Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ, իմպերիալիստական տերությունների նախկին գաղութներ և կիսագաղութներ կամ կախյալ երկրներ Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, որոնք քաղաքական անկախություն են նվաճել, բայց ամբողջությամբ չեն թոթափել նեոգաղութատիրության լուծը: Գաղութատերերը (տես Գաղութատիրություն) դարեր շարունակ այդ երկրները վերածել են իրենց տնտեսության հումքային կցորդի, սպառահանման շուկայի և ստրատեգիական բազայի: Գաղութացված երկրները մինչև ազատագրումը կատարել են «համաշխարհային գյուղի» դեր և նրանց քաղ. ինքնուրույնության նվաճումը բավական չէ, քանի դեռ հարստահարվում են տնտեսապես: Այդ պատճառով, որոշ Զ. ե-ում տնտ. և կուլտուրական հետամնացությունը վերացնելու և ինքնուրույնություն նվաճելու համար իրականացվում են արմատական տեղաշարժեր, ազգայնացվում են նախկին մետրոպոլիտներին, օտարերկրյա մոնոպոլիստական միավորումներին պատկանող ձեռնարկություններն ու ունեցվածքը, փոփոխվում է ձեռնարկությունների սոցիալ-իրավական ստատուսը` սահմանափակվում, վերացվում նրանց արտոնությունները ևն: Կապիտալիստական աշխարհի արդ. արտադրանքի մեջ Զ. ե-ի բաժինը 1974-ին կազմել է ընդամենը 15,6, իսկ բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտների խզումը, զարգացած կապիտալիստական երկրների համեմատությամբ, ավելացել է 20 անգամ: Արտահանվող ապրանքների մեջ բարձր է գյուղատնտ. մթերքների տեսակարար կշիռը, ներմուծվում են հիմնականում արդ. ապրանքներ: Արտահանման և ներմուծման գների տատանման և ոչ համարժեքային փոխանակության հետևանքով 63 երիտասարդ պետություններ 1961—70-ին տարեկան կորցրել են 2 մլրդ դոլլար: «Երրորդ աշխարհի» երկրների տնտ. բազիսը բազմակացութային է, ներկայացնում է զարգացման տարբեր փուլերում գտնվող տարբեր տիպի արտադրական հարաբերությունների համախումբ: Ապրանքային արտադրության զարգացմամբ և շուկայական հարաբերությունների աստիճանական ընդլայնմամբ տնտ. հնագույն կացութաձևերը ներառվում են ապրանքա-փողային հարաբերությունների ոլորտը, վերանում են արխաիկ բնատնտեսության ձևերը: Որոշ երկրներում այդ պրոցեսները ձեռք են բերում կապիտալիստական էկոնոմիկային հատուկ գծեր: Ընդհանուր առմամբ, մանր ապրանքային արտադրության ոլորտում վերարտադրության պրոցեսները փաստորեն հենվում են մինչկապիտալիստական հարաբերությունների վրա: Սոցիալ-տնտեսական պրոցեսները Զ. ե-ում խիստ հակասական բնույթ ունեն: Առաջընթացն ապահովվում է դասակարգային պայքարի պայմաններում` նայած դասակարգային ուժերի հարաբերակցությանը: Մի կողմից տեղի է ունենում գիտական սոցիալիզմի գաղափարների ազդեցության հետագա աճ, ուժեղանում է ՍՍՀՄ-ի և մյուս սոցիալիստական երկրների սոցիալ-տնտեսական և կուլտուրական վերափոխումների հարուստ փորձի ընդօրինակման ձգտումը (տես Զարգացման ոչ կապիտալիստական ուղի), մյուս կողմից մի շարք երկրներում կապիտալիստական կողմնորոշումն է գերակշռում, քանի որ գտնվում են կապիտալիստական շուկայի ոլորտում` իմպերիալիստական տերություններից տնտեսապես