ՀՍՀ/ԴԱՎԻԹ ԾԱՐԵՑԻ
ԴԱՎԻԹ ԾԱՐԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի 40—50-ական թվականների գյուղացիական շարժման գաղափարախոս: Ծնվել է Գառնիում: Հետագայում բնակություն է հաստատել Խաչեն գավառի Ծար գյուղում: Եղել է ջրաղացպան: Դ. Ծ. գյուղացիներին հավատացրել է, որ ինքն ի վերուստ օժտված է բուժելու շնորհքով: Տարբեր գավառներից Դ. Ծ-ու մոտ բուժվելու են եկել մարդիկ և լսել աղանդավորական բնույթի քարոզներ, որտեղ դրսևորվել է շահագործողների դեմ ժողովրդական զանգվածների դժգոհությունն ու ատելությունը: Բողոքելով մոնղոլ նվաճողների և տեղական իշխանների ու հոգևորականության ճնշման դեմ՝ Դ. Ծ. դրանից ազատվելու միջոց է համարել հայկ. պետականության վերականգնումը: Նա հայտարարել է, թե ինքը Արշակունիների տոհմից է և իր որդիներից մեկը պետք է դառնա Հայոց թագավոր, մյուսը՝ կաթողիկոս: Դ. Ծ-ու քարոզներից անհանգստացած՝ հայ հոգևորականությունը հալածանք է սկսել նրա դեմ: Թեև ժողովուրդը նրան պաշտպանել է «սրովք և բրովք», բայց, ի վերջո, հոգևորականներին հաջողվել է չեզոքացնել Դ. Ծ-ուն և վերադարձնել Գառնի:
Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Ս. Պողոսյան
