Jump to content

ՀՍՀ/ԶԱԲԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱԲԵԼ (Մարիամ, ամուսնու ազգանունով` Կնորոզովա, 1858, Բիթլիս—12.1.1926, Թիֆլիս), հայ դերասանուհի: Ավարտել է Նոր Նախիջևանի պրոգիմնազիան: Բեմ է բարձրացել 1879-ին` Սոֆիայի դերով (Կարամզինի «Սոֆիա»): 1881 —1923-ին աշխատել է Թիֆլիսում, տարբեր խմբերի հետ ելույթ ունեցել Անդրկովկասի քադաքներում: Եղել է Պ. Ադամյանի, Սիրանույշի, Հ. Աբելյանի մշտական խաղընկերը: 1880-ական թթ. Պ. Ադամյանի հետ Դեզդեմոնայի (Շեքսպիրի «Օթելլո») և Ռոզալիայի (Ջիակոմետիի «Ոճրագործի ընտանիքը») դերերով հանդես է եկել Ռուսաստանի մի շարք քաղաքներում: 1908—09-ին «Աբելյան-Արմենյան» խմբի հետ եղել է Թուրքիայում, 1912-ին` Մոսկվայում: Խաղացել է առավելապես բնութագրական դերեր` Երանուհի, Շուշան (Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Իսսախար (Ա. Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Կուկուշկինա (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Գերտրուդ (Շեքսպիրի «Համլետ»):