Jump to content

ՀՍՀ/ԶԱՄԲԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՄԲԻԱ (Zambia), Զամբիայի Հանրապետություն (Republic of Zambia), պետություն Կենտրոնական Աֆրիկայում: Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ: Սահմանակից է Զաիրին, Տանզանիային, Մալավիին, Մոզամբիկին, Հարավային Ռոդեզիային, Բոտսվանային,Նամիբիային և Անգոլային: Տարածությունը 752,6 հզ. կմ2 է: Բն. 4751 հզ. (1974), մայրաքաղաքը` Լուսակա: Բաժանվում է 8 նահանգի: Պետական կարգը: Զ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1973-ին: Պետության և կառավարության ղեկավարը` պրեզիդենտը, նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Օրենսդրական իշխանությունն իրականացնում է միապալատ պառլամենտը` Ազգային ժողովը և պրեզիդենտը: Բնությանը: Զ-ի տարածքը զբաղեցնում է 1000—1350 մ բարձրության թույլ ալիքավոր սարահարթը: Կան տեկտոնական ընդարձակ իջվածքներ: Կենտրոնա-աֆրիկյան գրաբենի արմ. երկարությամբ բարձրանում են Մուչինգա հորստային լեռները (Մումպու լեռ, 1893 մ): Զ. ունի պղնձի հանքանյութի հարուստ պաշարներ (հանդիպում են նաև կոբալտ և ուրան), ցինկի, կապարի, վանադիումի, մանգանի և քարածխի հանքավայրեր: Կլիման մերձհասարակածային է: Ամենատաք ամսվա (հոկտեմբեր) միջին ջերմաստիճանը հվ-ում 23°C է, հս-ում 27°C, ամենացուրտ ամսվանը (հուլիս)` համապատասխանաբար 15°C, 20°C: Տարեկան տեղումները 600 մմ-ից (արմ-ում և հվ-ում) 1400 մմ են (արլ-ում և կենտրոնական շրջաններում): Գետային ցանցը խիտ է: Գետերն առավելապես դանդաղահոս են, սահանքավոր, առաջացնում են ջրվեժներ (Վիկտորիա), նավարկելի են որոշ մասերում: Խոշոր լիճը Բանգվեուլուն է: Զ-ի տարածքում են Տանգանիկա լճի հվ. և Մվերու լճի արլ. մասերը: Տարածված են լատերիտային, դարչնակարմիր և կարմրագորշ հողերը: Զ-ի տարածության մոտ կեսը գրավում են «միոմբո» չոր արևադարձային անտառները, իսկ չորային շրջաններում` սավաննաները: Բնորոշ կենդանիներից են աֆրիկյան փիղը, գոմեշը, ռնգեղջյուրը, զեբրը, ընձառյուծը: Բնակչության 98 ը պատկանում է բանտու լեզվաընտանիքի տարբեր խմբերին: Պաշտոնական լեզուն անգլերենն է: Տեղական հիմնական լեզուներն են բեմբա, նգոնի, տոնգա, բալունդա ևն: Բնակչության մոտ 75 ը հավատարիմ է տեղական ավանդական հավատալիքներին: Կան քրիստոնյաներ: Պաշտոնական տոմարը Գրիգորյանն է: Պատմական ակնարկ: XVII դ. և XVIII դ. սկզբին Զ. բնակեցնող բանտու լեզվախմբի մի շարք ցեղեր գտնվել են տոհմատիրական կարգերից դասակարգային հասարակության անցնելու աստիճանում: XVIII դ. վերջից Զ. թափանցեցին եվրոպացիները (պորտուգալացիներ, անգլիացիներ): XIX դ. 80-ական թթ. վերջին երկիրը կառավարում էր «Բրիտանական հարավ-աֆրիկյան ընկերությունը»` Սեսիլ Ռոդսի գլխավորությամբ: Սկզբում երկիրը բաժանված էր երկու մասի` Հյուսիս-Արեմտյան Ռոդեզիա և Հյուսիս-Արևելյան Ռոդեզիա, իսկ 1911-ին դրանք միասին կոչվեցին Հյուսիսային Ռոդեզիա (մինչև 1964-ը): Անգլ. կառավարությունը ճանաչեց Հյուսիսային Ռոդեզիան կառավարելու, երկրի բնական հարստությունները շահագործելու ընկերության իրավունքները: 1924-ին Հյուսիսային Ռոդեզիան հռչակվեց անգլ. պրոտեկտորատ: Հյուսիսային Ռոդեզիայում հակագաղութային շարժումը կապված է երկրում, առաջին հերթին պղնձահանքերի շրջանում, բանվոր դասակարգի ձևավորման հետ: 1935-ին և 1940-ին այստեղ բռնկվեցին խոշոր գործադուլներ: 1948-ին ստեղծվեց առաջին քաղ. կուսակցությունը` Աֆրիկյան ազգային կոնգրեսը (մինչև 1951-ը` Հյուսիսային Ռոդեզիայի կոնգրես), իսկ 1949-ին` Հյուսիսային Ռոդեզիայի հանքագործ աֆրիկացիների արհմիությունը: Ուժեղ պայքար ծավալվեց ընդդեմ Հյուսիսային ու Հարավային Ռոդեզիան և Նյասալենղը միավորելու գաղութարարների պլանի, որը նպատակ ուներ ավելի ամրապնդելու անգլ. տիրապետությունը այդ երեք տիրույթներում: Այնուամենայնիվ, 1953-ի սեպտեմբերին միավորումը տեղի ունեցավ (Ռոդեզիայի և Նյասալենդի ֆեդերացիա): Ֆեդերացիայից դուրս գալու և անկախ հռչակվելու շարժումը հյուսիսային Ռոդեզիայում լայն թափ ընդունեց 60-ական թթ. սկզբներին: Պայքարը գլխավորում էր Ազգային անկախության միացյալ կուսակցությունը (հիմնվել է 1959-ին)` Ք. Կաունդայի գլխավորությամբ: 1964-ի հունվարին Հյուսիսային Ռոդեզիան ներքին ինքնավարություն ստացավ, իսկ 1964-ի հոկտ. 24-ին հռչակվեց Զամբիայի Հանրապետությունը: Արտաքին քաղաքականության մեջ Զ. հետամուտ է դրական չեզոքության սկզբունքին, հանդես է գալիս ընդդեմ իմպերիալիզմի, գաղութատիրության և ռասիզմի: 1964-ի հոկտ. 30-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ-ի և Զ-ի միջև, իսկ 1966-ին նրանց միջև կնքվեց մշակութային, 1967-ին` տնտ. և տեխ. համագործակցության համաձայնագիր: 1971-ին ստորագրվեց սովետա-զամբիական առևտրական համաձայնագիր: Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, հասարակական կազմակերպությունները: Ազգային անկախության միացյալ կուսակցություն (ԱԱՄԿ), ստեղծվել է 1959-ին, 1964-ից կառավարող կուսակցություն է: Հենվում է լեռնաարդյունաբերության մեջ աշխատող աֆրիկացի բանվորների և ինտելիգենցիայի վրա: Զամբիայի արհմիությունների կոնգրես, ստեղծվել է 1965-ին, մտնում է Համաաֆրիկական արհմիությունների ֆեդերացիայի մեջ: Արդյունաբերությունը: Զ. պղնձի պաշարներով և արդյունահանմամբ կապիտալիստական և զարգացող երկրների մեջ գրավում է առաջին տեղերից մեկը: Պղնձի արդյունահանումը (770 հզ. տ, 1973) կենտրոնացած է Կիտվե Նկանա, Նչանգա, Մուֆուլիրա և այլ խոշոր հանքերի շրջանում: Պղնձի հետ արդյունահանվում է կոբալտ, արծաթ, ոսկի: Պղնձաձուլական գործարաններ կան Լուանշիա, Կիտվե Նկանա, Մուֆուլիրա, Չինգոլա, Նդոլա քաղաքներում: Արդյունահանվում է քարածուխ (Կանդաբվե և Միանկանդաբե), բազմամետաղներ և կադմիում (Կաբվեի մոտ), ամետիստ, գիպս, կրաքար, տալկ, շինանյութեր, ինչպես նաև վանադիում, մանգանի հանքանյութ (Կաբվե, Մանսա), ուրանի միներալներ (պղնձատար գոտում): Էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարողը Զամբեզիի վրա գտնվող Կարիբա I ՀԷԿ-ն է: Շարք է մտել Կաֆուե ՀԷԿ-ի առաջին հերթը: Հս-արմ. նահանգներում ՍՍՀՄ-ի օգնությամբ կառուցվել են 4 ոչ մեծ էլեկտրակայաններ: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը երկրագործությունն է: Անկախությունից հետո կառավարությունը գյուղում անցկացրեց ագրարային ռեֆորմ: Հողը բաժանվեց հողազուրկ գյուղացիներին: Մշակում են եգիպտացորեն, սորգո, կորեկ, մանիոկ, ծխախոտ, բամբակենի, շաքարեղեգ: Գյուղատնտ. արտադրանքի մեծ մասը տալիս են գաղութարարների խոշոր պլանտացիաներն ու ֆերմաները: Անասնապահությունը թույլ է զարգացած: 1973-ին ստեղծվել է կոոպերատիվների ֆեդերացիա: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 2013 կմ է, ավտոճանապարհներինը` 34,9 հզ. կմ (1975): Բարեկարգվել են Տանզանիայի Միացյալ Հանրապետության և Մալավիի հետ կապող «Մեծ Հյուսիսային» և «Մեծ Արևելյան» ճանապարհները: Ստեղծվել է «Զամբիա Էրու-Էյս» ավիաընկերությունը: Լուսակայում, Նդոլայում, Լիվինգսթոնում կան միջազգային օդանավակայաններ: Կառուցվում են Զամբիա—Տանզանիա երկաթուղին և Նդոլա—Դար-Էս-Սալամ նավթամուղը: Արտաքին առևտուրը: 1964 ից հետո առևտրական հաշվեկշիռը ակտիվ է: Արտահանության 90 ը կազմում է լեոնահանքային արդյունաբերության արտադրանքը: Արտահանում է նաև ծխախոտ, եգիպտացորեն: Ներմուծում է լեռնային սարքավորումներ, քիմիկատներ, վառելիք: Հիմնական գործընկերներն են` Անգլիան, ՀԱՀ-ը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, ԳՖՀ-ն: Առևտուրն ընդարձակվում է Աֆրիկայի անկախ երկրների, հատկապես Տանզանիայի հետ: Դրամական միավորը կվաչան է: 1 կվաչան հավասար է 1,55 դոլլարի (1975): Լուսավորությունը: Գաղութատիրական ռեժիմի ժամանակ կրթական համակարգը կառուցված էր ռասայական խտրականության վրա: 1963-ին անգրագետ էր 7 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 58 ը: Անկախություն ձեռք բերելուց հետո մտցվել է համընդհանուր տարրական կրթություն: Վերացվել է եվրոպացի և աֆրիկացի երեխաների անջատ ուսուցումը: Տարրական դպրոց են ընդունվում 6—8 տարեկանները (ուս. տևողությունը` 7 տարի): Տարրական դպրոցի 1—4 դասարաններում ուսուցումը տարվում է մայրենի լեզվով, այնուհետև` անգլ., որը սովորում են առաջին դասարանից: Միջնակարգ կրթության ուս. տևողությունը 5 տարի է: Ունի միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններ` տեխ. կոլեջներ (Լուսակայում և Նդոլայում): Առաջին բուհը Լուսակայի համալսարանն է (հիմնված 1965-ին): ՍՍՀՄ-ը համալսարանի բժշկական և ինժեներական ֆակուլտետները ապահովել է սարքավորումներով: Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: Հրատարակվում են «Թայմս օֆ Զամբիա» («Times of Zambia», 1964-ից) անգլ. օրաթերթը, «Զամբիա մեյլ» («Zambia Mail», 1960-ից) անգլ. կառավարական օրաթերթը, «Զետ» («Z», 1969-ից) անգլ. ամսագիրը: Նահանգներում հրատարակվում է մի քանի թերթ բեմբա, տոնգա, նյանջա և լոզի լեզուներով: Ռադիոն և հեռուստատեսային հաղորդումները ղեկավարում է Ռադիոհաղորդումների զամբիական ծառայությունը (հիմնվել է 1966-ին): Ռադիոկայաններ կան Լուսակայում, Կիտվեյում և այլ քաղաքներում: Հաղորդումները տրվում են 2 ծրագրով, անգլ. և տեղական 7 լեզուներով: Հեռուստատեսային ստուդիաներ կան Լուսակայում, Կիտվեյում և Կաբվեյում: Ունի կառավարական ինֆորմացիոն գործակալություն` «Զամբիա նյուս էյջենսի»: Երաժշտությունը: Հնուց երաժշտությունը Զ-ում ժող. կենցաղի մաս է կազմել: Ցեղերի առաջնորդներն ունեցել են պալատական երաժիշտներ, նվագախմբեր, երգչախմբեր, պարողներ: 1930-ին աֆրիկացի Կելուլուն ստեղծեց նոր պար` կալելե: 1939-ին կազմակերպվեց կալելե պարողների առաջին անսամբլը: 1950-ական թթ. այդ պարի ռիթմերը հանրածանոթ էին ողջ Աֆրիկայում: 1964-ից քաղաքներում կազմակերպվում են կալելե կատարող անսամբլների մրցույթներ: Թատրոնը: Մինչև 1964-ը Հյուսիսային Ռոդեզիայում գոյություն ունեին միայն անգլ. սիրողական խմբեր: 7 քաղաքներում կային ոչ մեծ թատերական շինություններ: Անկախության հռչակումից հետո ստեղծվել են աֆրիկական թատերական կոլեկտիվներ: Ազգային դրամատուրգ` ռեժիսորներից են Գիդեոն Լումպան, Քեննետ Նկհատան: 1964-ին ստեղծվել են Արվեստների զամբիական տրեստը, որի նպատակն է զարգացնել երկրի ինքնատիպ արվեստը:

Գրկ. ПОЛЯКОВ Б. С, Замбия, М,, 1968 Новейшая история Африки, 2 изд,, М., 1968.