ՀՍՀ/ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Փոքր Կովկասի լեռնային համակարգի հարավային մասը Հայկական ՍՍՀ-ի և Նախիջևանի ԻՍՍՀ-ի սահմանում: Զգվում է միջօրեականի ուղղությամբ Ամուլսար լեռնազանգվածից մինչև Արաքսի հովիտը: Երկարությունը 130 կմ է: Առանցքային մասը դեպի հվ. աստիճանաբար բարձրանում և Կապուտջուղ լեռնազանգվածում հասնում է իր առավելագույն բարձրությանը (3904 մ): Կատարային գոտին քիչ է մասնատված: Լեռնագագաթների (Սալվարդ` 3162 մ, Շահապոնք` 3204 մ, Երնջակ` 3364 մ, Այրիսար` 3132 մ, Նահապետ` 3510 մ, Սիսկատար` 3827 մ, Գողթանսար` 3144 մ ևն) հարաբերական բարձրությունը չի անցնում մի քանի հարյուր մետրից: Կազմված է պալեոգենի գրանիտոիդներից, նստվածքահրաբխածին շերտախմբերից, հս. մասում` նեոգենի հրաբխային շերտախմբից: Կան մոլիբդենի, պղնձի և ոսկու հանքավայրեր, բազմամետաղների, ծարիրի, մկնդեղի երևակումներ, հանքային ջրեր ևն: Զ. լ-ի հս. մասը համեմատաբար ցածր է (միջին բարձրությունը մոտ 2800 մ): Լեռնանցքները դյուրանցանելի են: Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2347 մ) լեռնանցքները Սյունիքը կապում են Վայքին ու Նախիջևանին Մինչև Այրիսար, սինկլինալային հիմքի վրա, ձևավորվել է անհամաչափ լանջերով ծալքաբեկորավոր, էրոզիոն տեղատարումային, Այրիսար-Սալվարդ հատվածում` «շրջված» ռելիեֆ: Արլ. լանջերը չափավոր թեքությամբ աստիճանակերպ իջնում են դեպի Որոտանի հովիտը և կտրտված են նրա Արագլիջուր, Շաղաթ, Սիսիան, Այրի աջափնյա վտակների կարճ հովիտներով: Արմ. լանջերը խիստ մասնատված են Նախիջևան և Երնջակ գետերով ու նրանց վտակներով, որոնց համեմատաբար ցածրադիր (2200—2400 մ) ջրբաժանները աստիճանակերպ իջնում են դեպի Նախիջևանի գոգավորությունը: Զ.լ-ի հվ. կեսը նորագույն տեկտոնական շարժումների հետևանքով բարձրացած հորստ է: Եռանդուն ծալքավորված էոգենի նստվածքահրաբխածին շերտախմբերի և խոշոր ինտրուզիվ զանգվածի վրա ձևավորվել է ծալքաբեկորավոր, էրոզիոն տեղատարումային ռելիեֆ: Հվ. կեսի կենտրոնական հատվածն ունի ալպյան տիպի սրածայր ատամնավոր գագաթներ (Կապուտջուղ, Սիսկատար, Փարական, Նահապետ ևն): Լեռնանցքները հազվադեպ են և ունեն 3400—3600 մ բարձրություն: Բարձր լեռնային գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր, որոնց մի մասը լցվել է ջրով, առաջացրել լճեր (Գազան, Կապուտան, Քաջարանց, Կապույտ ևն): Հանդիպում են ոչ մեծ սառցադաշտեր և ձյունաբծեր Հվ. լանջերը զաոիթափ են, ժայռոտ ու մասնատված Արաքսի Ագուլիս, Քետամ, Օրդուբադ, Ողջի, Մեղրի և այլ վտակներով: Մեծ չափերի են հասնում հողմնահարումը, ծանրահակ ու էրոզիոն երևույթները: Զ. լ-ից ճյուղավորվում են` արլ-ում Բարգուշատի ու Մեղրու, արմ-ում Վայքի լեռնաշղթաները, իսկ Արաքսի աջ կողմում նրա շարունակությունն են կազմում Ղարադաղի լեռները: Զ. լ-ին բնորոշ է բնակլիմայական պայմանների ուղղաձիգ գոտիականությունը` չոր մերձարևադարձայինից մինչե լեռնային տունդրա: Միջին տարեկան ջերմաստիճանը ստորոտում 12 С է, գագաթնային մասում` 0°C: Բացարձակ առավելագույնը համապատասխանաբար 40°C, 18 С է, նվազագույնը` —16°C, —33°C: Տարեկան տեղումները` 300—650 մմ, ձյունածածկույթի տևողությունը ստորոտում` 1, գագաթնային մասում 8 ամիս է: Տարածված են լեռնաանտառային դարչնագույն, ենթալպյան լեռնամարգագետնային դարչնագույն, ալպյան լեռնամարգագետնային ճմատորֆային և ձյունամերձ գոտու չզարգացած հողերը, որոնց վրա ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային, ալպյան և ձյունամերձ լանդշաֆտները: Հվ. ցածրադիր մասերում առկա է ֆրիգանոիդ բուսականությունը, միջին բարձրություններում` անտառը (կաղնի, բոխի ևն), բարձրադիր մասերում` ալպյան բուսականությունը: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, արջ, վարազ ևն: Հարուստ է թռչնաշխարհը:
