Jump to content

ՀՍՀ/ԶԱՆԳԵԶՈՒՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՆԳԵԶՈՒՐ, բնաշխարհ Հայաստանում: Իր մեջ ընդգրկում է ՀՍՍՀ Գորիսի, Ղափանի, Մեղրու և Սիսիանի վարչական շրջանները: Տարածքը 4505 կմ2 է: Սահմանակից է արմ-ում Նախիջևանի ԻՍՍՀ-ին, հս-ում` Ազիզբեկովի շրջանին, արլ-ում` Ադրբեջանական ՍՍՀ-ին, հվ-ում` Իրանին: Զ. տեղանունն ավանդաբար ստուգաբանել են` կապելով հայկական Զագիկ նահապետի տիրույթ Զագեձորի կամ Զագկաձորի («Ձագերի ձոր») անվան ձևափոխումների կամ հինավուրց մի վանքի վիթխարի զանգի ուժեղ ձայնի ստեղծած տպավորության հետ: Զ. համարվել է նաև մ. թ. ա. VII դ. այստեղ ներխուժած սկյութացիների (սակերի) անվան փոփոխված ձև (սակ-ձագ-Զագեձոր-Զանգեզուր): Գտնվում է Հայկական ՍՍՀ հվ-արլ. մասում, Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազանում: Խոր գետահովիտներով ու ձորերով մասնատված տիպիկ լեռնային շրջան է: Արմ. մասով, մոտ 30 կմ երկարությամբ, ձգվում է Զանգեգուրի լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է (3906 մ): Այս լեռնաշղթայից արլ. գտնվում է Սյունիքի բարձրավանդակը, որը տարածվում է մինչև Ղարաբաղի լեռնաշղթան: Սա ոչ միայն Հայկական ՍՍՀ-ի, այլև Անդրկովկասի ամենաբարձր սարահարթն է (միջին բարձրությունը` մոտ 2500 մ), որտեղ կան հանգած հրաբուխներ (Մեծ Իշխանասար` 3552 մ. Ծղուկ, Գլուխ Զագեձորի, Բազենք): Բարձրավանդակը խիստ մասնատված է, գետերն ու գետակները կտրատելով լավային ծածկույթը` առաջացրել են կիրճեր և ձորեր: Նշանավոր է Հալիձորի կիրճը: Տաթև գյուղի մոտակայքում է գտնվում «Սատանի կամուրջ»ը: Զ-ի մակերևույթին բնորոշ են նաև բրգաձև բարձրությունները, որոնց հեշտ քայքայվող ապարները քամու և ջրի ազդեցությամբ ողողվել և տարվել են, իսկ կարծր ապարները պահպանվել` առաջացնելով բրգեր: Զ. հարուստ է օգտակար հանածոներով, առանձնապես պղնձի և մոլիբդենի հանքերով, որոնք պարունակում են հատուկ և ցրված տարրեր: Հռչակված են Ղափանի պղնձի և Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Ղափանում կան նաև բազմամետաղային հանքեր, Մեղրիում` նեֆելինային սիենիտներ: Կան նաև երկաթի հանքավայրեր: Առանձնապես կարևոր է Սվարանցի (Գորիսի շրջան) հանքավայրը: Գրանիտի հանքեր կան Մեղրիի, Ղափանի և Սիսիանի շրջաններում, հանքային բուժիչ ջրեր Տաթևում, Լիճքում և այլ վայրերում: Կլիման բազմազան է` պարզ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ: Այստեղ իրար են հերթափոխում չոր մերձարևադարձայինից մինչև ձյունամերձ կլիմաները (Կապուտաջուղի գագաթին առկա են մշտական ձյան բծեր): Նախալեռնային գոտին աչքի է ընկնում չոր մերձարևադարձային կլիմայով, տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են 11 — 14, հուլիսինը` 24—26, իսկ հունվարինը` — 1 ից 1 ի սահմաններում: Նվազագույնը` —27, իսկ առավելագույնը` 42: Տեղումների տարեկան քանակը 300—600 մմ: Միջին լեռնային գոտու կլիման բարեխառն է` տաք ամառներով (հուլիսի միջին ջերմաստիճանը` 18—20), մեղմ ձյունառատ ձմեռներով (հունվարինը` —2, —4): Տեղումների տարեկան քանակը հասնում է մինչև 700 մմ-ի: Բարձր լեռնային գոտին ունի չափավոր ցուրտ լեռնային կլիմա` տևական ձյունառատ ձմեռներով (հունվարի ջերմաստիճանը —5ից —10, բացարձակ մինիմումը` —43): Չափավոր տաք ամառներով (հուլիսի ջերմաստիճանը 10—15), տեղումների քանակը` 700—900 մմ: Ջրագրական ցանցը խիտ է: Գետերը (Որոտան, Ողջի, Մեղրի) արագահոս են, առաջացրել են կտրտված ռելիեֆ: Կան սահանքներ ու ջրվեժներ (նշանավոր է Շաքիի ջրվեժը): Գետերն ունեն հիդրոէներգիայի մեծ պաշարներ (տես Որոտանի կասկադ): Հողածածկույթը բազմազան է: Առավել տարածված են լեռնային սևահողերը, որոնց վերին սահմանը սովորաբար հասնում է մինչև 2200 մ: Ցածրադիր մասերում մասնակի տարածում ունեն կիսաանապատային հողերը: Բարձրադիր գոտու հողերը լեռնամարգագետնային են: Դրանք ամռանը ծածկվում են ալպյան և ենթալայան ճոխ բուսականությամբ, ծառայում որպես արոտավայրեր: Բուսական ծածկույթում կարևոր տեղ են գրավում անտառները, որոնք կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 20 ը: Զ-ում բնակվում է 139433 մարդ (1976), որի 56,4 ը ապրում է քաղաքներում և քաղաքատիպ ավաններում: Զ. հանրապետության նոսր բնակեցված շրջաններից է: Միջին խտությունը կազմում է 31,5 մարդ: Ըստ 1970-ի մարդահամարի տվյալների, 77,2 ը հայեր են, 19,8 ը` ադրբեջանցիներ, 2 ը` ռուսներ, 1 ը` այլք: 1975-ին զբաղված բնակչության 46,7 ը աշխատել է արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի և կապի ճյուղերում, 25,1 ը` գյուղատնտեսության և անտառատնտեսության, 16,9ը` լուսավորության, առողջապահության և գիտության մեջ, 11,3 ը` տնտեսության այլ ճյուղերում

Զ. վաղ ժամանակներից հայտնի է պղնձի, բրոնզի և այլ մետաղների արտադրությամբ: Դրանց արդյունահանումը երկար ժամանակ ընդհատվել է, ապա վերականգնվել 1840-ական թթ.: 1845—1867-ին Զ-ում գործել են 7 պղնձաձուլական փոքր գործարաններ: Ընդհատումներով գործող բոլոր պղնձաձուլական գործարանները մինչև 1917-ը տվել են 33 հզ. տոննա մաքուր պղինձ: Զ. ՀՍՍՀ-ում բնութագրվում է որպես լեռնահանքային արդյունաբերության և բազմաճյուդ գյուղատնտեսության շրջան: Մետաղային, ոչ մետաղային և ջրային հարուստ պաշարների հիման վրա լեռնաշխարհում կառուցվել են միութենական, հանրապետական նշանակության ձեռնարկություններ` պղնձամոլիբդենային, պղնձահանքային կոմբինատներ ևն: 1975-ին գործող 45 արդ. ձեռնարկությունների համախառն արտադրանքի մեծ մասը տվել են գուն. մետալուրգիայի, 16,8 ը` սննդի, 13,5ը` մեքենաշինության ձեռնարկությունները: Զ-ի բազմաճյուղ գյուղատնտեսությունը պայմանավորված է բնական պայմանների բազմազանությամբ: Լեռնաշխարհի ուրույն բնական պայմանները` ռելիեֆի բարդությունը, մասնատվածությունը, սահմանափակել են մշակելի տարածությունները, դժվարացրել մեքենաների օգտագործումը և ինտենսիվ գյուղատնտեսություն վարումը: Զարգացած է լեռնաշխարհի ներքին և արտաքին տրանսպորտը. Ղափան—Մինջևան երկաթուղու ճյուղով (36 կմ) միացած է Բաքու—Երևան երկաթուղուն, Մեղրու շրջանի հարավով անցնում է Բաքու—Երևան երկաթուղին: Զ. մայրաքաղաքի հետ կապված է երեք ուղղություններով. 