակույթին: Ի հակակշիռ կլասիցիզմի դոգմատիկ նորմերի, «փոթորկոտ հանճարները» գրականությունից պահանջում էին վառ, ուժեղ բնավորությունների պատկերում: Շարժման համախոհները հիմնականում գրում էին դրամատուրգիական գործեր: Նրանք ձգտում էին ստեղծել նոր թատրոն, որը պետք է ազդեր հասարակական կյանքի վրա: «Գ. և փ.» նոր փուլ էր գերմ. և համաևրոպական լուսավորության զարգացման մեջ: Նոր պայմաններում շարունակեյով Գ. է. Լեսսինգի դեմոկրատական ավանդույթները՝ փոթորկոտ հանճարները նպաստեցին ազգային ինքնագիտակցության վերելքին, գերմ. ազգային գրականության ձևավորմանը: XVIII դ. 80-ական թթ. փոթորկոտ հանճարների տրամադրությունը նոր թափով դրսևորվեց երիտասարդ Ֆ. Շիլլերի ողբերգություններում:
Գրկ. Неустроев В. П., Немецкая литература эпохи Просвещения, М., 1958.
