Jump to content

ՀՍՀ/ԴԱՎԻԹ-ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԵՃ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԱՎԻԹ-ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԵՃ, երկպառակտչական պայքար հայ եկեղեցու ներսում կաթողիկոսական գահի համար: Սկիզբ առավ Ղուկաս Կարնեցի կաթողիկոսի մահից հետո (1799-ի դեկտ. 27): Կաթողիկոսական ընտրությունների ժամանակ ազգային-պահպանողականները կաթողիկոս ընտրեցին Կ. Պոլսի հայոց պատրիարք Դանիել Սուրմառեցուն: Մինչ այդ, կաթողիկոսական գահի նկատմամբ հավակնություն ունեցող Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, ռուս, կառավարության օժանդակությամբ, հարկադրեց Բ. Դռանը չեղյալ հայտարարել Դանիելի կաթողիկուսությունը հաստատող ֆերմանը, Դանիելին աքսորել տվեց Թենեդոս կղզին և հաջողացրեց իր ընտրությունը: Բայց Էջմիածնի ճանապարհին, Թիֆլիսում, Արղությանը հանկարծամահ եղավ, և կրկին ծառացավ կաթողիկոսի ընտրության հարցը: Կաթողիկոս դարձավ Դավիթ Ե Էնեգեթցին: Դանիելի կուսակիցները 1802-ի մայիսին Բագրևանդի Երեք խորան (Ուչ-քիլիսա) եկեղեցում Դանիել Ա Սուրմառեցուն օծեցին կաթողիկոս՝ այդպիսով հրաժարվելով ճանաչել Դավթին: Բայց Բայազետի փաշան Դանիելին հանձնեց Դավթի ձեռքը, որը և նրան Էջմիածնում կալանքի տակ պահեց: Մինչ այդ, ռուս, կառավարությունը, Լազարյանների և ռուսահայ թեմի առաջնորդ Եփրեմ արքեպիսկոպոսի միջնորդությամբ (նրանք չէին կամենում, որ խախտվեն հայ եկեղեցու վաղեմի ավանդույթները և դեմ էին օտար միջամտություններին եկեղեցու ներքին գործերին) անվավեր համարեց Դավթի ընտրությունը և սատար կանգնեց Դանիելին՝ պահանջելով Երևանի խանից գահը հանձնել Դանիելին: Սակայն ռուս, կառավարության միջամտությունը հօգուտ Դանիելի ապարդյուն անցավ, ավելին, շահի կարգադրությամբ Դանիելը աքսորվեց Մարաղա: Միայն 1807-ին ռուս-պարսկ. պատերազմի ժամանակ, պարսկ. կառավարությունը, տեսնելով հայերի անսքող համակրանքը հանդեպ Ռուսաստանը և շուրջ 10 հզ. հայերի գաղթը Ռուս, կայսրության սահմանները, փոխեց իր քաղաքականության ընթացքը Էջմիածնի նկատմամբ՝ գահին բազմեցրեց Դանիելին, հուսալով, որ այդպիսով կշահի հայ ժողովրդի համակրանքը և Դանիելի միջոցով Երևանի խանություն կվերադարձնի գաղթած ընտանիքներին: Սակայն այդ հույսերը չարդարացան: Դ-Դ. վ. պատմագրության մեջ համարվել է երկու կողմնորոշումների՝ ռուս. (Դանիել) և պարսկ. (Դավիթ) պայքար: Դ-Դ. վ. մեծապես հեղինակազրկեց հայ եկեղեցին և պատրվակ ծառայեց պարսկ. իշխանություններին՝ միջամտելու նրա ներքին գործերին: Վ. Դիլոյան