ՀՍՀ/ԶԱԻՐ
ԶԱԻՐ (Zaire), Զաիրի Հանրապետություն (La Republique du Zaire, մինչև 1971-ի հոկտեմբերը` Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
I. Ընդհանուր տեղեկություններ
Զ. պետություն է Կենտրոնական Աֆրիկայում: Սահմանակից է Կոնգոյի ժողովըրդական Հանրապետությանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Սուդանին, Ուգանդային, Ռուանդային, Բուրունդիին, Տանզանիային, Զամբիաին, Անգոլային: Տարածությունը 2345,4 հզ. կմ2 է, բն.` 24,8 մլն (1975): Մայրաքաղաքը` Կինշասա: Բաժանվում է 9 նահանգի: Կինշասա քաղաքը (արվարձաններով) առանձին վարչական միավոր է` նահանգի իրավունքներով:
II. Պետական կարգը
Զ, հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է մտել 1967-ին: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որը նաև զինված ուժերի և ոստիկանության գերագույն գլխավոր հրամանատարն է: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Ազգային ժողովն է: Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած քաղաքացիները: Դատական համակարգը բաղկացած է գերագույն դատարանից, ապելյացիոն դատարանից, օկրուգային, ոստիկանական և հաշտարար դատարաններից:
III. Բնությունը
Զ. գտնվում է Կոնգոյի իջվածքում և նրան կից բարձրությունների վրա, հասարակածային և մերձհասարակածային գոտիներում: Կենտրոնական և արմ. մասերը զբաղեցնում է ճահճապատ, ալյուվիալ հարթավայրը` Կոնգոյի իջվածքի առավել ցածր մասը, որտեղից տեղանքը ամֆիթատրոնի ձևով բարձրանում է դեպի ծայրամասերը: Հվ-արմ-ում Հարավ-Գվինեական բարձրավանդակի մի մասն է: Հվ-ում սեղանաձն սարավանդներ են, Կոնգո և Զամբեգի գետերի ջրբաժանում` բարձր հարթավայրեր (1200—1500 մ և ավելի): Առավել բարձր ու մասնատված է Զ-ի արլ. մասը, որտեղ սահմանի երկայնքով ձգվում է բեկորային լեոներով (2000—3000 մ) եզրավորված Արևելա աֆրիկական բեկվածքների գոտին: Ամենաբարձրը Ռուվենզորի լեռնազանգվածն է (5109 մ): Գործող հրաբուխներից նշանավոր են Նյամլագիրան և Նյիրագոնգոն: Զ. հարուստ է պղնձի, կոբալտի, ցինկի, ուրանի, ալմաստի պաշարներով, երկաթի, բոքսիտների, բիտումային թերթաքարերի, մանգանի, ոսկու, ածխի հանքաշերտերով, հայտնաբերված են նավթաերևակումներ: Կլիման: Զ-ի տերիտորիայի 3 հս. և 3 հվ. լայնությունների միջև գտնվող մասն ունի խոնավ հասարակածային կլիմա (1700—2500 մմ տարեկան տեղումներով): Հասարակածից հս. և հվ. կլիման մերձհասարակածային է: Ամենատաք ամսվա (մարտ կամ ապրիլ) միջին ջերմաստիճանը 24°C ից 28°C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս կամ օգոստոս)` 22°C ից 25°C: Ներքին ջրերը: Զ. ունի ջրառատ գետերի խիտ ցանց: Խոշոր գետը Կոնգոն է (Զաիր), Արուվիմի, Ուբանգի, Լոմամի, Լուլոնգա, Կասաի և այլ վտակներով: Գետերը սահանքավոր են, հարուստ հիդրոէներգիայի սլաշարևերով, ունեն ջրվեժներ, նավարկելի են Կոնգոյի իջվածքում: Նշանավոր են Մոբուտու Սեսե Աեկո, Իդի Ամին` Դադա, Կիվու, Տանգանիկա, Մվերու լճերը, Կոնգոյի իջվածքում` Մաի Նդոմբե և Տումբա ծանծաղ լճերը: Հողաբուսական ծածկույթը: Հասարակածային գոտում հզոր, կարմրադեղնավուն, ֆերալիտային հողերի վրա աճում են խիտ, խոնավ մշտադալար անտառներ (կարմիր ծառ, դեղին ծառ, էբենոս, յուղատու արմավենի, տարբեր կաուչուկատուներ են), Կոնգոյի իջվածքի առավել ցածրադիր վայրերում` ճահճացած անտառներ, հվ-ում և ծայր հս-ում` սեզոնային խոնավ անտառներ և բարձրախոտային երկրորդական սավաննաներ: Գետահովիտներում կան սրահային անտառներ: Ծայր հվ-ում և հվ-արլ-ում, դարչնակարմրագույն հողերի վրա աճում են արևադարձային նոսր անտառներ: Լեռնալանջերին բուսածածկույթն ունի ուղղաձիգ գոտիականոլթյուն: Կոնգոյի գետաբերանում կան մանգրովային բույսեր: Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Կան այծքաղների, փղերի, ռնգեղջյուրների, զեբրերի տարբեր տեսակներ, առյուծներ, ընձառյուծներ, վագրակատուներ, բորենիներ, սողուններ, միջատներ, թռչուններ, գետերում և լճերում` գետաձի, ձկներ:
IV. Բնակչությունը
Զ-ի բնակչության մոտ 85 ը պատկանում է բանտու լեզվախմբին, մոտ 52 ը պահպանում են տեղական հավատը, մոտ 45 ը քրիստոնյաներ են, կան մուսուլմաններ: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է: Խիտ են բնակեցված արլ. լեռնային շրջանները, հվ-արլ., Կոնգո գետի ստորին հոսանքի և Կասաի գետի ավազանը: Խոշոր քաղաքը Կինշասան է: Կարևոր են Լուրումբաշի, Մբուժի Մայի, Կիսանգանի, Կանանգա և այլ քաղաքները:
V. Պատմական ակնարկ
Եվրոպացիների մուտք գործելուց դեռ շատ առաջ Զ-ի բնակչության հիմնական մասը կազմող բանտու լեզվաընտանիքի ժողովուրդների մոտ ստեղծվել էր գույքային անհավասարություն, սկսել էին զարգանալ դասակարգային հարաբերություններ, առաջացել էին պետ. կազմավորումներ (Կոնգո, Կակոնգո, Մատամբա ևն): XV դ. վերջին Զ-ում երևացին պորտուգալացիները, որոնք չնայած տեղաբնիկների համառ դիմադրությանը (1491-ի ապստամբությունը Կոնգոյում, Մբուլա Մատադիի ապստամբությունը XVI դ. 70—80-ական թթ. ևն), հաստատ վեցին Կոնգոյի գետաբերանում և սկսեցին զբաղվել ստրկավաճառությամբ: XIX դ. վերջերին Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ին հաջողվեց իր հսկողության տակ առնել Աֆրիկայի կենտրոնական մասը: Բեռլինի կոնֆերանսը (1884—85) ճանաչեց նրա գերիշխանությունը, այսպես կոչված, «Կոնգոյի ազատ պետության» նկատմամբ: 1908-ին երկիրը պաշտոնապես դարձավ բելգ. գաղութ` Բելգիական Կոնգո անունով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Զ ում տեղի ունեցան հակաիմպերիալիստական ժող. ելույթներ, որոնք դաժանորեն ճնշվեցին գաղութարարների կողմից: Ազատագրական շարժումը նոր վերելք ապրեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1945-ին Մատաղի նավահանգստում սկս ված գործադուլը վերածվեց զինված ապստամբության: 1950-ական թթ. սկզբներին երևան եկան կուլտուր-լուսավորական խոշոր կազմակերպություններ, որոնք կարևոր դեր խաղացին ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում և աստիճանաբար վերածվեցին քաղ. կուսակցությունների: Ամենախոշորը Կոնգո յի ազգային շարժում (հիմնվել է 1958-ին) կուսակցությունն էր` Պ. L ումումբայի գլխավորությամբ: Ազգային-ազատագրական շարժման ճնշման տակ Բելգիան ստիպված էր անկախություն տալ Բելգիական Կոնգոյին, որը 1960-ի հունիսի 30-ին հռչակվեց անկախ հանրապետություն: Կառավարությունը գլխավորեց Պ. Լումումբան: Իմպերիալիստական տերությունները, օգտագործելով տարբեր ցեղախմբեր ու սոցիալական խավեր ներկայացնող պարագլուխների տարաձայնությունները, խափանում էին կառավարության տնտ. և քաղ. միջոցառումները, հրահրում խռովություններ: Եվրոպացիների կյանքն ու ունեցվածքը պաշապանելու պատրվակով 1960-ի հուլիսին բելգ. զորքեր մտցվեցին Կոնգո: Սեպտեմբերին ՄԱԿ-ի թողտվությամբ իշխանությունից հեռացվեց ազգային կառավարությունը: Պ. Լումումբան ձերբակալվեց և գազանորեն սպանվեց (1961-ի հունվար): Երկրում ծավալվեց ապստամբական շարժում, որը գլխավորում էր 1963-ին ստեղծված Ազատագրության ազգային խորհուրդը: 1964-ին հայրենասերները հռչակեցին Կոնգոյի ժողովրդական Հանրապետություն` Ստենլիվիլ (1966-ից` Կիսանգանի) մայրաքաղաքով: Բայց ՆԱՏՕ-ի ուղղակի զինված միջամտությունն ու կառավարության ներսում եղած տարաձայնությունները խանգարեցին ամրապնդելու ձեռք բերվածը: 1964-ին իշխանության գլուխ կանգնեց Մ. Չոմբեի պրոիմպերիալիստական կառավարությունը: 1965-ին բանակն իր ձեռքն առավ իշխանությունը և պրեզիդենտ հոչակվեց գեներալ լեյտենանտ Մոբուտուին: 1970-ի վերջին Մոբուտուն ընտրվեց պրեզիդենտ, իսկ 1971-ի հոկտ. 27-ին պետությունը վերանվանվեց Զաիրի Հանրապետություն: 1973—74-ին ազգայնացվեցին օտարերկրյա նավթային առևտրական, արդ. և այլ ընկերություններ: Աֆրիկայի լիակատար ազատության հարցերում Զ. վարում է համաձայնողական քաղաքականություն: Սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Բելգիայի և արմ. այլ պետությունների հետ: 1977-ի սկզբներին Զ-ի հվ. Շաբա (նախկին Կատանգա) նահանգում բռնկվեց ապստամբություն, որը ղեկավարում էր Կոնգոյի ազգային ագատագրության ճակատը: Սովետական Միության հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1960-ի հուլիսին:
VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները
Հեղափոխության ժողովրդական շարժում, ստեղծվել է 1967-ի մայիսին, երկրի միակ կուսակցությունն է (կառավարող): Զաիրի աշխատավորների ազգային միություն, ստեղծվել է 1967-ին, երկրի բոլոր արհմիութենական կազմակերպությունների միավորմամբ: VII, Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
Զ. զարգացած լեռնահանքային արդյունաբերությամբ ագրարային երկիր է: Տնտեսությունը մասնագիտացել է արտաքին շուկայի համար հանքանյութերի և բուսական հումքի արտադրության մեջ: Կապիտալիստական աշխարհում առաջինն է կոբալտի և տեխ. ալմաստի հանույթով: Արդյունահանում է նաև պղնձի, անագի, ցինկի, մանգանի հանքաքար և այլ օգտակար հանածոներ: Արևադարձային արժեքավոր կուլտուրաներ արտադրող երկիր է: Աչքի է ընկնում մշակող արդյունաբերության զարգացման բարձր մակարդակով: Տնտեսության մեջ կարևոր դեր ունեն բելգ., մեծ բրիտանական, ամերիկյան մոնոպոլիստական խմբերը: Եվրոպական տնտ. համագործակցության միակցված անդամ է: Գյուղատնտեսությանը բնորոշ են մանր գյուղացիական և եվրոպացիների խոշոր պլանտացիաներն ու անասնապահական տնտեսությունները: Գյուղատնտ. հիմնական կուլտուրան յուղատու արմավն է: Մշակում են նաև սուրճ, հեվեյա, կակաո, թեյ, քինաքինայի ծառ, բանան, եթերայուղատու և կոշտ թելատու կուլտուրաներ, շաքարեղեգ, գետնընկույզ, ծխախոտ, ներքին սպառման համար` մանիոկ, բատատ, եգիպտացորեն, բրինձ, կորեկ, սորգո: Լեռնային շրջաններում զբաղվում են անասնապահությամբ: Զարգացած են ձկնորսությունը և անտառամշակումը: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են