ՀՍՀ/ԶԱՎԱՐՅԱՆ
ԶԱՎԱՐՅԱՆ Սիմոն 1865, գ. Այգեհատ, (այժմ` գ. Դանուշավան, ՀՍՍՀ Թումանյանի շրջանում) — 27.10.1913, Կ. Պոլիս, թաղված է Թբիլիսիի Խոջիվանքում, հայ հասարակական-քաղաքական գործիչ: Ավարտել է Մոսկվայի Պետրովսկի երկրագործական ակադեմիան: 1882—1886-ին եղել է Թիֆլիսի հայ նարոդնիկական խմբակի անդամ: 1890-ին, Ք. Միքայելյանի, Ս. Զորյանի (Ռոստոմ) և ուրիշների հետ հիմնել է դաշնակցություն կուսակցությունը, մինչև կյանքի վերջը եղել նրա ղեկավար կենտրոնի (բյուրոյի) անդամ: Զ., ինչպես և նրա մյուս գաղափարակիցները, նարոդնիկությունը (հատկապես պայքարի դավադրական մեթոդներն ու տեռորը) հարմարեցրել է հայ իրականությանն ու հայ բուրժ. նացիոնալիզմին: Գրել է ուսումնասիրություններ Երևանի նահանգի, Կարսի մարզի և Ղարաբաղի գյուղատնտեսության վերաբերյալ, որտեղ ագրարային հարցերը քննել է լիբերալ նարոդնիկության և բուրժ. լիբերալիզմի դիրքերից` առաջնությունը տալով ոչ թե սոցիալ-տնտեսական, այլ բնակլիմայական պայմաններին:
