ՀՍՀ/ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄ
ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՑԵՆՏՐԱԼԻԶՄ, մարքս-լենինյան կուսակցությունների ղեկավարման, սոցիալիստական պետության, սոցիալիստական տնտեսության կառավարման կազմակերպական կառուցվածքի կարևորագույն սկզբունք: Ըստ ներկա ՍՄԿԿ կանոնադրության, Դ. ց. նշանակում է՝ «… ա) կուսակցության բոլոր ղեկավար օրգանների ընտրականություն՝ ներքևից մինչև վերև, բ) կուսակցական օրգանների պարբերական հաշվետվություն իրենց կուսակցական կազմակերպությունների և վերադաս օրգանների առջև, գ) կուսակցական խիստ կարգապահություն և փոքրամասնության ենթարկվելը մեծամասնությանը, դ) վերադաս օրգանների որոշումների պարտադիր լինելը ստորադաս օրգանների համար» (ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, 1971, էջ 291): Եթե դասակարգային անտագոնիստական հասարակության մեջ դեմոկրատիան և ցենտրալիզմը հակադիր են և գտնվում են մշտական կոնֆլիկտի մեջ, ապա սոցիալիզմի պայմաններում դրանք հանդես են գալիս դիալեկտիկական միասնության մեջ: Դ. g-ի գաղափարը, որպես պրոլետարական հեղափոխական կուսակցության կառուցվածքի կազմակերպական սկզբունք, առաջ են քաշել Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը. այն իր գործնական արտահայտությունն է գտել Կոմունիստների միության կազմակերպական կառուցվածքում: Ընդհանրացնելով պրոլետարիատի դասակարգային պայքարի փորձը՝ Վ. ի. Լենինը զարգացրեց Դ. ց-ի սկզբունքը: «Ի’նչ անել», «Նամակ ընկերոջը մեր կազմակերպական խնդիրների մասին», «Մի քայլ առաջ, երկու քայլ հետ» և այլ աշխատություններում նա մշակել է նոր տիպի պրոլետարական կուսակցության կազմակերպական սկզբունքները: Կուսակցական կյանքի Լենինի մշակած նորմերը դրվել են ՌՍԴԲԿ երկրորդ համագումարի (1903) ընդունած կուսակցության կանոնադրության հիմքում, որ ճշտվել ու լրացվել է հետագա համագումարներում ու կոնֆերանսներում: ՌՍԴԲԿ 1 կոնֆերանսը (1905) Դ. ց-ի սկզբունքը համարել է անվիճելի: ՌՍԴԲԿ չորրորդ (միավորիչ) համագումարում (1906) առաջին անգամ կանոնադրության մեջ մտցվեց՝ կուսակցության բոլոր կազմակերպությունները կառուցվում են Դ. ց-ի սկզբունքներով դրույթը: ՌԿ(բ)Կ ութերորդ համառուսաստանյան կոնֆերանսում (1919) Դ. ց. ընդունվեց որպես կուսակցության կազմակերպական կառուցվածքի ղեկավար սկզբունք: Դ. ց-ի դեմ հանդես են եկել տրոցկիստները, «ձախ կոմունիստները» և հակակուսակցական այլ խմբավորումներ, որոնք, քողարկվելով կուսակցության մեջ դեմոկրատիայի զարգացման քողի տակ՝ ձգտում էին ազատություն տալ ֆրակցիոնականությանը, դրանով իսկ փորձելով պառակտել կուսակցության միասնությունը: ՌԿ(բ) կ տասներորդ համագումարը (1921) դատապարտել է կուսակցության մեջ ամեն տեսակ խմբավորումների գոյությունը և ընդունել Լենինի առաջ քաշած «կուսակցության միասնության մասին» բանաձևը: ՍՄԿԿ քսաներորդ համագումարը (1956) մատնանշել է Դ. ց-ի սկզբունքների խստիվ պահպանման անհրաժեշտությունը, որն իր արտահայտությունը գտավ ՍՄԿԿ ԿԿ-ի հոկտեմբերյան (1964) պլենումից հետո՝ կենտրոնում և տեղերում կոլեկտիվ ղեկավարման սկզբունքի հետագա ամրապնդման, կուսակցական մարմինների պլենումների դերի բարձրացման, կադրերի նկատմամբ լիովին վստահության դրսևորման, ներկուսակցական ինֆորմացիայի բարելավման մեջ: Դ. ց-ի գիտական սկզբունքները և հիմունքները դրված են սովետական պետ. օրգանների, արհմիությունների, ԼԿԵՄ և մյուս կազմակերպությունների հիմքում: Դ. ց. օրգանապես կապված է ներկուսակցական դեմոկրատիայի հետ, որ նշանակում է՝ կուսակցական համագումարների, կոնֆերանսների, պլենումների, ժողովների սիստեմատիկ հրավիրում, քննադատության և ինքնաքննադատության ծավալում ևն: Դ. ց. ժողովրդական տնտեսության կառավարման մեջ, սոցիալիզմի ժամանակ տնտեսության ղեկավարման արմատական սկզբունք որ համապատասխանում է սոցիալիզմի էությանը: Ընդգրկում է արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսները: Դ. ց-ի կարևորագույն գիծը մի կողմից կենտրոնացված տնտ. ղեկավարման առաջատար դերն է, մյուս կողմից՝ սոցիալիզմին ներքնապես հատուկ կառավարման դեմոկրատական բնույթը: Ժող. տնտեսության կառավարման մեջ Դ. ց-ի հիմնական մեթոդական և տեսական գաղափարներն առաջադրել և ձևակերպել է Վ. Ի. Լենինը: Արտադրության միջոցների հանրային սոցիալիստական սեփականությունը հնարավորություն է ընձեռում և անհրաժեշտություն դարձնում ամբողջ հասարակության մասշտաբով կենտրոնացնելու տնտ. կառավարման կարևորագույն ֆունկցիաները: Դ. ց. միաժամանակ ենթադրում է ձեռնարկությունների և մյուս տնտ. օղակների հարաբերական տնտ. ինքնուրույնություն: Կենտրոնացված կարգով որոշվում են ժողովրդատնտեսական կառուցվածքը և համամասնությունները, հասարակության տնտ. զարգացման ուղղությունները և տեմպերը, համաձայնեցվում ու կապակցվում են պետ. պլանները, անցկացվում է միասնական տեխ. առաջնթացի, կապիտալ ներդրումների, արտադրության տեղաբաշխման, աշխատավարձի, գների, ֆինանսների բնագավառներում, իրագործվում հաշվառման և վիճակագրության, մշակվում տնտեսության վարման նորմերի համակարգ՝ տնտ. բոլոր օղակների համար: Տնտ. կառավարման մյուս ֆունկցիաներն իրականացնում են ինքնուրույն գործող ձեռնարկություններն ու մյուս օղակները: Տնտ. ինքնուրույնությունը, աշխատավորների ստեղծագործական նախաձեռնությունը զարգանում են կենտրոնացված տնտ. ղեկավարման պայմաններում: Տնտ. կառավարման խիստ կենտրոնացումը, բյուրոկրատական ցենտրալիզմը խաթարում են աշխատավորների, կոլեկտիվների նախաձեռնությունը, իջեցնում նրանց պատասխանատվությունը, իսկ ցենտրալիգմի թուլացումը հնարավորություն չի ընձեռում իրագործելու արդյունավետ պլանավորում, մասնատում է գործունեությունը, հասցնում տեղայնության: Կենտրոնացման և ինքնուրույնության, միանձնյա ղեկավարության ու կոլեգիալության կոնկրետ հարաբերակցությունը, հասարակական դասակարգային, կոլեկտիվ և անհատական շահերի, կառավարման տարբեր մարմինների միջև ֆունկցիաների բաժանման ձևերը ընդմիշտ տրված չեն և կախված են տնտ. զարգացման կոնկրետ, պատմական պայմաններից: Ներկայումս ՍՍՀՄ-ում և մյուս սոցիալիստական երկրներում, որտեղ իրագործվում են տնտ. ռեֆորմներ, էլ ավելի են զարգանում ու կատարելագործվում Դ. ց-ի սկզբունքները:
Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Լենին Վ. Ի., Ի’նչ անել, Երկ., հ. 5: Նույնի, Նամակ ընկերոջը մեր կազմակերպական խնդիրների մասին, Երկ., հ. 6: Նույնի, ՌՍԴԲՊ-ի կանոնադրության նախագիծը, նույն տեղում: Նույնի, Մի քայւ առայ, երկու քայլ հետ, Երկ., հ. 7: Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները. Երկ., հ. 27: Նույնի, «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ, Երկ., հ. 31: ՍՄԿԿ XXIII համագումարի նյութերը, Ե., 1967: ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971: ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե., 1976: Բրեժնև Լ.Ի., Կուսակցական շինարարության ակտուալ պրոբլեմների մասին, Ե., 1973: Решения партии и правительства по хозяйственным вопросам, 1917—1969 годы, т. 1 — 7, М., 1967 — 70 Положение о социалистическом государственном производственном предприятии, М., 1965: Венедиктов А. В., Организация государственной промышленности в СССР, т. 1-2, Л., 1957-61.
