ՀՍՀ/ԶԱՐԳԱՑՈՒՄ
ԶԱՐԳԱՑՈՒՄ, շարժման բարձրագույն տեսակը, բնորոշվում է ստորինից (պարզից) բարձրը (բարդը), հին որակից նոր որակը օրինաչափ անցումով: Զ. կեցության ու ճանաչողության համընդհանուր ու հիմնարար հատկություններից է: Այն օբյեկտների կառուցվածքի ու կազմության այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր վիճակ: Զ. դրսևորվում է էվոլյուցիայի և հեղափոխության ձևով: Ամբողջությամբ վերցրած Զ. ունի առաջադիմական ուղղվածություն, այն վերընթաց պարուրաձև շարժում է, որն առանձին դեպքերում բովանդակում է նաև նահանջ, հետադիմություն: Զ-ման վերաբերյալ առկա են սկզբունքորեն ծայրահեղ ըմբռնումներ` մետաֆիզիկական և դիալեկտիկական (տես Մետաֆիզիկա, Դիալեկտիկա): Անօրգանական ու կենդանական աշխարհի, հասարակության ու իմացության Զ-ման օրինաչափությունները բացահայտվում են դիալեկտիկական մատերիալիզմի համակարգում: Տես նաև Առաջադիմություն:
