Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԲՀԱՆԱԼՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԲՀԱՆԱԼՅԱՆ Գարեգին (4.12.1827, Կ. Պոլիս — 13.2.1901, Վենետիկ), գրականության պատմաբան, մատենագետ, թարգմանիչ: Սովորել է Կ. Պոլսում, Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1848-ից դարձել միաբանության անդամ: Եղել է ուսուցիչ (1850—56), տպարանապետ (1856 և 1872), քարտուղար (1876—94): 1858—1868-ին ուսուցչություն է արել Կ. Պոլսի Բերայի Մխիթարյան վարժարանում: Զ-ի առաջին հոդվածները«Յաղագս թարգմանութեան Աստուածաշունչ տառից ի հայ լեզու» (1850), «Եգիպտոսի բուրգերը», «Նեղոս» ևն տպագրվել են «Բազմավեպ»ում: Արժեքավոր է «Պատմություն հայերեն դպրությանց» (հ. 1—2, 1865, 1878) աշխատությունը, որտեղ գրականության պատմությունը սկսվում է հայկ. առասպելներից ու գողթան երգերից և հասցվում մինչև XIX դ. սկիզբը: Արևմտաեվրոպական գրականության պատմությունն է ընդգրկում «Պատմութիւն մատենագրութեան միջին և նոր դարուց ի յԱրևմուտս» (1874) երկհատոր աշխատությունը: «Հայկական մատենագիտություն» (1883) գրքով Զ. առաջինը հրապարակ հանեց հայ գրքի ընդհանուր մատենագիտությունը (1565—1883), որն իր նպատակով, ծրագրով և հայ տպագրությանը վերաբերող տեղեկություններով աննախադեպ էր հայագիտության մեջ: «Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց» (1889) աշխատության մեջ տրված են մինչև XIII դ, հայերեն կատարված թարգմանությունները: Զ. թարգմանել է Պոլ Ժաննետի «Մայր աոաջին դաստիարակ մանկության» (1874) մանկավարժական աշխատությունը, կազմել Պլատոնի, Փիլոն Եբրայեցու հայերեն հին թարգմանությունների բնագրերը: Ստորագրել է նաև Սահակյան Հ. Գ. Զ.

Երկ. Պատմութիւն մատենագրութեան հունաց, հռովմեացվոց և հարց եկեղեցվոյ, Վնտ., 1856: Պատմության հայկական տպագրության, Վնտ., 1895:

Գրկ. Ազդ հոբելինի, «Բազմավեպ», 1898, 1: Գարեգին Զարբհանալյան, «Բազմավեպ», 1901, 3 (հավելված): Իշխանյան Ռ., Հայ մատենագիտության պատմություն, պրակ 2, Ե., 1968: