Jump to content

ՀՍՀ/Զ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Զ, հայերեն այբուբենի վեցերորդ տառը: Անունն է զա: Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը` տառակերտման սեփական սկզբունքով Զ կազմող վերից վար իջնող երկար, կարճ ու լայն գծերից կարճը երկարին է միանում ձախ կողմի վերին մասից երկու նուրբերով, իսկ լայնը` աջ կողմի ստորին մասից, մի նուրբով` զ.: Ունի գրչագիր, երկաթագիր, բոլորգիր, շղագիր, նոտրգիր գրատեսակները: Գրչագիր Զ գտնվում է տողագծերի միջև: Գրչագիր Ղ-ից տարբերվում է ոչ միայն նուրբերով, այլև երկարի ստորին մասի դեպի աջ թեքվելով` զ: Գրվում է ուղղաձիգ և դեպի աջ թեքված: Օգտագործվել է հիմնականում մինչև XIII դ., բայց հաճախ տեղը զիջել է երկաթագրին: Երկաթագիր Զ ստեղծվել է գրչագրի հենքից, ըստ որում, բոլորակը, որ գրչագրում քառակուսի է, դառնում է կլոր, իսկ երկարը կորությամբ իջնում է նուրբի վրա` Զ.: Որպես գլխագիր օգտագործվելիս, ինչպես նաև արձանագրություններում, բոլորակը ընդունում է լրիվ շրջանագծի ձև և հենվում նուրբին` Զ, կամ ստորին մասից նրան է միանում ուղղաձիգ գծիկով` Զ` Որպես գրչության գիր օգտագործվել է V—XIII դդ., գլխագիր և վիմագրության գիր` V դարից մինչև այսօր: Բոլորգիր Զ պահպանել է իր ստեղծման նախնական ձևը. միայն բոլորակով հենվել է տողագծին` Զ.: Արագագրության հետևանքով լայնը հաճախ չի գրվում` զ: Տպագրության մեջ այդ ձևով էլ պահպանվել է: Շղագիր Զ նույն բոլորգիրն է, առանց հաստ ու բարակ գծերի: Հետագայում հրաժարվել են բոլորակի վերին նուրբից և այսօր առօրյա գրության մեջ այդպես էլ օգտագործվում է: Նոտրգիր Զ պահպանում է շղագրի այն վիճակը, երբ վերին նուրբը չկա, միայն ի տարբերություն շղագրի, նուրբերը հաստ են գրվում` զ: Զ տառը նշանագրում է հայերենի զ առաջնալեզվային (միջատամնային) ձայնեղ շփական (սուլական) պարզ բաղաձայն հնչույթը: Արտաբերվում է լեզվի միջին մասի ու վերին ատամների միջև առաջացած անցքից օդի մղումով` լեզվի ծայրը հպելով վերին ատամնաշարի ծայրին: Զ գրաբարում գործածվել է որպես նախդիր և դրվել գոյականի (զերկինս, զերկիր), դերանվան (զքեզ, զնոսա), բայի (անցանել-զանցանել) վրա (ոչ բոլոր ձևերում)` արտահայտելով մի քանի իմաստներ որոշյալություն, սաստկություն, մասին (ինչ-որ մեկի, բանի), շուրջը ևն: Բաղաձայնով սկսվող բառերից առաջ արտասանվել է ըզ (ըզծով), պարզ խուլերից առաջ հաճախ վերածվել է ս-ի (սթափիլ, ստածել): Ժամանակակից հայերենում գրաբարից փոխառյալ բառերում երբեմն հանդիպում ենք զ նախդիրով քարացած ձևերի (զօր ու գիշեր): Որպես այբուբենի վեցերորդ տառ նշանագրել է նաև վեց և վեցերորդ, բյուրի նշանով (Զ»)` վաթսուն հազար: Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի արժեքով (Զ դասարան վեցերորդ դասարան, մասն Զ մասն վեցերորդ):