ՀՍՀ/ԶԱՐԴԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԶԱՐԴԱՐՅԱՆ Հովհաննես Մկրտիչի, ծն. 7(20).1.1918, Կարս, հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ ժող. նկարիչ (1963): ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթ-անդամ (1958): Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ-ի պրոֆեսոր (1969-ից): Սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1933—37, այժմ` գեղարվեստական ուսումնարան) և Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտ-յան համառուսական գեղարվեստի ակադեմիայում (1937—41): 1947—59ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ-ում: Զ. բազմաժանր նկարիչ է: «Վ. Ի. Լենին» («Հեղափոխության նախօրեին», 1952, Հայաստանի պետ. պատկերասրահ) պատմահեղափոխական նկարը առաջնորդին նվիրված նշանակալից գեղանկարչական երկերից է: Խստորոշ կոմպոզիցիայի ձգտումը բնորոշ է նաև Զ-ի դիմանկարներին («Սևանգէսի հերոսները» շարքը, 1946—47), Արագածի, Արարատյան դաշտի, Բյուրականի բնանկարների շարքերին (1950—60, բոլորն էլ Հայաստանի պետ. պատկերասրահում), նատյուրմորտներին («Գարնանային ծաղիկներ», 1957, Վոլգոգրադի պատկերասրահ): Կոմպոզիցիայի դինամիկ լարմամբ, կերպարների բանաստեղծականությամբ են տոգորված Զ-ի 1960-ական թթ. գործերը («Ձգտում», 1960, Հայաստանի պետ. պատկերասրահ, «Երեկոյան վերջալույս», 1960, մասնավոր հավաքածու, «Արագածի կակաչները», 1965, հեղինակի սեփականություն): I 960—75-ին ստեղծված բնանկարների բյուրականյան շարքը աչքի է ընկնում առնականությամբ և ներքին կորովով, դիմանկարները` բնորդի տիպական գծերի ընդհանրացումներով և ներաշխարհի հարստությամբ:
Գրկ. Дырлин И., О. М. Зардарян, М., 1960.