1. Մեղրի—Ջուլֆա—Երևան, 2. Ղափան—Գորիս—Սիսիան—Ազիզբեկով—Եղեգնաձոր—Արարատ—Երևան, 3. Սիսիան—Նախիջևան—Երևան ավտոճանապարհներով: Զի բոլոր գյուղերը բարձր լեռների, անդնդախոր կիրճերի միջով անցնող ճանապարհներով միացած են շրջանային կենտրոնների հետ: Գործում են ամենօրյա ավտոբուսային երթուղիներ: Սովետական իշխանության տարիներին զարգացել է Զ-ի մշակույթը, Զ. դարձել է հանրապետության գիտական և բուհական կենտրոն: Այստեղ գործում են ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ֆիզիկատեխնիկական, գունավոր մետալուրգիայի լաբորատորիաները, Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստ-ի մասնաճյուղը: Զ. հայտնի է երկու` Սյունիք (Սյունյաց աշխարհ) և Սիսական անուններով: Սյունիք անունը հայտնի է հնագույն ժամանակներից և ունի էթնիկական ծագում: Անվիճելի է, որ Սիսական անունը ավելի ուշ է առաջացել: Պարսկա-արաբական սկզբնաղբյուրներում Սյունիքը չի հիշատակվում: Պարսիկները Զ. ամենուրեք կոչում են Սիսական, իսկ արաբները` Սիսաջան: Պատմական Սյունիքը սահմանակից էր Մեծ Հայքի Այրարատ, Վասպուրական, Արցախ, Ուտիք և Գուգարք նահանգներին: Սյունիքը սկզբից ևեթ եղել է հայկական պետության կազմում: Զ-ում գտնվել են Արտաշես Ա-ի` սահմանաքարերի վրա փորագրված արամերեն արձանագրություններ: IV դ. սկսած այն հիշատակվում է որպես առանձին հզոր նախարարություն, որտեղ իշխում էին Սյունյաց իշխանները (տես Սյունիներ): «Աշխարհացույցում» (VII դ.) հիշատակված Սյունիքի 12 գավառներից Զ-ի մեջ մտնում էին 7-ը` Ծղուկը, Աղահեճքը, Հաբանդը, Բաղքը, Կապանը (Զորք), Արևիքը (Մեղրի), Կովսականը: Այսպիսով, Զ. կազմում էր Սյունյաց աշխարհի մի մասը: Արշակունիննրի պետության անկումից հետո (428) Զ. միացվել է Իրանին և մտել Ատրպատականի մարզպանության մեջ: VII դ. վերջերին տիրել են արաբները: Բագրատունիների պետության կազմավորման սկզբից եղել է նրա կազմում, սակայն X դ. 80-ական թթ. գահերեց իշխան Սմբատ Սյունեցին անջատեց նրանից և ստեղծեց անկախ Սյունիքի թագավորությունը: Այնուհետև Զ-ին հաջորդաբար տիրել են սելջուկները (XI—XII դդ.), մոնղոլները (ХШ—XIV դդ.), Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերը, իսկ XVI դարից` պարսիկները: Վերջիններիս տիրապետության ժամանակ Զ. եղել է Ղարաբաղի խանության կազմում: XVIII դ. 20-ական թթ. Զ-ի բնակչությունը Դավիթ Բեկի գլխավորությամբ ազատագրական հերոսական պայքար ծավալեց թուրք-պարսկական զավթիչների դեմ: 1804—13-ի ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Զ-ի տարածքի մեծ մասը Ռուսաստանին միացվեց Գյուլիստանի պայմանագրով (1813), իսկ Մեղրու գավառակը` Թուրքմենչայի պայմանագրով (1828): Ռուսաստանին միանալուց հետո Զ. մտավ Ղարաբաղի պրովինցիայի, ապա` Ելիզավետպոլի նահանգի մեջ: 1918—21-ի հուլիսը եղել է Հայաստանի դաշնակցական հանրապետության կազմում: Զ-ի տարածքը հարուստ է պատմական նշանավոր հուշարձաններով: Դրանցից են Բաղաբերդը (V դ.), Վահանավանքը (X դ.), Կապան քաղաքը, Որոտն բեդքը), Տաթևի վանքը (X դ.). Սյունիքի վանքն ու բերդը (VI դ.). Շինուհայր և Խոտ գյուղերը, որոնք հայտնի են X դարից, Զագեձորի բերդը, Տեղ գյուղը, Կաքավաբերդը, Մխիթար սպարապետի գերեզմանը (Խնձորեսկում) ևն

Գրկ. Ստեփանոս Օրբելյլսն, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Լիսիցյան Ս., Զանգեգուրի հայերը, Ե., 1969: Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968: Ասլանյան Ա. Ա., Ավետիսյան Խ. Ա., Զանգեզուր, Ե., 1975: Багдасарян А. Б., Вертикальные зоны климата юго-восточных районов Армянской ССР. ДАН Арм. ССР, 1948, т. 8, 4 Периханян А. Г., Армянская надпись из Зангезура, «ՊԲՀ», 1965, 4: