Jump to content

ՀՍՀ/ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԱՎԻԹ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏ (ծն. թ. անհտ.—1000), Տայքի և Կղարջքի Բագրատունի իշխան: Բյուզանդիայի Վասիլ II կայսրը, ի հատուցում Վարդաս Սկլերոսի ապստամբության ճնշման ժամանակ Դ. Կ-ի ցուցաբերած օգնության, 979-ին նրան շնորհել է Կարին, Բասեն, Մարդաղի, Հարք, Ապահունիք գավառները: Կայսրության դեմ Վարդաս Փոկասի ապստամբությանը Տայքի զորայինների մասնակցությունը պատրվակ դարձնելով՝ Վասիլ II 989-ին հարկադրել է Դ. Կ-ին ստորագրելու «կտակ», որով վերջինիս տիրույթներն իր մահից հետո անցնելու էին Բյուզանդիային: Դ. Կ. հատել է սեփական դրամ, համագործակցել հայոց և վրաց թագավորներին, որոնք 998-ին նրա օգնությամբ Ծումբի ճակատամարտում հաղթել են Հայաստան ներխուժած Ատրպատականի ամիրա Մամլանի զորքերին: Դ. Կ-ի մահվան ժամանակ Վասիլ II ժամանել է Տայք՝ իրագործելու նրա կտակը: Դ. Կ ի պատվերով արաբերենից հայերենի է թարգմանվել «Պղնձե քաղաքի պատմությունը»: Տես նաև Տայքի կյուրապաղատություն:

Գրկ. Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ 1885: