Jump to content

ՀՍՀ/ԶԱՄՈՍԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՄՈՍԾ, Զամոսց, Զամոստիե, քաղաք Լեհաստանում, Լյուբլինի վոյեվոդությունում: 44,7 հզ. բն. (1970): Զարգացած են սննդարդյունաբերությունը (մսի կոմբինատ, սառնարան), մետաղամշակման, կահույքի և կարի արտադրությունը: Զ. կառուցվել է 1580—1650-ին` ճարտարապետ Բ. Մորանդոյի նախագծով: 1585-ին Զ-ում հիմնվել է հայկ. գաղութ: 1589—1730-ին հայկ. գաղութը (շուրջ 1700 հայ) ուներ առանձին քաղաքային իշխանություն` իր վոյթով, ավագների խորհրդով, դատարանով: Քաղաքում կար նաև հսյկ. եկեղեցական ծուխ: Հայերի տները կենտրոնացված էին գերազանցապես Հայկական փողոցում (անունը տակավին պահպանվում է): Հայերը գործուն դեր են խաղացել քաղաքի տնտեսության մեջ` նպաստել շինարարության, արհեստների, առևտրի զարգացմանը: Որպես միջնադարյան ճարտարապետության կարևոր հուշարձաններ` Զ-ում պահպանվում են հայերի կառուցած XVII—XVIII դդ. շինություններ: Զ-ում են ծնվել ուղեգիր Սիմեոն Լեհացին, ժամանակագիր Զաքարիա Առաքելովիչը, ակադեմիայի պրոֆեսոր Իվան Իվաշկևիչը

Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972: Трыярски Э., О двух надписях польских армян из города Замостье «ՊՐՀ», 1971, 4.