ՀՍՀ/ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, խոսքի, մամուլի, խղճի, ժողովների և միտինգների, փողոցային երթերի, ցույցերի՝ սահմանադրությամբ, այլ օրենքներով նախատեսված ազատություններ: Առաջին անգամ հռչակել է բուրժուազիան՝ քաղաքական իշխանության համար մղվող պայքարում ժող. զանգվածներին իր կողմը գրավելու նպատակով, իշխանությունը վերցնելուց հետո, գործնականում արգելել է դրանց իրականացումը: Իմպերիալիզմի դարաշրջանում բուրժուազիան Դ. ա-ից բացահայտորեն հրաժարվել է: Աշխատավորների համար իսկական Դ. ա. սահմանվեցին սովետական առաջին Սահմանադրությամբ՝ 1918-ին: ՍՍՀՄ գործող սահմանադրությամբ (118—129 հոդվածներ), ինչպես նաև միութենական հանրապետությունների սահմանադրություններով (ՀՍՍՀ Սահմանադրություն, հոդվածներ 93—104) ոչ միայն սահմանվում, այլև երաշխավորվում է աշխատավորների Դ. ա-ի իրականացումը: Սովետական քաղաքացիներին դրա համար տրվում են անհրաժեշտ նյութական միջոցներ՝ տպարան, թուղթ, համապատասխան շենքեր, կապի միջոցներ են: Դեմոկրատական մյուս ազատությունների հետ մեկտեղ ՍՍՀՄ Սահմանադրությամբ ապահովվում են սովետական քաղաքացիների մի շարք այլ իրավունքներ (բնակարանի և անձի անձեռնմխելիություն, նամակագրության գաղտնիություն, միտինգների և միությունների ազատություն են): Դ. ա-ի անշեղ իրականացումը սոցիալիստական երկրներում ապահովվում է սոցիալիզմի տնտ. և քաղ. հիմքերով: Կ.Մանուկյան