լեռնահանքային արդյունաբերությունը և գունավոր մետալուրգիան: Լեռնարդյունաբերական գլխավոր շրջանը Շաբա նահանգի պղնձատար գոտին է: Պղնձի հետ արդյունահանվում է կոբալտ, ցինկ, կադմիում, գերմանիում, արծաթ և այլ մետաղներ: Մետալուրգիական հիմնական կենտրոններն են Լուբումբաշին, Լիկասին, Կոլվեզին, Լուիլուն: Կիվու նահանգում արդյունահանվում է անագի և նրա հետ հանդես եկող կոլումբիտի, վոլֆրամիտի, բերիլի, ինչպես նաև պիրոքլորի ու մոնացիտի, Կիսենգեում` մանգանի, Վերին Զաիր և Կիվու նահանգներում` ոսկու հանքանյութ, Կասաի գետի ավազանում` ալմաստ: Տեղական կարիքների համար արդյունահանում են քարածուխ, շինանյութեր: Շարք են մտել «Ինզոլ» ավտոհավաքման և ավտոդողերի գործարանները, Ինգա ՀԷԿ-ը, Լուբումբաշիի հանքահարստացուցիչ ֆաբրիկան: Կինշասայի մոտ սկսվել է մետալուրգիական կոմբինատի կառուցումը: Էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը մոտ 750 հզ. կվտ է: Խոշոր ՀԷԿ-երն են` Լե-Մարինել և Դելկոմյուն: Էլեկտրաէներգիա է արտահանվում Զամբիա և Բուրունդի: Մշակող արդյունաբերության հիմնական ճյուղերից է սննդի արդյունաբերությունը: Կինշասա, Լուբումբաշի, Կալիմա քաղաքներում կան տեքստիլ արդյունաբերության, կարի, տրիկոտաժի, կոշիկի ձեռնարկություններ: Քիմ. արդյունաբերության գլխավոր կենտրոններն են Կինշասա, Լուբումբաշի, Լիկասի քաղաքները, նավթավերամշակմանը` Մվանղան: Կան շինանյութերի, նրբատախտակի, մետաղամշակման, մեքենաշինական, նավաշինական, հեծանվահավաքման գործարաններ, անտառասղոցման արդյունաբերություն: Երկաթուղիների ընդհանուր երկարությունը 5174 կմ է, ավտոճանապարհները` մոտ 150 հզ. կմ, ներքին նավարկելի ուղիներինը` մոտ 16 հզ. կմ: Գետային կարևոր նավահանգիստը Կինշասան է, ծովայինը` Մատադին: Միջազգային օդանավակայաններ կան Կինշասա, Լուբումբաշի, Կիսանգանի քաղաքներում: Արտահանում է հանքանյութ, արմավի յուղի մթերքներ, սուրճ, կաուչուկ, անտառանյութ, կակաո: Ներմուծում է մեքենաներ և սարքավորումներ, տրանսպորտի միջոցներ, պարենամթերք, վառելիք: Արտաքին առևտրական հիմնական գործընկերներն են Բելգիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան: Դրամական միավորը զաիրն է: 1 զաիրը հավասար է ամերիկյան 2 դոլլարի:
VIII. Լուսավորությունը
1967-ի տվյալներով, անգրագետ էր մեծահասակ բնակչության մոտ 90 ը: Տարրական և միջնակարգ դպրոցները հիմնականում պատկանում են քարոզիչներին և ֆինանսավորվում պետության կողմից: 1968-ից մտցվել է ձրի տարրական և միջնակարգ կրթություն: Ուսուցումը տարվում է ֆրանսերենով: Տարրական 6-ամյա դպրոց ընդունվում են 6 տարեկանից: Միջնակարգ ուս. հաստատությունն ունի 2 աստիճան (2—4 տարի): Առաջինն ընդհանուր է և կրում է «կողմնորոշման շարք» անունը: Երկրորդի` բնական գիտությունների, մանկավարժության, տեխնիկայի բաժիններում տարվում է դիֆերենցված ուսուցում: Բարձրագույն կրթության վերակազմակերպումից հետո (1971), Կինշասայի, Լուբումբաշիի և Կիսանգանիի համալսարանները միավորվել են` դառնալով Ազգային համալսարան Կինշասայում: Գործում են նաև մանկավարժական, ճարտ., շինարարական, կերպարվեստի, երաժշտական ուս. հաստատություններ, դրամատիկ արվեստի ազգային ակադեմիա:
IX. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը
1970-ական թթ. լույս են տեսնում շուրջ 70 թերթ և ամսագիր: Կինշասայում` «Միոտո» («Mioto»), «Սալոնգո»(«Salongo»), «Էլոմբե» («Elombe»), «Էլիմա» («Elima») օրաթերթերը, «Նկումու» («Nkumy») շաբաթաթերթը, «Զաիր» («Zaire») շաբաթական հանդեսը, «Տրիբյուն դյու Տրավայեոր» («Tribune du Travailleur») թերթը, Լուբումբաշիում` «Տաիֆա»(«Taifa»), «Մվանգա» («Mwanga») օրաթերթերը և «Ուկվլի» («Ykweli») շաբաթաթերթը: Զաիրպրես («L Agence Zaire-presse», AZP) ինֆորմացիոն գործակալությունը հիմնադրվել է 1957-ին: Ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումների կառավարական ծառայությունը (հիմնված` 1949-ին) ունի 7 ռադիոկայան: Հաղորդումները տրվում են ֆրանս., լինգալա, կիկոնգո և աֆրիկյան մի քանի այլ լեզուներով: 1967-ից Կինշասայում և Լուբումբաշիում գործում են հեռուստատեսության կայաններ:
X. Ճարտարապետությունը և կերպարվեստը
Ժող. բնակարանները մեծ մասամբ առանց պատուհանի, գլանաձև կամ հատակագծում քառանկյունի, կոնաձև, խոտածածկ կտուրներով, հյուսածո կամ կավածեփ խրճիթներ են: XIX դ. և XX դ. սկզբին զարգացած քաղաքները (Կինշասա ևն) խստորոշ բաժանված են 2 մասի` հարմարավետ բազմահարկ շենքերով կառուցապատված շրջաններ և բնիկների անբարեկարգ թաղամասեր: Զ-ում փայտի քանդակագործությունը առանձնանում է ոճական բազմազանությամբ, բնօրինակին մոտ պատկերների կողքին հանդիպում են չափազանց սխեմատիկ, պայմանական նմուշներ: Նշանավոր են բակուբա ժողովրդի թագավորների ստատիկ և հանդիսավոր արձանիկները (ամենավաղը թվագրված է XVI դ. վերջ): Ներքին արտահայտչականությամբ և դինամիզմով են առանձնանում բալուբա, խիստ ոճավորվածությամբ` բենա-լուլուա, ընդհանրացվածությամբ` բայակա, գրոտեսկայնությամբ` բասոնգո ժողովուրդների արձանիկները: Բազմաբնույթ են և արտահայտչականության հասնելու տարբեր մոտեցումներով են կատարված փայտե դիմակները: 1940-ական թթ. վերջերին հանդես են եկել գեղանկարիչ — «պրիմիտիվիստներ» (բնանկարիչ Ա. Մոնժիտա, դիմանկարիչ Ա. Կիաբելուա), նաև դեկորատիվ կոմպոզիցիաներ ստեղծող մի խումբ նկարիչներ (Պիլի-Պիլի Մուլոնգոյա, Մվենզե): Գեղանկարիչ Կաբեյայի նկարները Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել են արծաթե մեդալի (1967):
XI. Երաժշտությունը
Բակոնգո, մոնգո, բալենգոլա, լոկելե, բանգալա, բատեկե, բալուբա և մյուս ժողովուրդների երաժշտական մշակույթի ձևավորումն ու կազմակերպումը սկսվել է դեռևս Բուշոնգո, Կոնգո, Լունդա և այլ պետությունների ժամանակաշրջանում: Երգիչ-ասացողները մասնակցում էին ժող. տոնախմբություններին: Տարածված են հարվածային (նգոմա, իկոնկո և այլ թմբուկներ), լարավոր (քնար, տավիղ, ցիտրա ևն), փողային (փող, սրինգ, եղջերափող ևն) գործիքները: 1968-ին Կինշասայում ստեղծվել է Երաժշտության և դրամատիկական արվեստի ազգային ակադեմիա:
XII. Թատրոնը
Թատերականացված հանդեսները Զ-ի ժոդովուրդների կենցաղում մեծ տեղ են գրավել շատ հին ժամանակներից: 1940-ական թթ. կազմակերպվել են սիրողական խմբեր, գրվել են պիեսներ:
Գրկ. Мартынов В. А., Конго под гнётом империализма, М., 1959 Винокуров Ю. Н,, Конго. Трудный путь к независимости, М., 1967 Новейшая история Африки, 2 изд., М., 1968.
