Jump to content

ՀՍՀ/ԶԱՐԴԱՐՅԱՆ ԱՐԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԶԱՐԴԱՐՅԱՆ Արամ Ստեփանի, 13.3. 1876, Սեբսատիա (Ավագ) — 2.3.1967, ամերիկյան բանվորական շարժման գործիչ: ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության անդամ 1919-ից: Մինչև 1904-ը հարել է հնչակյան կուսակցությանը: 1894-ին բանտարկվել է, բանտից ազատվելուց հետո մեկնել է (1896) Կ. Պոլիս, այնտեղից Ֆրանսիա, ապա` ԱՄՆ: 1903-ին ավարտել է կոլեջական դասընթացներ և կարճ ժամանակ սովորել Հարվարդի համալսարանում: Այդ տարիներին շփվել է ԱՄՆ-ի կոմունիստական շարժման գործիչներ Չ. Ռուտենբերգի, Ջ. Ռիդի հետ, մասնակցել ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցության ձախ թևի (1919-ից ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցություն) աշխատանքներին: 1904-ից Հ. Ադամյանի հետ Բոստոնում, Նյու Յորքում, Լինում ստեղծել է ս-դ. հայ բանվորական խմբակներ, որոնք 1906-ին միավորվել են Ամերիկյան սոցիալիստ հայ կազմակերպության մեջ: Զ. եղել է Ամերիկահայ ազգային խորհրդի (ԱԱԽ) ղեկավար գործիչներից: Մահացել է ԱՄՆ-ում, աճյունը փոխադրվել է Երևան, թաղվել քաղաքային պանթեոնում: