ՀՍՀ/ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, 1. գյուղատնտեսության կարևորագույն բնագավառներից մեկը, պարենային, տեխնիկական, կերային և այլ բույսերի մշակությունը: 2. Ագրոնոմիայի բաժին, որն ուսումնասիրում է գյուղատնտ. բույսերի բուծման ձևերը, մշակում հողօգտագործման և բերրիության բարձրացման առավել ռացիոնալ եղանակներ՝ բարձր և կայուն բերք ստանալու համար: Ե., որպես արտադրության բնագավառ, իր զարգացման վաղ շրջանում նույնացվել է գյուղատնտեսության հետ: Մեծ է Ե-յան ժողովրդատնտ. նշանակությունը: Բնակչությանը ապահովում է սննդամթերքով, անասնապահությանը՝ կերով, արդյունաբերության շատ ճյուղերին՝ հումքով: Գյուղատնտեսության զարգացումը շատ բանով պայմանավորված է Ե-յան և անասնապահության ճիշտ համատեղման հետ: Ե-յան կարևորագույն խնդիրը հողի բնական բերրիության վերածումն է էկոնոմիկական բերրիության՝ ագրոտեխնիկական, մելիորատիվ, կազմակերպչական և տնտ. համալիր միջոցառումների՝ երկրագործության ռացիոնալ համակարգերի կիրառման միջոցով: Ե. լինում է էքստենսիվ և ինտենսիվ: Էքստենսիվի ժամանակ արտադրությունը զարգանում է հողային տարածությունների ընդարձակման, ինտենսիվի ժամանակ՝ նոր լրացուցիչ միջոցների ներդրման հաշվին (մեքենայացում, մելիորացիա, հանքային պարարտանյութերի կիրառում, ագրոտեխնիկայի մակարդակի բարձրացում ևն): ՍՍՀՄ-ում կան Ե-յան հետևյալ ձևերը՝ կայուն, չոր (անկայուն), ոռոգվող, անջրդի, բևեռային և լեռնային: Կայուն Ե. կենտրոնացված է ՍՍՀՄ անտառային և անտառատափաստանային գոտիներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի, Արևմտյան Ուկրաինայի, Հեռավոր Արևելքի բավարար խոնավություն ունեցող շրջաններում: Հողակլիմայական բարենպաստ պայմանների շնորհիվ այստեղ մշակվում են տարբեր գյուղատնտ. կուլտուրաներ՝ առանց արհեստական ոռոգման: Չոր (անկայուն) Ե. բնորոշ է անբավարար մթնոլորտային տեղումներ և անկայուն եղանակ ունեցող շրջաններին (ՍՍՀՄ տափաստանային գոտի): Այդ պատճառով այստեղ դիտվում է բերքի մեծ տատանում: Չոր Ե. հիմնվում է երաշտադիմացկուն կուլտուրաների և սորտերի մշակման այնպիսի ագրոտեխնիկայի կիրառման վրա, որը նպաստում է հողի խոնավության պահպանմանն ու կուտակմանը (սև ցել, ձնակուտակում, ցանքի ժամկետների կրճատում, լայն-շարք ցանք ևն): Ոռոգվող Ե. ընդգրկում է անապատային, կիսաանապատային շրջանները, որոնք բնորոշվում են տեղումների աննշան քանակով և բարձր ջերմությամբ: Ոռոգվող Ե-յան շրջանները խիստ ինտենսիվացված են: Ցանքերի կառուցվածքը խիստ մասնագիտացված է հիմնական կուլտուրայի առավելագույն հագեցվածությամբ: Անջրդի Ե. հիմնականում հացահատիկային (մասամբ կերային) կուլտուրաների մշակումն է ոռոգվող Ե-յան շրջանների անջրդի հողերում: Տարածված է Միջին Ասիայի և Անդրկովկասի շրջաններում: Բևեռային Ե. գյուղատնտ. կուլտուրաների մշակումն է տունդրայի գոտում: Այստեղ մեծ նշանակություն ունեն վաղ հասունացող սորտերի ընտրությունը, ագրոտեխնիկական ձևերը, բույսերի արագացած հասունացումը, կուլտուրաների մշակումը պաշտպանված գրունտում: Լեռնային Ե. հարմարեցված է համեմատաբար բարձր լեռնային տարածքներին: Ագրոտեխնիկայի նպատակն է, ամենից առաջ, կանխել ու թուլացնել ջրային էրոզիայի պրոցեսները, դրա համար վարում են լանջերի լայնքով, ցանում բազմամյա խոտաբույսեր, կիրառում դարավանդում, մշակում լեռնային պայմաններին լավ հարմարված կուլտուրաներ և սորտեր: Ե-յամբ սկսել են զբաղվել դեռևս քարի դարի կեսերից (մեզոլիթ): Ե. ունեցել է երկու գլխավոր փուլ՝ բրիչային և արորագութանային: Առաջինի արտադրամիջոցները բրիչներն էին, իսկ երկրորդինը՝ արորները, նախագութանները, գութանները, փխրեցնող ու հարթեցնող միջոցները, մանգաղները, գերանդիները, կալսիչ պարագաները ևն: Ե-յան ծագման ժամանակի վերաբերյալ գոյություն ունեն մի շարք տեսություններ, դրանցից ամենահավաստին հնագիտության և հնաբուսաբանության տվյալների հիման վրա ստեղծվածն է, ըստ որի՝ առաջին երկրագործական կուլտուրաները (ցորեն, գարի, բրինձ, պտուղներ ևն) մշակվել են սկսած մ. թ. ա. X—VIII հազարամյակներից, սակայն ոչ բոլոր երկրներում: Մի շարք գիտնականներ ցորենի բուն հայրենիքը համարել են Հայաստանը, որը հնուց եղել է հացահատիկներ ու պտուղներ աճեցնող երկրներից մեկը: Շենգավիթի բնակատեղիից հայտնաբերվել են ցորենի և ալյուրի բազմաթիվ հորեր, քարե բրիչներ, պահունակավոր մանգաղներ և բազմապիսի աղորիքներ, որոնք ցույց են տալիս, որ մ. թ. ա. IV հազարամյակը այնտեղ բրիչային Ե-յան ծաղկման և արորային Ե-յան սկզբնավորման ժամանակաշրջան էր: Նույն շրջանին են վերաբերում նաև արորների գծանկարները Գեղամա և Սյունյաց լեռների ժայռապատկերներում: Իսկ բրոնզի դարում Հայաստանում և Անդրկովկասում արդեն հայտնի էին տախտակե կամերը, որոնց պեղածո օրինակները ոչնչով չեն տարբերվում XX դ. կամերից: Պատմիչների (Ստրաբոն, Հերոդոտ, Քսենոֆոն, Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Հովհաննես Դրասխանակերտցի) տեղեկություններից երևում է, որ Հայաստանում Ե. զարգացած էր: Ուրարտական շրջանում Հայկական լեռնաշխարհում ստեղծվել ու ընդարձակվել են ոռոգման համակարգերը: Հիշարժան է Շամիրամի ջրատարը, որը գործել է մինչև մեր ժամանակները: Մշակվող կուլտուրաների խնամքի աշխատանքները հիմնականում տարվել են երկու ուղղությամբ, մշակվել են քարքարոտ ու ոռոգելի հողերը: Մշակվող կուլտուրաների սննդառությունը կարգավորվել է նաև պարարտացման միջոցով (գոմաղբ): Մի շարք ժողովուրդների առասպելների համաձայն առաջին արորը եղել է ոսկուց և համարվել աստվածների պարգևը: «Սասունցի Դավիթ» էպոսից, հայկ. հեքիաթներից, առասպելներից ենթադրվում է, որ մայրական տոհմի շրջանում առաջին լծկանը եղել է մարդը՝ իգական աստվածության, հայրական տոհմի շրջանում եզը՝ արական աստվածության հովանավորությամբ: Յուրաքանչյուր երկրի Ե-յան զարգացման պատմության մեջ կարելի է առանձնացնել Ե-յան որակի համակարգեր, որոնք բնորոշում են հողօգտագործման ինտենսիվությունը, հողի բերրիության վերականգնման և բարձրացման եղանակները, Ե-յան զարգացման մակարդակը: Ե-յան համակարգը փոխվում է հասարակության արտադրողական ուժերի անընդհատ զարգացմամբ: Յուրաքանչյուր հասարակարգ ունի իրեն բնորոշ համակարգը (տես Երկրագործության համակարգեր): Սովետական կարգերի հաստատումից հետո Ե. ուժեղ թափով զարգանում է ՀՍՍՀ-ում: Ստեղծվել են Ե-յան ինտենսիվ, ժամանակակից համակարգեր: Գյոսղատնտ. մեքենայացման հետ միասին բարելավվել է գյուղատնտ. կուլտուրաների ագրոտեխնիկան: Լայն կիրառում են ստացել հողերի մելիորացիան, հանքային և օրգ. պարարտանյութերը, մեծացել են սորտային ցանքերի տարածությունները, փոխվել է ցանքերի կառուցվածքը: 1975-ին ՀՍՍՀ-ում հացահատիկային կուլտուրաները (ներով ամբողջ ցանքատարածությունից) կազմել են 40,8, տեխնիկականը՝ 3,4, կարտոֆիլը և բանջարաբոստանայինը՝ 9,7, կերայինը՝ 46,1: ՍՄԿԿ XXV համագումարի դիրեկտիվներում 1976—80 ժողովրդատնտ. հնգամյա պլանով խնդիր է դրված՝ Ե-յան բնագավառում ապահովել գյուղատնտ. կուլտուրաների բերքատվության աճը՝ հողի բերրիության բարձրացման, արտադրության առաջավոր տեխնոլոգիայի կիրառման, հանքային և օրգ. պարարտանյութերի ռացիոնալ օգտագործման, հողերի լայն մելիորացիայի, հակաէրոզիոն միջոցառումների, սերմնաբուծության բարելավման, բարձր բերքատու սորտերի և հիբրիդների օգտագործման, ցանքային տարածությունների կաոուցվածքի բարելավման, ճիշտ ցանքաշրջանառությունների կիրառման միջոցով: 1975-ին ՀՍՍՀ-ում դաշտավարության մեջ ներդրվել է 358 հզ. և հանքային պարարտանյութ (որից ազոտական՝ 204 հզ. տ, ֆոսֆորական՝ 129, կալիումական՝ 25): Տես նաև գյուղատնտեսություն:
Գրկ. Վիլյամս Վ. Ռ., Երկրագործության հիմունքները, Ե., 1948: Բդոյան Վ., Երկրագործական մշակույթը Հայաստանում, Ե., 1972: Земледелие, под ред. С. А. Воробьева, 2 изд., перераб, и доп., М., 1972. Հ. Գոիգորյան, Վ. Բդոյան