ու ֆինանսապես կախյալ վիճակում: Առանձին երկրներ էլ տակավին չեն որոշել իրենց զարգացման վերջնական ուղին: Սոցիալիստական կողմնորոշման երկրներում (Բիրմա, Ալժիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Սիրիա ևն) հաստատված չեն սոցիալիստական արտադրահարաբերություններ, բայց առկա է դրանց ստեղծման տենդենցը, բուրժ. արտադրահարաբերություններն աստիճանաբար սահմանափակվում են և արտադրական նոր բազիս ստեղծելու խնդիրը գտնվում է լինելիության պրոցեսում: Անցման այս յուրահատուկ շրջանում պետք է արմատավորվեն սոցիալիզմի օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալները: Զարգացման կապիտալիստական ուղին ընտրած Զ. ե-ում (Հնդկաստան, Պակիստան, Ինդոնեզիա, Բրազիլիա, Գանա, Նիգերիա, Սենեգալ ևն), ազգային բուրժուազիայի ուժեղացումով, կապիտալիստական արտադրահարաբերություններ են արմատավորվում: Կապիտալիզմի ուղիով ընթացող միայն մի քանի Զ.ե-ի է հաջողվել հասնել արտադրության աճման համեմատաբար բարձր տեմպերի, այն էլ օտարերկրյա մոնոպոլիաներից ազգային էկոնոմիկայի կախվածության մեծացման, զարգացած կապիտալիստական երկրների պահանջմունքներին հարմարվելու գնով (Փղոսկրի Ափ, Լիբերիա, Քենիա ևն): իրականացնելով «բաց դռների» քաղաքականություն` այդ երկրներում առավել արագ են զարգացնում արտահանվող հումքի արտադրության ճյուղերը, որը չի նպաստում առաջնահերթ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, այդ թվում` տնտ. անկախ քաղաքականության ապահովմանն ու գործազրկության վերացմանը, ազգային շուկայի ստեղծմանն ու բնակչության նյութական ու կուլտուրական վիճակի բարելավմանը: Կապիտալիստական կողմնորոշման բազմաթիվ այլ երկրներում (Սենեգալ, Չադ ևն) համախառն ազգային արդյունքի աճը 60-ական թթ. չի գերազանցել 2—3 ից: Իմպերիալիզմը գաղութացման նոր ձևերով ու մեթոդներով է (տես Նեոգաղութատիրություն) ճգնում պահպանել ժողովուրդների հարստահարման համակարգը (գաղութային պատերազմներ, ռազմական բլոկներ, դավադրություններ, տեռոր, քայքայիչ գործունեություն, տնտ. ճնշում ևն): Նրանք «օգնության» դրոշի ներքո ձգտում են այդ երկրներում պահել հին դիրքերը, արգելակել տնտ. առաջնթացը, ապակողմնորոշել ազգային-ազատագրական հեղափոխությունները: Իրենց առաջընթացի ճանապարհին Զ. ե. օգտվում են ՍՍՀՄ-ի և սոցիալիզմի համակարգի մյուս երկրների անշահախնդիր աջակցությունից: 1973-ին ՏՓԽ-ի երկրները տնտ. և տեխ. օգնություն են ցույց տվել 63 Զ. ե-ի, 1955—72-ին ՏՓԽ-ի և Զ. ե-ի միջե ապրանքաշրջանառությունը աճել է 6 անգամ: 1953—73-ին այդ երկրներում ՍՍՀՄ-ի աջակցությամբ կառուցվել են մոտ 2000 արդ. ձեռնարկություն և ինքնուրույնության հիմք հանդիսացող այլ օբյեկտներ: Սոցիալիստական համագործակցության երկրները Հնդկաստանում, Շրի Լանկայում, Կամպուչայում, Պակիստանում և Նեպալում կառուցել են ավելի քան 30 էլեկտրակայան և բազմաթիվ գործարաններ, օգնել նաև արդ. սարքավորմամբ, ինժեներատեխնիկական կադրերով, շահավետ, արտոնյալ պայմաններով տրվող փոխառությամբ, տեղական բարձրորակ կադրերի պատրաստմամբ ևն: