Jump to content

ՀՍՀ/ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, Համառուսաստանյան դեմոկրատական խորհրդակցություն, տեղի է ունեցել 1917-ի սեպտեմբերի 14—22 (սեպտ. 27 — հոկտ. 5) ին, Պետրոգրադում: Հրավիրել են էսեռներն ու մենշևիկները Ռուսաստանում աճող համազգային ճգնաժամը թուլացնելու և բուրժ. ժամանակավոր կառավաոության դիրքերն ամրապնդելու նպատակով: Մասնակցել է 1582 պատգամավոր (սովետներից, արհմիություններից, բանակից ու նավատորմից ևն), որոնցից 532 էսեռ, 142 մենշևիկ, 136 բոլշևիկ, 55 տրուդովիկ ևն: Կոռնիլովշչինայի ջախջախումից հետո կորցնելով մեծամասնությունը սովետներում, համաձայնողականները փորձում էին Սովետների համառուսաստանյան II համագումարի հրավիրումը նենգափոխել Դ. խ-յամբ և ստեղծել բուրժ. նոր կոալիցիոն կառավարություն: Նրանք ձգտում էին երկիրը դնել բուրժ. պառլամենտարիզմի ռելսերի վրա, կասեցնել բուրժուա-դեմոկրատական հեղափոխության վերաճումը սոցիալիստականի: Վ. Ի. Լենինը բոլշևիկյան ֆրակցիային կոչ արեց Դ. խ-յան ամբիոնն օգտագործել համաձայնողականներին դիմակազերծ անելու համար: Բոլշևիկյան ֆրակցիայի դեկլարացիան, որ հրապարակվեց սեպտ. 18 (հոկտ. 1) ին, խստորեն քննադատեց էսեռա-մենշևիկյան պարագլուխների համաձայնողական քաղաքականությունը և պահանջեց Սովետների համառուսաստանյան համագումարի անհապաղ հրավիրում, ամբողջ իշխանության հանձնում սովետներին, հողի սեփականատիրության վերացում ու հողի հանձնում գյուղացիներին, արդյունաբերության կարևոր ճյուղերի ազգայնացում ևն: Քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ միայն պրոլետարիատը, այլն գյուղացիության մեծ մասը դեմ է կոալիցիային: Համաձայնողականների շարքերում ծագած տարաձայնությունների պատճառով Դ. խ. կանգնեց փակուղու առջև: Բուրժուազիայի հետ կոալիցիան, խրախուսող էսեռա-մենշևիկյան բանաձևը հավաքեց ընդամենը 183 ձայն (813 դեմ, 80 ձեռնպահ): Դ. խ. անզոր գտնվեց լուծելու իշխանության հարցը: Սեպտ. 20 (հոկտ. 3) ին որոշվեց խորհրդակցության բոլոր խմբերից ու ֆրակցիաներից առանձնացնել համեմատական ներկայացուցչություն և կազմել մի մշտական մարմին՝ Դեմոկրատական խորհուրդ (նախապառլամենտ), որին պետք է փոխանցվեին Դ. խ-յան ֆունկցիաները: Դ. խ-յան ձախողումը զինված ապստամբության լենինյան կուրսի ճշմարտացիության մի նոր ապացույց էր:

Գրկ. Լենին Վ. Ի., Ինչպես ապահովել սահմանադիր ժողովի հաջողությունը (Մամուլի ազատության մասին), Երկ., հ. 25: Նույնի, Կպահե’ն արդյոք բոլշևիկներն իրենց ձեռքում պետական իշխանությունը. Երկ., հ. 26: